Սումգայիթի ջարդերն Ասկերանում են սկսվել

Սումգայիթի ջարդերն Ասկերանում են սկսվել

PanARMENIAN.Net - Սումգայիթի ջարդերին մի քանի օր էր մնում. ադրբեջանական հեռուստատեսությունն ու մամուլը արդեն սկսել էին սրել իրավիճակը՝ մեղադրելով հայերին բոլոր մահացու մեղքերի համար: Այն ժամանակ «ամենապարկեշտ» մեղադրանքն «էրմենի-դաշնակն» էր: Մնացածը գրեթե ոչ նորմատիվ լեքսիկային կարելի էր դասել: Ազգայնամոլական բովի մթնոլորտում ադրբեջանցիները, առնվազն նրանց չկրթված մասը, հավատաց, որ բոլոր խնդիրներն ու անհաջողությունները հայերից են գալիս և եթե նրանց կոտորեն, ամեն ինչ լավ կլինի:

Փետրվարի 22-ին, ԼՂԻՄ փետրվարի 20-ի Հայաստանին միանալու պատմական որոշումից անմիջապես հետո, Ասկերանից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին երկու ադրբեջանցիներ սպանվեցին: Լուրն այդ մասին, որը հնչեց ԽՍՀՄ գլխավոր դատախազ Կատուսևի շուրթերից, Սումգայիթում հայկական ջարդերի սկիզբն ազդարարեց: Պետք է նշել, որ այն ժամանակ Մոսկվայից հնչող հաղորդագրությունները միայն կրակին յուղ էին լցնում և ամենևին չէին նպաստում կողմերի խաղաղեցմանը: Մինչդեռ, և ջարդերը Սումգայիթում, և սպանությունը Ասկերանում հայերին ահաբեկելու նախապես լավ պլանավորված ակցիայի մի մասն էին:

Ասկերանը գտնվում է Ստեփանակերտից մոտավորապես 10 կմ հեռավորության վրա և նրա ազերի բնակիչները թշնամաբար էին տրամադրված հայերի հանդեպ: Փետրվարի 22-ին քաղաքում էին հավաքվում նաև Աղդամից եկած ադրբեջանցիները: Իսկ հայկական գյուղերից լուրեր ստացվեցին, որ իրենց են մոտենում զինված ադրբեջանցիների ամբոխները: Ասկերան սկսեցին գալ կոտրված ապակիներով հայկական մեքենաներ, տեսանելի էր նավթի պահեստից բարձրացող ծուխը, կոլխոզի ալրաղացից ելնող բոցը:

Իսկ հետո հայտնվեց ամբողջությամբ սևազգեստ ամբոխը: Մի քանի ասկերանցիներ, որոնք մոտեցան ամբոխին, դաժան ծեծի ենթարկվեցին: Երկուսը ամիսներ անց մահացան հիվանդանոցում, մյուսները՝ մի քանի տարի անց: Քաղաքում մի փոքր կամուրջ կար, որն էլ բաժանարար գիծ դարձավ: Մի կողմից այդ սևազգեստ ամբոխն էր, միջին մասում միլիցիոներները, իսկ մյուս կողմում՝ ասկերանցի հայերը:

Ամբոխին ուղեկցող մի քանի մեքենաների մեջ բարձած էին ամրաններ, քարեր, մահակներ…Դիմակայության ժամանակ կրակոցներ հնչեցին, հարձակվողներից երկուսը մահացան: Հավաստիորեն հայտնի է, որ նրանցից մեկն ընկավ ադրբեջանցի միլիցիոների կրակոցից: Ահա ինչ է գրում հրապարակախոս Ալեքսանդր Վասիլևսկին «Ամպը սարերում» իր հոդվածում, որը հրատարակվել է «Ավրորա» ամսագրի 1988 թ. 10-րդ համարում: «Առնվազն կասկած չկա, որ նրանցից մեկի՝ 22-ամյա Ալի Հաջիևի սպանության հետ հայերը կապ չունեն: Ահա ինչ է պատմել ինձ Ալիի մահվան հանգամանքների մասին նրա հարազատ եղբայրը՝ 29-ամյա շինարար ինժեներ Արիֆ Հաջիևը. «Ալիի վրա կրակել է ադրբեջանցի միլիցիոները: Եղբայրս վայրկյանական մահացավ, կրակոցն ուղիղ սրտին էր: Նրա և սպայի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել: Հետո Ալին հենվել էր իր ընկերոջ՝ Ուլվի Վահրամովի վրա ու ասել էր. «Բռնիր ինձ, ինձ վրա կրակել են»: Եվ ընկել էր: Ուլվին տեսել էր միլիցիոներին, որը կրակել էր: Նա նրան չէր ճանաչում, փոխարենը լավ էր ճանաչում մեկ այլ սպայի՝ աղդամցի, որը միանգամից կրակողին մեքենա նստեցրեց ու տարավ»:

Երկու ադրբեջանցիների մահվան հանգամանքները, չնայած հետաքննությանը, այդպես էլ չպարզվեցին, իսկ ասկերանցիներից որևէ մեկի մեղսակցությունը նրա մահվանն այդպես էր չապացուցվեց: Ինչը չխանգարեց, որ անմիջապես լուրեր տարածվեն, թե «հայերն Ասկերանում երկու ադրբեջանցիների են սպանել»:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---