Նախագահը ՄԻԵԴ վճռի բողոքարկման մասին․ Շվեյցարիայի որոշումը սպասվող էր

Նախագահը ՄԻԵԴ վճռի բողոքարկման մասին․ Շվեյցարիայի որոշումը սպասվող էր

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունում է Շվեյցարիայի կառավարության` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)՝ 2013-ի դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկելու որոշումը: Այդ մասին նախագահն ասել է մարտի 14-ին առողջապահության նախարարությունում նիստից հետո․

Նրա խոսքով, Շվեյցարիան միշտ էլ միջազգային ասպարեզում մարդու իրավունքների ակտիվ պաշտպաններից մեկն էր, ռասայական խտրական վերաբերմունքի դեմ պայքարում ամենաակտիվ կառավարություններից մեկը, այլատյացություն սերմանող կառույցների, մարդկանց, ընդհանրապես երևույթի դեմ պայքարող ամենաակտիվ կառավարություններից մեկը։

«Ակնկալում էինք, որ այս հարցում էլ Շվեյցարիան դրական ու ճիշտ որոշում կկայացնի, ինչի ականատեսը եղանք: Այդ որոշումն ակնկալվող, սպասվող որոշում էր: Իհարկե, դրա կայացման գործում ահռելի է Շվեյցարիայի իշխանությունների դերը»,- նշել է Հայաստանի ղեկավարը՝ հավելելով, որ թեև որոշումը կայացրել է շվեյցարական կառավարությունը, բայց մենք պետք է գնահատենք միջազգային կառույցների, տարբեր մարդկանց ներդրումը կամ նրանց վերաբերմունքը եվրոպական դատարանի որոշմանը, նրանց դիմումը Շվեյցարիայի կառավարությանը, Ցեղասպանագետների միջազգային միության, տարբեր անհատների, տարբեր կառույցների կողմից ծավալված գործունեությունը:

Նախագահի համոզմամբ, Շվեյցարիայի կառավարության կողմից ընդունված որոշումը մի մեծ գործընթացի սկիզբ է, որովհետև ՄԻԵԴ-ը դեռևս պետք է որոշում կայացնի գործն իր վարույթ ընդունելու մասով, այնուհետև քննի ըստ էության:

«Բայց վստահ ենք, որ ՄԻԵԴ-ն այնպիսի որոշում կընդունի, որը վիրավորական չի լինի ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համար և չի անարգի այն միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք ուղղակի անմեղ զոհ են դարձել»,- նշել է նա՝ վստահություն հայտնելով, որ շվեյցարական կառավարությունը հետամուտ կլինի իր որոշմանը:- Հասկանալի է, թե այդ հարցը մեզ ինչու է հետաքրքրում: Մյուս կողմից էլ խնդիրը կապված է նրա հետ, որ եվրոպական դատարանը՝ ընդունելով այդպիսի որոշում, ինչ-որ տեղ թերություն է գտնում Շվեյցարիայի արդարադատություն իրականացնող ոլորտում»:

Եզրափակելով, Սերժ Սարգսյանը նշել է, որ շվեյցարացիները պետք է ապացուցեն իրենց դատական համակարգի, ընդհանրապես՝ ամբողջ պետհամակարգի ամբողջականությունը:

Ավելի վաղ Շվեյցարիան որոշել է բողոքարկել Թուրքիայի Աշխատանքային կուսակության առաջնորդ Դողու Փերինչեքի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը։ Այն կայացրել է Շվեյցարիայի դաշնային արդարադատության նախարարությունը, որը խնդրում է ՄԻԵԴ-ին վերանայել որոշումը՝ այն հակասում է այդ երկրի քրեական օրենսգրքին, որը ռասիզմի համար պատիժ է նախատեսում։ Շվեյցարիան այդ կետը ներառել էր ՔՕ-ում, որն ուժի մեջ է մտել 1995-ին՝ քրեական օրենսդրությունում բացերը լրացնելու համար, ինչը թույլ կտար երկրին միանալ Ռասայական խտրականության բոլոր տեսակների վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիային։

2013-ի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը Ստրասբուրգում որոշել է, որ Շվեյցարիան խախտել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի իրավունքը։

Նա իրավաբանական գիտությունների դոկտոր է ու Թուրքիայի աշխատավորկան կուսակցության առաջնորդը, մասնակցել է 2005-ի Շվեյցարիայում կայացած տարբեր խորհրդաժողովների, որտեղ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը:

Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիան վերջինիս արտահայտությունների պատճառով դիմել էր Շվեյցարիայի դատարան: Լոզանի դատարանը 2007-ի մարտին Փերինչեքին ռասայական խտրականության մեջ մեղավոր էր ճանաչել՝ պարտավորեցնելով նրան մի քանի տուգանք վճարել: Դա առաջին անգամն էր, երբ Շվեյցարիայում կիրառվել է 1995-ի ուժի մեջ մտած օրենքը: Փերինքեկը հայոցվ բողոքարկել էր այդ որոշումը՝ հարցի շուրջ լրացուցիչ հետազոտություններ պահանջելով: Վերաքննիչ դատարանը նույն տարվա հունիսին մերժել էր նրա բողոքը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը նույնպիսի պատմական փաստ է, ինչպես Հոլոքոսթը: Փերինչեքը բողոքարկել էր դատավճիռը Շվեյցարիայի Դաշնային դատարանում, որն իր հերթին հաստատել էր որոշման օրինականությունը 2007-ի դեկտեմբերին:

Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ՝ նշելով, որ իր իրավունքները ոտնահարվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներով, մասնավորապես. 7 հոդվածով՝ պատիժ բացառապես օրենքի հիման վրա, 10՝ կամքի ազատ արտահայտում: ՄԻԵԴ-ը՝ քննելով նրա բողոքը, հայտնաբերել էր 10-րդ հոդվածի խախտում, որևէ դրամական փոխհատուցում չնշանակելով:

«Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ», -ասվում է դատարանի որոշման մեջ․- «ՄԻԵԴ դեկտեմբերի 17-ի որոշումը պետք է դատապարտվի, քանի որ խոսքի ազատության խախտման քողի տակ այն դուռ է բացում Հայոց ցեղասպանության ժխտման համար: Որոշումը կարող է վատ օրինակ ծառայել Հայոց ցեղասպանությունը ժխտողների համար: Այն փաստը, որ դատարանի որոշոմը չի եղել միաձայն, վկայում է, որ որոշումը վերանայելու համար իրավական նորմեր կան: Պետք է մեր ջանքերն ուղղենք դրան»,- ասված է ՀՅԴ հայտարարության մեջ:

ՄԻԵԴ որոշումը վերջնական չէ և կարող է բողոքարկվել երեք ամսվա ընթացքում:

Փետրվարի 17-ին Հայոց ցեղասպանության ուսումնասիրության մասնագետները, հայտնի գիտնականները բաց նամակ էին հղել ՄԻԵԴ «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճռի առնչությամբ: Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները գտնում են, որ դատավճիռը կայացվել է պատմական ու հայեցակարգային սխալներով:

Photo: Armenian President's website
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---