Ռուս քաղաքագետ. Մայդանը հրահրեցին ուկրաինացի ազդեցիկ օլիգարխները

Ռուս քաղաքագետ. Մայդանը հրահրեցին ուկրաինացի ազդեցիկ օլիգարխները

PanARMENIAN.Net - «Ինչ-որ մեկը, եթե հիշողությունս չի դավաճանում, Բիսմարկն ասել է. Հեղափոխությունը ծրագրում են հանճարները, իրականացնում են ֆանատիկոսները, իսկ արդյունքներից օգտվում են տականքները: Ժամանակին այս գրառումը արվել էր հայ քաղաքական գործիչներից մեկի շիրիմին, ինչին խստիվ դեմ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս տրամաբանությունը կիրառելով ուկրաինական իրադարձությունների դեպքում, կարելի է ասել, որ հեղափոխությունը հրահրեցին ազդեցիկ ուկրաինացի օլիգարխները, որոնք ցանկանում էին սեփական շահերից ելնելով, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը կնքվեր»,-PanARMENIAN.Net ին է հայտնել ռուս քաղաքագետ Վլադիմիր Նովիկովը: Ըստ նրա, հենց օլիգարխներն են մի քանի տարի շարունակ իրենց ԶԼՄ-ների միջոցով հասարակական կարծիք ձևավորել եվրաինտեգրման օգտին, գնել են քաղաքական գործիչներին, որոնք այդ նույն թեման առաջ էին տանում խորհրդարանական ու այլ ամբիոններից:

«Երբ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվեց ԵՄ հետ համաձայնագիր կնքել, նրա դեմ դուրս եկավ ամբոխը, որը խաբված էր համարում իրեն, որին հրահրում էին որոշ քաղաքական գործիչներ ու արևմտյան ՈԿԿ-ներ՝ հրահրելով այդ Եվրամայդանը, որի ականատեսն ենք մենք արդեն մի քանի ամիս: Ակնհայտ է, որ ընդդիմության պաշտոնական առաջնորդները՝ Յացենյուկը, Կլիչկոն ու Տյագնիբոկը կորցրել են ամբոխի վերահսկողությունը: Իշխանությունն Եվրամայդանում անցել է այսպես կոչված «Աջ հատվածի» առաջնորդներին և նման խմբավորումներին: Այսինքն այն նույն «ստահակներին», որոնք օգտվում են հեղափոխության արդյունքներից: Եթե առավել քաղաքական կոռեկտության տեսակետից խոսենք, ապա յուրահատուկ ուկրաինական հայրենասիրության գաղափարի կրողները գործում են Բանդերայի և Շուխևիչի ոգով: Հիշեցնեմ, որ ուկրաինական հայրենասիրության այդ տարբերակը թույլ է տալիս բուն Ուկրաինայի բնակչության մեկ երրորդի ֆիզիկական ոչնչացում՝ դա այն հատվածն է, որ «վարակված է մոսկալների (ռուսական) ոգով»: Ինչ վերաբերում է մայդանի հնարավոր արտահանմանն այլ հետխորհրդային երկրներ, կարծում եմ, այդ մասին դեռ վաղ է խոսել:

Դեռևս մենք կանգնած ենք Ուկրաինայի խոշորամասշտաբ ապակայունացման շեմին, որը կարող է ավարտվել նրա փլուզմամբ ու մի քանի հարևան պետությունների մրցակցությամբ «ուկրաինական ժառանգության» համար: Այստեղ և Հունգարիան է, և Լեհաստանը, և Ռումինիան, և Թուրքիան (եթե խոսում ենք Ղրիմի մասին): Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը հսկայական խնդիրներ կունենա: Հատկապես կապված ռուսական էներգակիրների տարանցման հետ Եվրոպա: Այդպիսով Եվրամայդանը կարող է վաղը անդրադառնալ ռուսական տնտեսության վրա»,-ասել է Նովիկովը:

Ուկրաինայի ընդդիմության երեք առաջնորդների բանակցություններից հետո նախագահ Յանուկովիչի հետ Ուկրաինայում հրադադար է հայտարարվել, որով նախատեսվում է, որ կառավարական ուժերը հրաժարվում են Մայդանում բողոքողների ճամբարը լուծարելու փորձերից:

«Բատկիվշչինա» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտնեց, որ հաշտեցումը հայտարարվել է բանակցությունների մեկնարկին զուգահեռ, որի նպատակն է իրավիճակի կայունացումն երկրում: Յանուկովիչի մամուլի ծառայությունը նույնպես հաստատել է հրադադարի մասին պայմանավորվածությունը: «Ըստ հանդիպման արդյունքների կողմերը հայտարարում են հրադադարի մասին, արյունահեղությունը կասեցնելու, իրավիճակը կայունացնելու մասին, հանուն քաղաքացիական խաղաղության»,-ասվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Յանուկովիչը հանդիպում է անցկացրել ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի ու Օլեգ Տյագնիբոկի հետ: «Կա դրական նորություն՝ Մայդանի գրոհը, որը նախատեսվում էր, չեղյալ է համարվել: Այժմ հրադադար է հայտարարվել և բանակցություններ են ընթանում իրավիճակի կայունացման համար»,-ասել է Յացենյուկը:

Երեքշաբթի օրն ու դրան հաջորդած գիշերը բախումների հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնից ազատեց գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Զամանին: Ինչպես ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում, գլխավոր շտաբի նոր պետ ու ԶՈւ գլխավոր հրամանատար է նշանակվել ծովակալ Յուրի Իլյինը, որը մինչ այդ գլխավորում էր Ուկրաինայի ՌԾՈւ-ն:

Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարեց համապետական հակաահաբեկչական գործողության մասին, որի նպատակն էր ծայրահեղականության աճող սպառնալիքի վերացումը:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաստատեց զինվորականների հնարավոր մասնակցությունը «հակաահաբեկչական գործողությանը» երկրում, որը պատրաստում էին ուժային կառույցները: Հատուկ գործողության մասին հայտնել էր Ուկրաինայի հատուկ ծառայության ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոն:

Գերատեսչությունը նշել էր, որ հատուկ գործողության շրջանում զինծառայողները կկարողանան «զենք կիրառել ըստ Ուկրաինայի օրենսդրության ու հատուկ միջոցներ, ձերբակալել ու ներքին գործերի մարմիններին հանձնել այս կամ այն իրավախախտում կատարած անձանց»:

ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյը նշեց, որ Եվրամիության ԱԳ նախարարները փետրվարի 20-ին ֆինանսական պատժամիջոցների ու վիզային սահմանափակումների հարցը կքննարկեն՝ Ուկրաինայում լարվածության աճի հնարավոր պատասխանատուների հանդեպ: Մինչդեռ ԱՄՆ-ն արդեն իսկ մուտքի արտոնագրերի սահմանափակում է հայտարարել ուկրաինացի 20 պաշտոնյաների համար, որոնք, ըստ Վաշինգտոնի, պատասխանատու են երկրում բռնության համար, լրագրողներին է հայտարարել Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը: «Եթե իրավիճակը կարգավորվի, պատժամիջոցները կվերանայվեն: Եթե ամեն ինչ վատ ընթացք ունենա, կան այլ քայլեր, որոնք մենք կարող ենք կիրառել ԵՄ հետ համատեղ»,-ասել է նա: Ըստ Պետքարտուղարության ներկայացուցչի, խոսքը քաղաքացիական անձանց մասին է, ոչ թե զինծառայողների: Նրանց անունները չեն հրապարակվի:

Կիև են ժամանում Գերմանիայի, Ֆրանսիայի ու Լեհաստանի ԱԳ նախարարները: Նրանք մտադիր են հանդիպել Յանուկովիչի հետ, որից հետո կմասնակցեն Բրյուսելում կայանալիք արտակարգ խորհրդակցությանը:

Հակակառավարական ցույցերի մասնակիցները մի քանի ամիս է չեն հեռանում Մայդանից: Ուկրաինայի հատուկջոկատայինները երեքշաբթի երեկոյան սկսել են Մայդանի վրանային ճամբարի գրոհը: Կիևում փողոցային դիմակայության երկուս ու կես ամսվա ընթացքում սա ուժայինների ամենախոշոր գործողությունն է: Հաղորդագրություններ են ստացվում, որ միլիցիային հաջողվել է մասնակիորեն հետ մղել ցուցարարներին և վերցնել բարիկադներից մեկը: Սակայն, դատելով կադրերից ու տեղեկություններից, ուժայինները չեն սկսում Մայդանի ակտիվ գրոհը, դեռևս սահմանափակվելով պարագծով մեկ անցկացվող գործողություններով, հայտնում է euronews-ը:

Զոհվածների թվում վեցը միլիցիոներներ են: Տուժածների թիվը հասնում է հարյուրավորների: Հերթական անգամ իրավիճակը սրվեց «սև երեքշաբթի» օրը՝ փետրվարի 18-ին, ժամը 08:30-ին: Մի խումբ մարդիկ Մայդանից շարժվեցին դեպի Գերագույն ռադա: Բողոքի ցույցի մասնակիցներն առաջին անգամ որոշել էին փորձել կետային գրոհների նոր մարտավարությունը: Նրանք բաժանվել էին հարյուրակների ու գրոհել Ռադան տարբեր կողմերից: Իրավապահների ուղղությամբ քարեր էին նետվում, ի պատասխան կիրառվել էին արցունքաբեր գազ ու մահակներ:

Այժմ Մայդանը վերածվել է մի ամրոցի, որտտեղ փորձում են պաշտպանվել մնացած ցուցարարները: Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտնում է. զոհվել է 25 մարդ, բժշկական օգնության համար դիմել է 351 մարդ, որից 241-ը՝ հոսպիտալացվել է:

Բողոքի ակցիաներ են անցնում ոչ միայն Կիևում, այլ նաև Ուկրաինայի այլ շրջաններում: Լվովում, Տերնոպոլում, Իվանո-Ֆրանկովսկում ցուցարարները գրոհում են վարչական շենքերն ու միլիցիայի բաժանմունքները: Ըստ ԶԼՄ-ների, Խմելնիցկում շրջանային վարչական շենքի գրոհի ժամանակ գլխին արձակված կրակոցից մարդ է մահացել: Լուցկում ՆԳՆ շենքի գրավման ժամանակ ցուցարարները ծեծի են ենթարկել Վոլինսկի շրջանային վարչակազմի նախագահ Ալեքսանդր Բաշկալենկոյին: Նա, իբր, աշխատանքից ազատվելու մասին դիմում գրելու պահանջին մերժումով է պատասխանել, հայտնում է BBC-ին:

Photo: AFP
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---