Կիևի Մայդանում զոհերի թիվը հասել է 25-ի (թարմացված)

Կիևի Մայդանում զոհերի թիվը հասել է 25-ի (թարմացված)

PanARMENIAN.Net - Ժամանակավոր հրադադարը Կիևի փողոցներում ավարտված է: Դրանք կրկին վերածվել են մարտական գործողությունների գոտու: Ըստ Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալների, զոհվել է 25 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավոր են: Փողոցներով զրահամեքենաներ են շրջում, մարդկանց ցրում են ջրաշիթերով, այդ մեքենաներին հաջորդում է «միլիցիոներների բանակը»: Ցուցարարները պատասխանում են «Մոլոտովի կոկտեյլներով», քարերով, այրվող անվադողերով: Ամբողջ աշհարհը սարսափած հետևում է իրադարձություններին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ուկրաինայի հատուկջոկատայինները երեքշաբթի երեկոյան սկսել են Մայդանի վրանային ճամբարի գրոհը: Կիևում փողոցային դիմակայության երկուս ու կես ամսվա ընթացքում սա ուժայինների ամենախոշոր գործողությունն է:

Հաղորդագրություններ են ստացվում, որ միլիցիային հաջողվել է մասնակիորեն հետ մղել ցուցարարներին և վերցնել բարիկադներից մեկը: Սակայն, դատելով կադրերից ու տեղեկություններից, ուժայինները չեն սկսում Մայդանի ակտիվ գրոհը, դեռևս սահմանափակվելով պարագծով մեկ անցկացվող գործողություններով, հայտնում է euronews-ը:

Զոհվածների թվում վեցը միլիցիոներներ են: Տուժածների թիվը հասնում է հարյուրավորների:

Հերթական անգամ իրավիճակը սրվեց «սև երեքշաբթի» օրը՝ փետրվարի 18-ին, ժամը 08:30-ին: Մի խումբ մարդիկ Մայդանից շարժվեցին դեպի Գերագույն ռադա: Բողոքի ցույցի մասնակիցներն առաջին անգամ որոշել էին փորձել կետային գրոհների նոր մարտավարությունը: Նրանք բաժանվել էին հարյուրակների ու գրոհել Ռադան տարբեր կողմերից: Իրավապահների ուղղությամբ քարեր էին նետվում, ի պատասխան կիրառվել էին արցունքաբեր գազ ու մահակներ:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դիմել է ժողովրդին հայտարարությամբ, որտեղ կոչ է արել ընդդիմությանը զատվել «ծայրահեղականներից»: «Ես կրկին անգամ կոչ եմ անում ընդդիմության առաջնորդներին, որոնք պնդում են, որ ձգտում են խաղաղ կարգավորման, անհապաղ զատվել այն ծայրահեղական ուժերից, որոնք արյունահեղություն են հրահրում և բախումներ իրավապահների հետ: Իսկ եթե նրանք չեն ցանկանում դա անել, թող խոստովանեն, որ սատարում են ծայրահեղականներին: Այդ դեպքում նրանց հետ այլ խոսակցություն կլինի»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Յանուկովիչը նշել է, որ մնում է ուժային տարբերակների համոզված հակառակորդը, չնայած որոշ խորհրդատուների հորդորներին, որոնք կոչ են անում նրան ուժ կիրառել ցուցարարների դեմ: «Բայց ես միշտ սխալ եմ համարել ուժի կիրառումը: Կա ավելի լավ ու արդյունավետ միջոց՝ ընդհանուր լեզու գտնելը: Փոխզիջման գնալը»,-հայտարարել է նա: Յանուկովիչը նշել է, որ որոշ երկխոսություն իշխանությունների ու ընդդիմության միջև տեղի ունեցել է: Որպես օրինակ նա բերել է ցուցարարների հանդեպ հայտարարված երկու համաներումները: Սակայն ընդդիմությունը կոչ է արել եվրամայդանի ծայրահեղական հատվածին զինյալ պայքարի: Ուկրաինայի նախագահը նշել է, որ դա օրենքի խախտում է, որի համար հանցագործները պետք է դատարանի առջև կանգնեն:

«Ընդդիմադիրները ոչ միայն չսպասեցին խորհրդարանի նիստի բացմանը, որտեղ պետք է քվեարկության դրվեին այն օրենքները, որոնք կոչված են փոխելու Ուկրաինան: Հակառակը՝ նրանք շրջափակեցին Գերագույն ռադան, հնարավորություն չտալով ընդունել դրանք»,-ասել է Ուկրաինայի նախագահը: Ըստ նրա, ընդդիմադիր քաղաքական գործիչները փորձել են զավթել իշխանությունը, «հրկիզումներ ու սպանություններ» անելով:

Նախագահը վստահություն է հայտնել, որ դիմակայությունը դեռ կարելի է կարգավորել խաղաղ ճանապարհով և կոչ արել ընդդիմությանը «ուշքի գալ, նստել բանակցությունների սեղանի շուրջ ու փրկել Ուկրաինան»: Յանուկովիչը նաև ցավակցություն է հայտնել Կիևում բախումների հետևանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներն, հայտնում է fakty.ua-ն:

ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը վճռականորեն դատապարտել է բռնությունը Կիևում, մասնավորապես, պետական շենքերի գրավումը: Այդ մասին ասվում է Բրյուսելում տարածված նրա հայտարարության մեջ: «Լրջորեն մտահոգված եմ Կիևումբռնության աճով և զոհերի մասին հաղորդագրություններով: Բախումներում մոտ 100 մարդ է տուժել: Դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում, այդ թվում պետական ու կուսակցական շինությունների դեմ»,- ասվում է Էշթոնի հայտարարության մեջ:

Նա հորդորել է Ուկրաինայի իշխանություններին վերացնել ճգնաժամի բուն պատճառները: «Քաղաքական որոշումները պետք է կայացվեն խորհրդարանում, Ուկրաինան պետք է շտապ վերադառնա խորհրդարանական գործընթացին: Քաղաքական առաջնորդները պետք է ընդհանուր պատասխանատվություն ստանձնեն վստահությունը վերականգնելու համարև պայմաններ ստեղծեն ճգնաժամից դուրս գալու համար»,- ասել է Էշթոնը: Ըստ նրա, ելքը նոր բազմակարծության վրա հիմնված կառավարության կազմավորումն է, թափանցիկ նախագահական ընտրությունների նախապատրաստումը:

«Եվրամիությունը պատրաստ է աջակցել Կիևին այդ հարցում»,- նշել է Էշթոնը:

Իրավիճակը սրվեց 2014 թվականի հունվարի 16-ին, երբ Յանուկովիչի դաշնակիցները Գերագույն ռադայում ընդունեցին օրենքների նոր փաթեթը, որը դժվարացնում էր բողոքի ցույցերի մասնակիցների գործողությունները: Ընդդիմությունն այդ դրույթները համարեց բռնատիրության մասին օրենքներ և գտնում է, որ դրանք ընդունվել են կանոնակարգի խախտումներով և հակասում են սահմանադրությանը: Վարչապետ Նիկոլայ Ազարովը, որից ընդդիմությունն այս շաբաթ հրաժարական պահանջեց, հայտարարեց, որ հրաժարվում է խոսել վերջնագրերի լեզվով: Կիևում տեղի ունեցած բախումներում տուժել են հարյուրավոր ցուցարարներ ու տասնյակ միլիցիոներներ: Ասվում է նաև, որ զոհվել է 5մարդ: Հունվարի 28-ին հրաժարական տվեց վարչապետ Նիկոլայ Ազարովը:

Photo: Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---