Խրուշչովի որդին Ղրիմի հանձնումն Ուկրաինային բացատրում է տնտեսական պատճառներով

Խրուշչովի որդին Ղրիմի հանձնումն Ուկրաինային բացատրում է տնտեսական պատճառներով

PanARMENIAN.Net - Ղրիմի թերակղզին Ռուսաստանի Սևծովյան նավատորմի տունն է , որի շնորհիվ ՌԴ-ն ռազմական ներկայություն ունի Միջերկրական ծովում: Ղրիմի բնակչության մեծամասնությունն ազգությամբ ռուսներ են, մեկ քառորդը՝ ուկրաինացիներ, և մոտ 12 տոկոս են կազմում Ղրիմի թաթարները: Ղրիմը եղել է Ռուսաստանի մասը, սակայն 1954 թվականին խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովը փոխանցեց թերակղզին Ուկրաինային, որն այն ժամանակ ԽՍՀՄ հանրապետություններից մեկն էր, գրում է Ամերիկայի ձայնը:

Նիկիտա Խրուշչովի որդին՝ Սերգեյը, Ղրիմի հանձնումն Ուկրաինային բացատրում է տնտեսական, գյուղատնտեսական պատճառներով, այն է Դնեպրի վրա հիդրոէլեկտրակայանի շինարարությամբ Ուկրաինայի հարավային շրջանների, ինչպես նաև Ղրիմի ջրամատակարարման համար:

«ՀԷԿ-ը գտնվում է Ուկրաինայի տարածքում, եկեք Ղրիմի մնացած տարածքն էլ հանձնենք Ուկրաինայի իրավասությանը, որն էլ պատասխանատու կլինի ամեն ինչի համար,-ասում է Սերգեյ Խրուշչովը: -Այդպես էլ արեցին: Դա քաղաքական որոշում չի եղել, ոչ էլ գաղափարական: Դա գործնական որոշում էր»:

Ըստ Խրուշչովի, պատասխանատվության փոխանցումն այդպիսի մեծ նախագծի համար մի հանրապետությունից մյուսին, տրամաբանական քայլ է եղել:

«Իսկ հիմա այնքան շահարկումներ ենք լսում այն մասին, որ իմ հայրը ցանկացել է բավարարել ուկրաինական ժողովրդավարությունը, որ դա նվեր էր նրա կնոջը՝ իմ մորը, որովհետև նա ուկրաինուհի էր: Այդ ամենն ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ: Խնդիրը տնտեսական բնույթի է եղել, ոչ թե քաղաքական,-ասել է Խրուշչովը:

1954 թ. փետրվարի 19-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը Ղրիմի մարզը ՌԴ կազմից փոխանցեց Ուկրաինային, այն ընդգրկելով Ուկրաինայի ԽՍՀ կազմում: Նախագահության 27 անդամներից ներկա էին 13-ը, քվեարկեցին միաձայն: Այդ որոշման հանգամանքներն ու հետևանքները մինչ օրս խնդրահարույց են:

Ուկրաինայի Գերագույն խորհրդի նախագահ Դեմյան Կորոտչենկոն «անկեղծ երախտագիտություն հայտնեց եղբայրական մեծ ռուս ժողովրդին եղբայրական օգնության հիանալի ակտի համար»: Իսկ իրական որոշումը Ղրիմի փոխանցման մասին ընդունվեց հունվարի 25-ին ԽՄԿԿ ԿԿ Նախագահության նիստում:

Բոլոր տվյալներով, նախաձեռնությունը բխում էր Նիկիտա Խրուշչովից: Սակայն այն ժամանակ նա դեռ միանձնյա առաջնորդ չէր: Պետության առաջին դեմքն ու բոլորի կողմից ճանաչված Ստալինի իրավահաջորդը մինչև 1955 թ. Գեորգի Մալենկովն էր, որը ոչ միայն գլխավորում էր կառավարությունն, այլ նաև նախագահում էր ԿԿ Նախագահության նիստերը, այդ թվում նաև Ղրիմի հարցի քննարկման ժամանակ: Հարց է առաջանում՝ դա Մալենկովի ինչին էր պետք: Ճիշտ է, խորհրդային ղեկավարների մեծ մասի գործողությունները դժվար է տրամաբանված համարել, դրանց տրամաբանությունը մեկն է՝ բաժանիր և տիրիր:

Իսկ եթե կարելի է գտնել այս կամ այն գործողության ընդունելի դրդապատճառներ, ուղղակի հիանալի է: Առաջին դրդապատճառը՝ երկիրը պատրաստվում էր նշել Ռուսաստանի Ուկրաինայի միանալու 300-ամյակը: Երկրորդ դրդապատճառը՝ Նիկիտա Խրուշչովը, որը 1938-49 թթ. գլխավորում էր Ուկրաինայի կոմկուսը, անձամբ մասնակից է եղել զանգվածային հալածանքներին: Նա ուզում էր ինչ-որ կերպ «մաքրվել» հեղված անմեղ արյունից: Արևմտյան Ուկրաինայում վեց հետպատերազմյան տարիներին 153 հազար բնակիչ սպանվեց, ճամբարներում հայտնվեցին 134 հազարը, բռնագաղթի ենթարկվեցին 203 հազարը:

Այսօր Ղրիմը ՌԴ զինված ուժերի հսկողության տակ է: Ռուսական իշխանությունները բացատրում են դա ազգությամբ ռուսներին պաշտպանելու ձգտումով: Արևմուտքը մատնանշում է, որ այդ ռուսներին պաշտպանելու կարիքը չկա: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի գործողություններն անվանեց «ագրեսիայի չլսված ակտ»:

Կիևի ու Մոսկվայի հարաբերությունները սրվեցին անցած ամիս, երբ ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռացվեց իշխանությունից ընդդիմության կողմից, որը հանդես է գալիս Եվրամիության հետ առավել սերտ կապերի օգտին: Բախումների արդյունքում, ըստ Ուկրաինայի առողջապահության նախարարության, 100 մարդ զոհվեց, իսկ Յանուկովիչը փախավ Ռուսաստան: Ըստ Խրուշչովի, չի կարելի զուգահեռներ անցկացնել Ղրիմի իրադարձությունների 2008 թ. ռուս-վրացական պատերազմի միջև: «Այն ժամանակ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին փորձեց ուժով վերականգնել վերահսկողությունն Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հանդեպ, և նրանք հարձակվեցին, իսկ Ռուսաստանը պատասխանեց: Դա պատերազմ էր», –ասում է Սերգեյ Խրուշչովը: Ղրիմում հիմա կրակոցներ չկան, ասում է նա:

«Հուսով եմ, որ կրակոցներ չենք լսի, որովհետև դա ոչ ոքի համար շահավետ չէ,-դատում է Խրուշչովը:-Ուկրաինացի զինծառայողները, որոնք ծառայում են Ղրիմում, Ղրիմի բնակիչներ են, նրանք չեն ուզում պատերազմ սկսել, քանի որ դա չի բխում իրենց սեփական ժողովրդի շահերից: Ինձ թվում է, ռուսները նույնպես չեն ուզում պատերազմել: Նրանց ինչին է դա պետք»: Նայելով ապագային՝ Սերգեյ Խրուշչովն ասում է, որ Ղրիմի միացումը Ռուսաստանի ելք չէ, և որ հուսով է, որ դա տեղի չի ունենա: «Ես Պուտինից երբեք չեմ լսել, որ նա նման ցանկություն ունի», –ասել է նա վերջում:

Սակայն օրենսդիրները Ղրիմում հանրաքվե են նշանակել մարտի 16-ին Ռուսաստանին միանալու վերաբերյալ: Այդ որոշումը կհանգեցնի լարվածության աճի: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն արդեն հայտարարել են, որ այդ հանրաքվեն օրինական չի լինի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---