Ղրիմի խորհրդարանը Ռուսաստանին միանալու որոշում է կայացրել. Այն ուժի մեջ է մտնում անհապաղ (թարմացված)

Ղրիմի խորհրդարանը Ռուսաստանին միանալու որոշում է կայացրել. Այն ուժի մեջ է մտնում անհապաղ (թարմացված)

PanARMENIAN.Net - Ղրիմի խորհրդարանը դաշնության սուբյեկտի իրավունքով ինքնավարությունը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին որոշում է կայացրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ղրիմի ինքնավարության կառավարության վարչապետի առաջին տեղակալ Ռուսլան Տեմիրգալիևը հայտարարել է, որ «Գերագույն խորհրդի որոշումը Ղրիմի Ռուսաստանին միանալու մասին ուժի մեջ է մտնում ընդունման պահից, այսինք՝ այսօրվանից»:

Ըստ Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևի, մարտի 16-ին կայանալիք հանրաքվեում քվեարկության կդրվի երկու հարց: «Առաջինը՝ կո՞ղմ եք, որպեսզի Ղրիմն ընդգրկվի ՌԴ կազմում որպես Դաշնության սուբյեկտ: Երկրորդը՝ կո՞ղմ եք Ղրիմի 1992 թ. Սահմանադրության վերականգնմանը»: Ըստ Ղրիմի 1992 թվականի սահմանադրության, հանրապետությունը մտնում է Ուկրաինայի կազմի մեջ և որոշում է իր հարաբերությունները վերջինիս հետ պայմանագրի ու համաձայնագրերի հիման վրա:

Սևաստոպոլի բնակիչները, որն Ուկրաինայում պետական նշանակության քաղաքի կարգավիճակ ունի և չի մտնում Ղրիմի կազմի մեջ, նույնպես մասնակցելու է Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեին, լրագրողներին է հայտնել ինքնավարության Գերագույն խորհրդի պատգամավոր Սերգեյ Շուվայնիկովը: «Մենք Սևաստոպոլին ևս հնարավորություն ենք տալիս հայտնելու սեփական կարծիքը»,-ասել է պատգամավորը:

ՌԴ Հանրային պալատի անդամ դիտորդները Ղրիմ կմեկնեն մարտի 14-ին: Հանրային պալատը փորձագետների հետ միասին կձևավորի դիտորդների առաքելությունն ու ընդլայնված կազմով կդիտարկի հանրաքվեն Ղրիմում:

Ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ, հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ըստ նրա, խորհրդակցության ժամանակ քննարկվել է իրավիճակն Ուկրաինայում, այդ թվում հաշվի առնելով Ղրիմի Գերագույն խորհրդի որոշումը հանրաքվեի մասին: Հանդիպմանը մասնակցել են ՌԴ կառավարության նախագահ Դիմիտրի Մեդվեդևը, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳՆ ղեկավար Վլադիմի Կոլոկոլցևը, ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, ԱԴԾ ղեկավար Նիկոլայ Բորտնիկովը, ինչպես նաև ԱԽ մշտական անդամ Բորիս Գռիզլովը:

Իր հերթին ՌԴ Պետդումայի ստորին պալատի ԱՊՀ գծով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Պետդուման կքննարկի նախաձեռնությունը ՌԴ կազմում Ղրիմի ընդգրկման մասին, որը օտարերկրյա պետության մաս է հանդիսանում, միայն ինքնավարությունում հանրաքվեի անցկացման արդյունքների հիման վրա և ՌԴ ղեկավարության որոշումից հետո: »Այդ հարցում որոշում կայացնելը ՌԴ ղեկավարության մենաշնորհն է»,-հայտարարել է Սլուցկին լրագրողներին:

Նա նշեց, որ այդ հանրաքվեում Ղրիմի բնակիչները հարցերը կներկայացնեն իրենց ձևակերպմամբ և Ռուսաստանը չի կարող միջամտել այդ գործընթացին: «Իսկ մեր վերաբերմունքը մենք կհայտնենք մարտի 16-ի հանրաքվեից հետո»,-նշել է նա:

1954 թ. փետրվարի 19-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը Ղրիմի մարզը ՌԴ կազմից փոխանցեց Ուկրաինային, այն ընդգրկելով Ուկրաինայի ԽՍՀ կազմում: Նախագահության 27 անդամներից ներկա էին 13-ը, քվեարկեցին միաձայն: Այդ որոշման հանգամանքներն ու հետևանքները մինչ օրս խնդրահարույց են:

1992 թվականին ՌԴ Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց, որի համաձայն Ուկրաինային Ղրիմի փոխանցման ակտը համարեց իրավաբանորեն չհիմնավորված: 2003 թվականի վերջում տարաձայնություններ առաջացան Տուզլայի շուրջ, որը մտնում էր Ղրիմի մարզի կազմի մեջ: Այդ տարաձայնությունը խաղաղ ընթացք ունեցավ, իսկ 2010 թվականի ապրիլին նախագահ Վիկտոր Յանուկովիչը համաձայնվեց երկարացնել Ռուսաստանի կողմից Սևաստոպոլի ռազմածովային բազայի վարձակալության ժամկետը, որը սպառվում էր 2017 թվականին, ևս 25 տարով այն երկարացնելու իրավունքով:

Ինչ վերաբերում է Ղրիմի բնակիչների տեսակետին, ապա ելնելով Ուկրաինայում անցած բոլոր ընտրությունների արդյունքներից, թերակղին Ուկրաինայի ամենառուսամետ տարածաշրջանն է: Դեռ ԽՍՀՄ փլուզումից առաջ 1991 թվականին Ղրիմի մարզը ինքնավար հանրապետության կարգավիճակ ստացավ Ուկրաինայի կազմում: Սակայն 2013թ. նոյեմբերի տվյալնելով Ղրիմում ևս Ուկրաինայի անկախության կողմնակիցները մեծամասնություն էին կազմում՝ 54 տոկոս: Ամենամեծ մտահոգությունը բնակչության շրջանում առաջացնում է գործավարության հնարավոր անցումն ուկրաիներենի:

Ըստ 2001 թ. մարդահամարի, ուկրաիներենը մայրենի են համարում Ղրիմի բնակիչների 10,1 տոկոսը: Ըստ փորձագիտական գնահատականների, փաստացի ռուսալեզու է բնակչության 97 տոկոսը:

Photo: RIA Novosti
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---