Բաքուն փորձում է հասկանալ զանգվածային ինքնասպանությունների պատճառը. Աղքատություն, հուսալքություն, սեռական շահագործում

Բաքուն փորձում է հասկանալ զանգվածային ինքնասպանությունների պատճառը. Աղքատություն, հուսալքություն, սեռական շահագործում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ինքնասպանությունների 80 տոկոսի պատճառները սոցիալական խնդիրներն են: Ինքնասպանությունը խնդրի լուծում չէ, դրանք լուծում են պայքարելով սեփական իրավունքների համար, գտնում են Բաքվում կայացած լսումների մասնակիցները, որոնք նվիրված էին ինքնասպանությունների խնդրին: Լսումները տեղի ունեցան փետրվարի 12-ին, կազմակերպիչն էր Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը: Լսումներին մասնակցել են քաղաքական գործիչներ, փորձագետներ, իրավաբաններ, հանրության ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ինչպես հայտնում է Contact.az-ը, տարեսկզբից Ադրբեջանում 36 ինքնասպանություն է արձանագրվել:

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2008 թ. կատարվել է 138 ինքնասպանություն, 2009-ին՝ 165, 2010-ին՝ 289, 2011-ին՝ 414, 2012-ին՝ 482: 2013 թվականին Ադրբեջանում ինքնասպանության 920 փորձ է արձանագրվել, բայց մահացածների մասին հստակ տեղեկատվություն չկա:

Ինքնասպանություններից զերծ չի մնացել նաև ադրբեջանական բանակը: 2011 թվականին բանակում 12 ինքնասպանություն է եղել, 2012-ին՝ 19, 2013-ին՝ 16, իսկ 2014 թ. հունվարին՝ 4:

«Դա բավարար է, որպեսզի հանրությունը ահազանգի: Կառավարությունը պետք է զարթնի ր ինչ-որ բան անի, հակառակ դեպքում մարդու ինչ իրավունքների մասին է խոսքը»,-ասել է Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին:

Ադրբեջանցի հոգեբան Ազադա Իսազադեն նշել է, որ ինքնասպանության 10 փորձից 1-2 ավարտվում է մարդու մահով: «Եթե 36 մարդ է մահացել, ուրեմն եղել է 350-400 մահափորձ: Ինքնասպանությունների պատճառները երկուսն են՝ «չեմ կարող ապրել», «չեմ կարող այլևս համբերել»: Ադրբեջանում ռիսկային խմբում են հայտնվել նույնիսկ երեխաները: Օրերս ինքնասպանություն էր կատարել երրորդ դասարանի աշակերտը, քանի որ այլևս չէր ուզում խնամել տատիկին»,-ասել է Իսազադեն:

Ըստ նրա, ինքնասպանների միայն 10-15 տոկոսն է հոգեպես անառողջ: Ինքնասպանությունները կատարում են մարդիկ, որոնք սոցիալական խնդիրներ ունեն, առաջին հերթին կանայք: Իրենց բողոքների պատասխանը չստանալով՝ մարդիկ սկսել են ինքնահրկիզվել, քանի որ հանրությունն անտարբեր է նրանց խնդիրների հանդեպ, ասել է Իսազադեն:

Ադրբեջնի Ազգային ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին գտնում է, որ մարդկանց ինքնասպանության են դրդում աղքատությունը, սոցիալական խնդիրները, հուսալքությունը: «Այս ամենի համար պետք է կառավարությունը պատասխան տա, բայց կա նաև ընդդիմության մեղքը: Ընդդիմությունը չի կարողանում միավորվելով հույս ներշնչել հասարակությանը»,-ասել է Քերիմլին: «Իրավիճակից դուրս գալու ելքն է՝ շարունակել ապրել ու միանալ պայքարին»,-ասել է նա:

Քննարկումների ժամանակ մատնանշվեցին իշխանությունների կողմից ինքնասպանության փաստերի քողարկման դեպքեր, ամենից հաճախ բանակում ու բանտերում: 90 տոկոսի դեպքում քրեական հետապնդում էր իրականացվում: «Ընտանիքում ու բանակում հաճախակի են ինքնասպանությունները սեռական շահագործման հողի վրա: Բայց դա թաքցվում է: Ամեն դեպքում պետք է քրեական գործեր հարուցվեն»,-ասել է «Իսլամ, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ» ՈԿԿ ղեկավար, իրավապաշտպան Այտեկին Իմրանովան:

Ըստ փորձագետների, ամեն տարի 80-90 երեխա է ինքնասպան լինում:

Ինքնասպանությունների պատճառներից մեկն է նաև բողոքը ժողովրդավարական ազատությունների խախտումների դեմ, անարդարությունները դատարանում: «Քանի որ ժողովրդավարական ճանապարհով բողոքել թույլ չեն տալիս, մարդիկ դիմում են հուսալքված ու ցուցադրական քայլերի»,-ասել է իրավաբան Նամիզադ Սաֆարովը:

«Ղարաբաղյան պատերազմի վետերան Զաուր Գասանովի ինքնահրկիզման ժամանակ կառավարության քայլերը նպաստեցին նման դեպքերի աճին: Մարդիկ մտածեցին, որ այդպիսով կարող են լուծել իրենց սոցիալական խնդիրները: Մեդիան չպտեք է ներկայացնի ինքնասպանությունը ռոմանտիկ շղարշի տակ կամ այլ ելքի բացակայություն»,-ասել է ադրբեջանցի փորձագետ Ուլվիա Ասադզադեն:

Ընդհանուր առմամբ Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրությունը: Սակայն ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, 2014 թվականի հունվարին Ադրբեջանում առնվազն 32 մարդ է ինքնասպան եղել, գրանցվել է երեխաների ինքնասպանության 4 դեպք, և 4 դեպք բանակում: Միայն մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի երեք հաշմանդամ ինքնահրկիզվեց իրենց իրավունքների խախտման պատճառով:

2013 թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2014 թ. հունվարի վերջը Ադրբեջանում միայն 5 ինքնահրկիզում է գրանցվել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---