Ուկրաինան ու Ռուսաստանը` պատերազմի շեմին

Ուկրաինան ու Ռուսաստանը` պատերազմի շեմին

PanARMENIAN.Net - Դիպուկահարի կրակոցների արդյունքում Սիմֆերոպոլում երեքշաբթի` մարտի 18-ին, երկու մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել, հաղորդում է Ղրիմի ՆԳՆ մամուլի բաժինը:

Ավելի վաղ հայտնել էին, որ մահացել է ինքնապաշտպանության մեկ մարտիկ և ևս երկուսը վիրավորվել են: Ղրիմի ՆԳՆ-ն չի բացառում, որ կրակոցները պլանավորված սադրանք են եղել: Նախնական տվյալի համաձայն, կրակոցներն արձակվել են մեկ վայրից երկու ուղղությամբ: Անհայտ անձը կրակել է զորամասի մոտ գտնվող անավարտ շինության պատուհանից:

Կատարվածի հետևանքով Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը թույլատրել է Ղրիմի տարածքում զենք կիրառել, գրում է «Արգումենտի ի ֆակտի»-ն:

Կիևում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ է Բուդապեշտի համաձայնագրով Ուկրաինայի երաշխավոր երկրների պաշտպանության նախարարների մակարդակով շտապ կոմիտե ձևավորել:

«Կոչ ենք անում ՌԴ-ին, ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային, որպես մեր երաշխավոր պետություններ, կոմիտե ձևավորել, որպեսզի թույլ չտանք ռազմական հակամարտության հետագա սրումը և տեղի ունենա քաղաքական երկխոսություն, որի արդյունքում կվերականգնվեն Ուկրաինայի ոտնահարված իրավունքներն ու կդադարեցվեն ՌԴ կողմից միջազգային նորմերի խախտումները»,- հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երեքշաբթի` խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի հետ համատեղ հայտարարության ժամանակ:

Նա հավելել է, որ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի պատվիրակությունը արգելափակում է առաքելության դիտորդների գործուղումը Ուկրաինա: Վարչապետը կարծում է, որ Ղրիմի հարցի արագ լուծում չի լինի, բայց հուսով է, որ հարցը դեռ կարելի է դիվանագիտական ճանապարհով լուծել, հաղորդում է Корреспондент.Net-ը:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ ժամանակավոր հավատարմատար Արդրեյ Վորոբյովին ու բողոքի նոտա ներկայացրել Ղրիմն ու Սևաստոպոլ քաղաքը ՌԴ կազմում ընդգրկելու առընչությամբ: Ուկրաինական կողմը Ռուսաստանի գործողությունները գնահատել է որպես անեկսիա` պետության տարածքի մի մասի բռնազավթում:

Ընդ որում Ուկրաինայի ԱԳՆ-ն հղում է անում ինչպես ՄԱԿ-ի կանոնադրության, այնպես էլ 1997-ին Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև ստորագրված բարեկամության, համագործակցության ու գործընկերության մասին համաձայնագրին:

Ուկրաինայի ԱԳՆ-ում նշում են, որ այս համաձայնագրով Ռուսաստանը պարտավորվել է հարգել տարածքային ամբողջականությունն ու պետությունների միջև գոյություն ունեցող սահմանների անխախտությունը:

Մարտի 18-ին Մոսկվայում ՌԴ կազմում Ղրիմն ու Սևաստոպոլը ներառելու մասին համաձայնագիր է ստորագրվել։ Ըստ Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության, փաստաթուղը ստորագրել են նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի ղեկավարներն ու Սևաստոպոլի քաղաքապետը։

Մարտի 11-ին արտահերթ նիստի ընթացքում Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «ՂԻՀ և Սևաստոպոլ քաղաքի Անկախության հռչակագիրը»: Հռչակագրի ընդունմանը կողմ է քվեարկել Գերագույն խորհուրդի քվեարկությանը մասնակցած 81 պատգամավորներից 78-ը:

Մարտի 17-ին Գերագույն խորհուրդն արտահերթ նիստում ընդունել է «Ղրիմի անկախության մասին» որոշում` թերակղզին հայտարարելով անկախ ինքնիշխան պետություն՝ Ղրիմի Հանրապետություն։

Հանրապետությունը՝ ի դեմս Գերագույն խորհրդի, դիմել է Ռուսաստանին՝ հանրապետության կարգավիճակով Դաշնության կազմում որպես սուբյեկտ ներառվելու առաջարկով, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ղրիմի հանրաքվեի հարցաթերթիկների 100% մշակումից հետո հայտնի է դարձել, որ Ղրիմի` Ռուսաստանի կազմում ընդգրկվելու օգտին է քվեարկել ընտրողների 96.77%-ը: Մարտի 17-ի առավոտյան այս տվյալը հայտարարել է Ղրիմի հանրաքվեի անցկացման կոմիտեի նախագահ Միխաիլ Մալիշևը: Քվորումը կազմել է 82,71%: Ղրիմում ընտրատեղամասեր են եկել ընտրողների 81,36%-ը, Ստավրոպոլում` 89,51%:

1994-ի Բուդապեշտի հուշագրով Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության երաշխավորներն են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը: Ուկրաինայի համար որևէ ռազմական սպառնալիք ստեղծվելու դեպքում այդ տերությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ են տեղափոխում խնդիրը և պաշտպանում Ուկրաինայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---