Ամերիա. Ապագան մալուխային հեռուստատեսությանն ու ինտերնետինն են, բայց լարային հեռախոսը դիրքերը չի զիջում

Ամերիա. Ապագան մալուխային հեռուստատեսությանն ու ինտերնետինն են, բայց լարային հեռախոսը դիրքերը չի զիջում

PanARMENIAN.Net - 2008-ին սկիզբ առած ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի վրա բավական սահմանափակ է եղել, այսինքն` այն հետընթաց չի գրանցել, շարունակել է զարգանալ ու աճել անցած 5 տարում, պարզել է «Ամերիա» խորհրդատվական ընկերության` հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ հետազոտությունը:

«Հեռահաղորդակցության ոլորտի բոլոր մասնակիցները պետք է լոյալության ճկուն մոտեցում ցուցաբերեն, որպեսզի կարողանան դիմակայել աճող մրցակցությանը»,- եզրակացրել են ընկերության փորձագետները:

Ամերիան, մասնավորապես, ուսումասիրել է մալուխային հեռուստատեսային, բջջային հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության, լարային հեռախոսակապի ծառայությունների շուկաները, ինչպես նաև Երևանում հեռահաղորդակցության ոլորտի փոխլրացնող սարքավորումների (բջջային հեռախոսներ, դյուրակիր համակարգիչներ, պլանշետներ, հեռուստացույցներ և այլն) օգտագործումը: Հարցումներն անցկացվել են 1000 տնային տնտեսությունում:

Ըստ ուսումնասիրության` 2013-ին ոլորտում հասույթն ընթացիկ գներով 7 տոկոսով ավելի էր, քան 2008-ին, ընդ որում՝ առաջատարը ոլորտում դեռ բբջային հեռախոսակապն է. այսպես` 2013-ին ոլորտի ամբողջ հասույթի գերակշռող մասը` 64 տոկոսը, ապահովել է բջջային հեռախոսակապը, 17 տոկոսը`ինտերնետ հասանելիությունը, 13-ը`լարային հեռախոսակապը:

Ուսումնասիրության արդյունքներով` Հայաստանում բջջային հեռախոսակապի ծառայությունների շուկայի զարգացման 4 փուլը է եղել` 2004 - 2005 թվականներին` կայացման փուլ, երբ շուկա մուտք գործեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, 2005 -2006 թվականներ` աճի փուլ, տնտեսական ճգնաժամով պայմանավորված անկման փուլ 2009-ին, ու 2010-2013-ին՝ կայունացման փուլ:

Ըստ հետազոտության, ոլորտում առաջատարի` «ՎիվաՍել-ՄՏՍ-ի» մասնաբաժինը 3-րդ տեղում գտնվողի` «Օրանժ Արմենիայի» մասնաբաժնից 4 անգամ ավելի է:

Ամերիայում համոզված են` հետազոտության արդյունքները ոչ միայն թույլ են տալիս գնահատել ոլորտի ներկա իրավիճակը, վերջին տարիների զարգացումները, վերլուծել հիմնական մասնակիցների գործունեությունը, այլև կանխատեսել ոլորտի զարգացման միտումները:

Հետազոտության արդյունքները վկայում են, որ հեռահաղորդակցության ոլորտում զարգացման ամենամեծ պոտենցիալ ունեցող շուկաներն են մալուխային հեռուստատեսային ծառայություններինն ու ինտերնետ հասանելիության ծառայություններինը: Այդ թվում, մալուխային հեռուստատեսային ծառայությունների շուկան ամենաարագ աճողներից է` 2008-2013 թթ․ այստեղ հասույթն աճել է ավելի քան 4 անգամ:

Ամերիայի փորձագետների կանխատեսմամբ` հեռահաղորդակցության ոլորտի ավանդական ծառայություններն (լարային և բջջային հեռախոսակապ) առաջիկա տարիներին իրենց տեղը որոշակիորեն զիջելու են ինտերնետ հասանելիության ծառայություններին:

Այդուհանդերձ, լարային հեռախոսակապը Երևանում դեռ չի կորցրել արդիականությունը, 15-69 տարեկան բնակչության 68,7 տոկոսն ամեն օր օգտվում է լարային հեռախոսակապից, թեև 98,4 տոկոսն զանգեր է կատարում նաև բջջային հեռախոսներով:

Թեպետ տարածված կարծիք կա, որ մարդկանց մեծ մասը հիմա մեկից ավելի հեռախոս ունի, հետազոտությունը ցույց է տվել հակառակը` 15-69 տարեկանների 86 տոկոսն ունի ընդամենը մեկ բջջային հեռախոս:

Ամերիայի փորձագետները պարզել են, որ Երևանի տնային տնտեսությունների մոտ 55 տոկոսն ունի միայն մեկ համակարգչային տեխնիկա, իսկ համակարգիչ, դյուրակիր համակարգիչ և պլանշետ միաժամանակ ունի Երևանի տնային տնտեսությունների միայն 8,5 տոկոսը:

Ինտերնետ հասանելիություն առաջատարը, ըստ ուսումնասիրության, «ԱրմենՏել» ընկերությունն է, իսկ հարցվողների գերակշիռ մասն ինտերնետից օգտվում է տեսազանգ կատարելու համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---