Տիմոշենկոն ազատության մեջ է, իսկ նրա աջ ձեռքը Ռադայի նոր խոսնակն է (թարմացված)

Տիմոշենկոն ազատության մեջ է, իսկ նրա աջ ձեռքը Ռադայի նոր խոսնակն է (թարմացված)

PanARMENIAN.Net - «Մայդանի ինքնապաշտպանության» ջոկատների մասնակիցները փետրվարի լույս 22-ի գիշերը գրավել են Գերագույն ռադայի շենքն ու նախագահի նստավայրը: Ռադայի շենքում է գտնվում ինքնապաշտպանության ջոկատների յոթերորդ հարյուրակը, ինչպես նաև «Աջ հատվածի» ստորաբաժանումը: Բացի այդ, ակտիվիստները պահպանում են նախագահի նստավայրը, Նախարարների խորհրդի շենքն ու Ներքին գործերի շենքը:

Ակտիվիստները հրավիրում են միլիցիային միանալ Մայդանի պաշտպանությանը և անցնել ընդդիմության կողմը: Նրանց խորհուրդ են տալիս դեղնա-կապույտ ժապավեններ կրել, որոնք բաժանում են ընդդիմության ակտիվիստները: Ընդդիմադիրներն արդեն վերահսկում են ամբողջ կառավարական թաղամասը: Մայդանի պարետը նաև հայտարարել է, որ այսօրվանից ակտիվիստներն իրենց պաշտպանության տակ են վերցնում Կիևը և կարգուկանոն կապահովեն քաղաքում:

Փետրվարի 21-ի երեկոյան հավաքվելով Մայդանում, ցուցարարները պահանջել են նախագահի անհապաղ հրաժարականը: Ըստ Մայդանում հրապարակված վերջնագրի, Վիկտոր Յանուկովիչը պետք է հրաժարական տար մինչև փետրվարի 22-ի առավոտվա ժամը 10:00-ն: Հակառակ դեպքում ակտիվիստները սպառնացել են զինյալ հարձակում սկսել, գրում է Lenta.ru-ն:

Փետրվարի 21-ին Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք էր ընդունել 2004-ի նմուշի սահմանադրությանը վերադառնալու մասին: Դրա օգտին քվեարկել էր 386 պատգամավոր, ձեռնպահ՝ մեկը, դեմ էր քվեարկել10 խորհրդարանական: Օրինագծերը քվեարկության են դրվել առանց նախնական քննարկման:

Նախագահ Յանուկովիչն ու ընդդիմության ներկայացուցիչները երկրում ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիր են ստորագրել: Այնտեղ ասվում է. «Համաձայնության ստորագրումից 48 ժամվա ընթացքում կընդունվի, կստորագրվի ու կհրապարակվի հատուկ օրենք, որով կվերսկսվի Ուկրաինայի 2004-ի նմուշի Սահմանադրության գործողությունը նախապես արված փոփոխություններով: Սահմանադրական բարեփոխումը, որը հավասարակշռելու է նախագահի, կառավարության ու խորհրդարանի լիազորությունները, կսկսվի անհապաղ և կավարտվի 2014-ի սեպտեմբերին:

Նախագահական ընտրությունները կանցնեն նոր Սահմանադրության ընդունումից անմիջապես հետո, սակայն 2014-ի դեկտեմբերից ոչ ուշ: Բռնության վերջին դեպքերի հետաքննությունը կիրականացվի իշխանության, ընդդիմության ու Եվրոպայի խորհրդի համատեղ հսկողության ներքո: Իշխանությունն արտակարգ իրավիճակ չի հայտարարի: Իշխանություններն ու ընդդիմությունը ձեռնպահ կմնան ուժային միջոցներից: Գերագույն ռադան երրորդ օրենքը կընդունի պատասխանատվությունից ազատելու մասին, որը կտարածվի այն նույն իրավախախտումների վրա, ինչ և 2014-ի փետրվարի 17-ի օրենքը: Ապօրինի զենքը պետք է հանձնվի Ուկրաինայի ներքին գործերի մարմիններին 24 ժամվա ընթացքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Փետրվարի 22-ին Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Ավելի վաղ Ռադան ազատել էր պաշտոնից ՆԳՆ ղեկավար Վիտալի Զախարչենկոյին:

Ավելի ուշ Ռադան քվեարկեց ու համապատասխան ակտով վերականգնեց 2004-ի Սահմանադրության գործածումը, քանի որ նախագահ Յանուկովիչը չէր ստորագրել երեկվա ընդունհած օրենքը:

Ռադան նաև նոր խոսնակ է ընտրել՝ «Բատկիվշինա» խմբակցության անդամ Ալեքսանդր Տուրչինովն է, ով Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի աջ ձեռքն էր: Նրա օգտին քվեարկել է 288 պատգամավոր: Նրա թեկնածությունը միակն էր:

Դրանից քիչ անց հայտնի դարձավ, որ Յուլիա Տիմոշենկոյին ազատ են արձակել:Ուկրաինայի Գերագույն ռադան երեկոյան քվեարկել էր Տիմոշենկոյին ազատ արձակելու օգտին:450 պատգամավորից 310-ը կողմ էր:

2011-ի հոկտեմբերին Տիմոշենկոն 7 տարով դատապարտվել էր: Նրան մեղադրել էին «Իշխանության չարաշահման» հոդվածով. պատճառը Ռուսաստանի հետ գազային պայմանագրերն էին, որոնք կնքվել էին նրա վարչապետ լինելու ընթացքում:

Ըստ երկրի ՆԳՆ-ի, փետրվարի 22-ի տվյալներով արդեն զոհվել է 80 մարդ, փետրվարի 21-ին իրավապահներին մարտական զենք է բաժանվել:

Վերադարձը 2004-ի Սահմանադրությանը կնշանակի իշխանական լիազորությունների վերաբաշխում հօգուտ վարչապետի ու Գերագույն ռադայի: Այժմ նախագահն առաջարկում է Ռադայի հաստատմանը վարչապետի թեկնածությունը և առանց նրա հետ համաձայնեցման նշանակում է ու ազատ է արձակում բոլոր նախարարներին, ինչպես նաև մարզային ղեկավարներին: Գլխավոր դատախազի թեկնածությունը նախագահը համաձայնեցնում է Ռադայի հետ, սակայն պաշտոնից նրան կարող է ազատել առանց խորհրդարանի համաձայնության:

Ըստ 2004-ի սահմանադրության, վարչապետի թեկնածությունը նախագահին է ներկայացնում խորհրդարանական մեծամասնությունը, որը պետք է հաստատվի Ռադայի կողմից: Ռադան նաև հաստատում է նախարարների թեկնածությունները վարչապետի ներկայացմամբ: ՊՆ, ԱԳՆ և Անվտանգության ծառայության ղեկավարների թեկնածությունները նույնպես հաստատում է Ռադան, սակայն նախագահի ներկայացմամբ: Նահանգապետներին նշանակում է նախագահը, սակայն վարչապետի ներկայացմամբ:

Փետրվարի 21-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը մեկնել է Խարկով, գրել է «Շաբաթվա հայելի. Ուկրաինա» պարբերականը նախագահի աշխատակազմում աղբյուրի վրա հղումով: Ըստ պարբերականի, Յանուկովիչի հետ մեկնել են նաև խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակն ու նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը: Աղբյուրը նաև նշել է, որ Յանուկովիչը կասկածում է, որ նպատակահարմար է ստորագրել 2004-ի սահմանադրությանը վերադառնալու մասին Գերագույն ռադայի ընդունած օրենքը:

FlightRadar24 օգտատերերն իրենց հերթին ամբողջ գիշեր հետևել են A318-112 (CJ) Elit ինքնաթիռին, որի ազդանշանն է #AOJ92C: Նրանց տվյալներով, դա նախագահական ինքնաթիռի ազդանշանն է: Ինքնաթիռը մեկնել է Կիևից փետրվարի 22-ի գիշերը և վայրէջք կատարել ՄԱԷ Ֆուջեյրա օդանավակայանում: Հայտնի չէ, իրոք դա Յանուկովիչի ինքնաթիռն է, կամ եղել է նա արդյոք այդ ինքնաթիռում:

Բացի այդ, փետրվարի 22-ի առավոտյան ԶԼՄ-ները հայտնեցին, որ Յանուկովիչի ինքնաթիռը վայրէջք չի կատարել Խարկովի օդանավակայանում, որտեղ պետք է անցնի Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների բոլոր մակարդակների, Սևաստոպոլի ու Ղրիմի Ինքնավար Հանրապետության պատգամավորների համագումարը:

Ուկրաինայի Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոն տեղյակ չէ՝ որտեղ է Յանուկովիչը,գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն: Նա խոստացել է այդ տեղեկությունն իմանալուն պես հայտնել լրագրողներին:

Փետրվարի 18-ին Ուկրաինայում սկսվեց անկարգությունների նոր ալիք: Ուկրաինայի հատուկջոկատայինները երեքշաբթի երեկոյան սկսեցին Մայդանի վրանային ճամբարի գրոհը: Կիևում փողոցային դիմակայության երկուս ու կես ամսվա ընթացքում սա ուժայինների ամենախոշոր գործողությունն էր: Այժմ Մայդանը վերածվել է մի ամրոցի, որտեղ փորձում են պաշտպանվել մնացած ցուցարարները: Ցուցարարները քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» ու պայթուցիկներ են կիրառում «Բերկուտի» դեմ, վերջիններս՝ ջրանետ մեքենաներ ու արցունքաբեր գազ:

Բացի այդ ցուցարարները նաև հրազեն են կիրառում իրավապահների դեմ՝ որսորդական հրացաններ, Կալաշնիկովի ավտոմատներ ու դիպուկահարների հրացաններ: Գերագույն Ռադայի պատգամավոր Օլեգ Ցարյովը հայտարարեց, որ ցուցարարները Կիևի կենտրոնում արդեն զինված են նռնականետներով ու գնդացիրներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---