15  Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրը համերգ է տվել Իսրայելում

Շառլ Ազնավուրը համերգ է տվել Իսրայելում

PanARMENIAN.Net - Մարտի 15-ի երեկոյան Թել Ավիվի Nokia Arena-ում տեղի է ունեցել լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգը: Մայիսին նա կդառնա 90 տարեկան:

Նույն դահլիճում Ազնավուրը համերգով հանդես է եկել նաև նախորդ տարվա նոյեմբերի 23-ին: Այդ ժամանակ Շառլը խոստացել էր հանդիսականներին մոտ ապագայում վերադառնալ նոր համերգով:

Մարտի 14-ի երեկոյան Ազնավուրը մասնակցել է Իսրայելում Ֆրանսիայի դեսպանի տանը կազմակերպված ընթրիքին, ուր հրավիրված են եղել նաև որոշ իսրայելցի երաժիշտներ: Իսկ մարտի 15-ին նա կրկին ելույթ է ունեցել Իսրայելում:

Նախորդ համերգից առաջ Շառլը մամուլի ասուլիս էր տվել. «Մենք` հայերս ու հրեաներս, այնքան ողբերգություններ ենք տեսել, որ եթե չսիրեինք ապրել, վաղուց ոչնչացված կլինեինք… Ես գիտեմ, որ ծնվում ենք, որպեսզի մահանանք, բայց մինչև այդ պետք է ամբողջ ուժով ապրել: Ինձ առաջնորդում է կյանքի հանդեպ ծարավը»,- ասել է նա:

Ազնավուրը ներկաներին հիշեցրել է, որ իր ընտանիքում կան և կաթոլիկներ, և բողոքականներ, և հրեաներ ու մահմեդականներ: Այդ իսկ պատճառով նա անկեղծորեն վստահ է` մարդիկ կարող են խաղաղ ապրել` անկախ կրոնական ու քաղաքական հայացքներից, գրում է NEWSru.co.il-ը:

Ազնավուրը պատմել է, որ աշխարհում ամենից շատ սիրում է շրջագայել ու աշխարհի տարբեր անկյուններում համերգներ ունենալ, քանի որ ոչինչ մարդուն այնպես չի հարստացնում, ինչքան նոր տպավորություններն ու այլ մշակույթները:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում,[2] արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Իզմիրից: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

Շուրջ հազար երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

2009-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։

1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---