Էրդողանի կուսակիցները լքում են Թուրքիայի իշխող կուսակցության շարքերը

Էրդողանի կուսակիցները լքում են Թուրքիայի իշխող կուսակցության շարքերը

PanARMENIAN.Net - Թուրքիայի Արդարության և զարգացման կուսակցության (ԱԶԿ) մոտ 300 անդամ լքել են կուսակցության շարքերը՝ համալրելով գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցությունը: Մինչև օրս տասնյակ պատգամավորներ են վայր դրել իրենց մանդատները՝ դառնալով անկախ, սակայն Էրդողանի կուսակցությունից 2002-ին իշխանության գալուց ի վեր նման զանգվածային արտահոսքն առաջինն է:

Today’s Zaman թերթը գրում է կուսակցության 288 անդամի մասին, բայց մարտին կայանալիք ընտրություններին դրանց քանակը կավելանա: Թուրքիան գնալով հիասթափվում է վարչապետից, դրա համար ունենալով բոլոր հիմքերը: Խոսք չկա, Էրդողանը խարիզմատիկ գործիչ է, նա կարող է ժողովրդին տանել իր հետևից, բայց պարզվեց, որ դա քիչ է, հատկապես տնտեսության ու թուրքական լիրայի անկման ֆոնին, որն օրեցօր արժեզրկվում է: Եվ որքան էլ վարչապետն ու նրա կողմից վերահսկվող ԶԼՄ-ներն ասեն, որ թուրքական տնտեսությունը «անասելի վերելք է» ապրում, իրականում հակառակն է տեղի ունենում:

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, ավելի շուտ՝ ԱԳ նախարարը, մի պարտությունը մյուսի հետևից է կրում, հատկապես սիրիական հարցում: Որքան էլ կառավարությունը ժխտի զենքի ու գրոհայինների անցումը Սիրիա թուրք-սիրիական սահմանով, ոչ ոք դրան արդեն չի հավատում: Էրդողանը հավատարիմ է իրեն. նա «արաբական գարնան» բոլոր երկրների ղեկավարներին կոչ էր անում և կոչ է անում հրաժարական տալ: Բայց հեռու չէ այն օրը, երբ նա ինքը ստիպված կլինի դիմել այդ քայլին, և կօգնի նրան ԱՄՆ-ն ի դեմս Ֆեթուլլահ Գյուլենի, որն այժմ մեծ աջակցություն է վայելում Թուրքիայի բնակչության շրջանում:

Հետաքրքիր է, որ Թուրքիայի պաշտոնական մամուլը չի նկատում այդ ամենն ու շարունակում է խոսել տնտեսական հաջողությունների, Էրդողանի հանդեպ աշխարհի հզորների հարգանքի մասին: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Անգելա Մերկելի հանդիմանությունից հետո, ԵՄ գծով նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիային վերաբերող հայտարարություն անելուց առաջ տեղեկություններ ստանալու համար պետք է օգտվել երկխոսության համար առկա կանալներից: Այսինքն, ժողովրդավարության, ԵՄ-ին անդամակցելու, որը հարցականի տակ է, և, իհարկե, Հայոց ցեղասպանության հետ կապված բոլոր հարցերը պետք է Անկարայում ճշտել:

Փետրվարի 5-ին Անգելա Մերկելը հայտարարեց, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը մի գործընթաց է, որի վերջնական արդյունքը դեռ պարզ չէ: Փետրվարի 8-ին Մերկելը հորդորեց Թուրքիայի վարչապետ Էրդողանին հրաժարվել Հայոց ցեղասպանության ժխտումից ու առերեսվել սեփական պատմությանը:

Մինչդեռ Ստամբուլում ոստիկանությունը շաբաթ օրը ջրանետ մեքենաների ու արցունքաբեր գազի օգնությամբ ցրեց Թաքսիմ հրապարակի ցուցարարներին, որոնք բողոքում էին ինտերնետի վերահսկման օրինագծի դեմ: Թուրքական խորհրդարանն օրերս քվեարկեց նոր կարգի օգտին, համաձայն որիիշխանությունները կարող են արգելափակել ինտերնետ կայքերն առանց դատարանի որոշման, ինչպես նաև պարտավորեցնել պրովայդերներին օգտատերերի համար տեղեկատվություն տրամադրել: Այժմ օրինագիծը պետք է ստորագրի Թուրքիայի նախագահը:

Սակայն Էրդողանի ու Գյուլի միջև «սև կատու» է անցել և պետության ղեկավարն ամեն անգամ իր հրապարակային ելույթներում անուղղակի կերպով ակնարկում է, որ վարչապետը «չափն անցնում է»:

Եթե մարտին կայանալիք ընտրություններն ազնիվ անցնեն, ապա Ժողովրդական Հանրապետական կուսակցությունը կամրապնդի իր դիրքերը և կկարողանա շրջանցել ԱԶԿ-ին: Մյուս կողմից ավարտվում է կուսակցությունում Էրդողանի նախագահության ժամկետը և ով իմանա, ինչ կլինի մինչև ամառ: Առայժմ մի բան է պարզ՝ Էրդողանին տապալելու համարԳյուլենը կարող է դաշինքի մեջ մտնել Ժողովրդական Հանրապետական կուսակցության և նույնիսկ նախագահ Գյուլի հետ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---