Իսլամը խրախուսում է ջիհադը ոչ միայն զենքով՝ նաև խոսքով ու գործով

Իսլամը խրախուսում է ջիհադը ոչ միայն զենքով՝ նաև խոսքով ու գործով

PanARMENIAN.Net - Իսլամիստ արմատականները, որոնցից բոլոր չափավոր մահմեդականները շտապում են զատվել, իրենց պարտքն են համարում քանդել այն ամենը, ինչը չի տեղավորվում պատկերացումների այն շրջանակում, որը յուրացվել է Պակիստանի կամ Մերձավոր Արևելքի մեդրեսեներից մեկում և հղկվել ճամբարներում: Ոչինչ չիմանալով անգիր սովորած Ղուրանից բացի՝ թալիբները, վահաբիթներն ու նրանց նմաններն անձնվիրաբար Մարգարեի ուսմունքն են տարածում՝ ոչնչացնելով մարդկության անգին ժառանգությունը: Թեև նրանց հազիվ թե հուզում են հազարամյա արձաններն ու անգին մագաղաթները՝ չէ որ դրանց մասին ոչինչ չի ասվում Ղուրանում: Այսպիսի մի խալիֆ է եղել՝ Ումար իբն Հաթաբ (Օմար), Մուհամեդի փեսան, որին վերագրում են հետևյալ խոսքերն Ալեքսանդրիայի գրադարանի մասին. «Եթե այս գրքերում ասվում է այն, ինչ կա Ղուրանում, ապա դրանք անիմաստ են: Իսկ եթե այլ բան է ասվում, ուրեմն դրանք վնասակար են: Ուստի և առաջին, և երկրորդ դեպքում դրանք հրկիզել է պետք»: Ճիշտ է դա, թե սուտ, հայտնի չէ, սակայն այն, որ իսլամը ոչ միայն զենքով է խրախուսում ջիհադը, այլև խոսքով ու գործով, անկասկած է:

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Ալեքսանդրիայում նոր գրադարան բացվեց, որտեղ պահվում են հազարամյա ձեռագրերը, իսկ Քաբուլում վերականգնեցին Բուդդայի հնագույն արձանները, որոնք թալիբները ոչնչացրել էին, այդ թվում նաև հսկայական արձանները Բամիանում: Հնագետներն ու վերականգնող մասնագետները կտոր առ կտոր հավաքել են բուդդայական սրբությունների մասերը, դրանց մի մասը ներկայացված է Քաբուլի Ազգային թանգարանում:

Թանգարանի առավել արժեքավոր նմուշների թվում էր նաև ոսկուց, արծաթից, փղոսկրից պատրաստված 20 հազար իրերից ու արվեստի նմուշներից բաղկացած Բաքտրիական գանձը, որը հայտնաբերվել է 1970-ականներին Աֆղանստանի հյուսիսում: Թանգարանի ամենաաղաղակող միջադեպերից մեկը 2001-ի մարտին էր, երբ թալիբները, համաշխարհային հանրության բողոքներին հակառակ, ոչնչացրին Բուդդայի արձանների հարուստ հավաքածուն և այն ամենը, ինչ հակասում էր թալիբների արգելքին՝ չպատկերել այն, «ինչ կարող է շարժվել»: Բուդդայի 40 արձանը, որոնցից մի քանիսը 1,5 հազար տարվա վաղեմության էին, կտոր-կտոր արվեցին: 100-հազարանոց հավաքածուից այն ժամանակ չկոտրվեց միայն 30 հազարը: Այդ նույն ընթացքում թալիբները ոչնչացրին Բամիանում գտնվող Բուդդայի հսկայական արձանները՝ 55 և 37 մ բարձրությամբ, որոնք բուդդայական վանական համալիրի մասն էին: Դրանք ուղղակի պայթեցվեցին:

Եվ բոլորովին վերջերս, 2013-ին Մալիի իսլամիստները հրկիզեցին Տիմբուկտուի գրադարանը, որտեղ պահվում էին հազարավոր հին ձեռագրեր: ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների խումբը, որն այցելեց Մալի, հայտարարեց, որ Տիմբուկտուի եզակի պատմական ու մշակութային ժառանգությանը հասցված վնասը բազմիցս գերազանցում է սկզբնական գնահատականները: Այնտեղի պատմամշակութային հուշարձանները սարսափելի վիճակում են, իսկ հայտնի դամբարանների մեծ մասը թալանված է ու ավիրված: Կորցված է համարվում նաև միջնադարյա ձեռագրերի մեծ մասը: ՅՈւՆԵՍԿՕ-ն իր փորձագետներին է գործուղել Տիմբուկտու որպես պատմական ժառանգության վերականգնման ու պահպանման առաջին քայլ: 2013-ի հունվարին քանդվեց 14 դամբարան: Քաղաքում պահվող մոտ 4 հազար ձեռագիր անվերադարձ կորած է համարվում:

Տիմբուկտուի ձեռագիր գրքերն ընդգրկված են համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, քաղաքը համարվում է աֆրիկյան պատմության խորհրդանիշը: Դա այն վայրն է, որտեղ XII դարում բազմաթիվ կարևոր իրադարձություններ են եղել: Վայր, որտեղ հավաքվել են գիտելիքները, որը վկայում է աֆրիկյան մշակույթի մեծության մասին: Ավելորդ է հիշեցնել Մերձավոր Արևելքում հարյուրավոր պղծված ու քանդված քրիստոնեական եկեղեցիների մասին, դա առանձին խոսակցություն է: Բայց այն, որ իսլամը երեք համաշխարհային կրոններից ամենաանհանդուրժողն է, միանշանակ է:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---