Ավարայրում հայերը կատարեցին գլխավոր խնդիրը՝ պաշտպանեցին քրիստոնյա լինելու իրավունքը

Ավարայրում հայերը կատարեցին գլխավոր խնդիրը՝ պաշտպանեցին քրիստոնյա լինելու իրավունքը

PanARMENIAN.Net - 451 թվականի մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտն էր: Ըստ պատմիչի, «յուրաքանչյուր մարդ իր հոգում եկեղեցի էր ու ինքն էլ հոգևորական»: Հանուն հայրենիքի, Հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի հերոսի մահով ընկան իշխան Վարդան Մամիկոնյանն ու 1036նրազինակիցը՝ Հայ Առաքելական եկեղեցու սրբերը: Իրենց մահով նրանք ապացուցեցին հայ ժողովրդի ապրելու կամքն ու իրավունքը: Ավարայրի ճակատամարտն այն իրողության վկայությունն է, որ ոչ մի բան չի կարող հայերին վանել քրիստոնյա հայրենիքի գաղափարից: Ճակատամարտը Տղմուտ գետի ափին էր, Վասպուրանի Արտազ գավառում, որն այժմ Իրանի տարածքում է: Դեռ երկար ափին կանգուն մնաց Վարդանի կաղնին, հսկայական մի ծառ, որի տակ հանգստանում էր Տարոնի իշխանը: Հայերը, հսկայական կորուստներ հասցնելով թշնամուն, կարողացան պաշտպանել քրիստոնյա լինելու իրավունքը:

Քրիստոնեության ընդունման իսկ օրվանից եկեղեցին հայրենիքի պաշտպանության գործի մասնակից էր և Ավարայրի ճակատամարտը դրա վառ վկայությունն է: Հայոց եկեղեցին կաթողիկոս Հովսեփի ու Ղևոնդ Երեցի գլխավորությամբ հայ զինվորների հետ հավասար մասնակցեց զրադաշտ պարսիկների դեմ ճակատամարտին: Մարտից առաջ նրանք ոչ միայն ոգեշնչում էին ռազմիկներին, այլև մկրտում ու ամրապնդում նրանց հավատն ու ոգին:

«Չերկնչենք և չվախենանք հեթանոսների բազմությունից, իսկ եթե հասել է ժամանակը՝ մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք»:

Սպարապետ Վարդան Մամիկոնյանի զորքը հասնում էր 100 հազարի, որից 66 հազարը զինվոր էին, իսկ մյուսներն աշխարհազոր՝ քաղաքացիներ, գյուղացիներ, ռամիկներ: Պարսկական զորքը Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ անցավ Հեր ու Զարևանդ գավառներն ու շարժվում էր դեպի երկրի խորքը: Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով: Պարսիկների կանոնավոր բանակը մոտ 214 հազար էր, կային նաև վարձկաններ բարբարոս ցեղերից: Նրանց էին միացել Վասակ Սյունու ու դավաճան այլ նախարարները և նրանց գնդերը: Կատաղի ու օրհասական մարտ ծավալվեց: Հայ նախարարները և զինվորները կռվում և զոհվում էին՝ ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին: Բայց նրանց շարքերը հետզհետե նոսրանում էին: Անհավասար կռվում հերոսաբար ընկան Վարդան Մամիկոնյանը, բազմաթիվ նշանավոր նախարարներ:

Հայերի զոհերի թիվը հասնում էր 1036 հոգու, մարտի դաշտում ընկել էին ինը նախարարներ: Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ: Բացի այդ՝ թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին: Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ: Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց: Հայերն ամրացան անառիկ վայրերում և սկսեցին հարձակումներով արյունաքամ անել թշնամուն:

Ի վերջո, ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքը ստիպված եղավ թեթևացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից:

Ավարայրում հայերը կատարեցին գլխավոր խնդիրը. պաշտպանեցին քրիստոնյա լինելու իրավունքը: Այս ճակատամարտը դարձավ հայ ժողովրդի բարոյական հաղթանակը: «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»,- գրեց Եղիշեն: 2002թ. մայիսի 20-ի որոշմամբ սահմանվեց «Վարդան Մամիկոնյան» շքանշանը, որը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաեւ բանակաշինության եւ զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար:

Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին և նրանց դասել «հայրենիքի նահատակների» շարքը: Մինչև օրս էլ «Վարդանանց տոնը» հանդիսավորապես նշվում է համայն հայության կողմից:

Ավարայրի ճակատամարտը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում, իսկ Գրիգոր Խանջյանն այդ թեմային է անդրադարձել իր «Վարդանանք» գոբելենում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---