Ղրիմն առանց լույսի մնաց, բայց ռուբլիով, ԵՄ-ն վախենում է, որ հերթը Մերձդնեստրինն է

Ղրիմն առանց լույսի մնաց, բայց ռուբլիով, ԵՄ-ն վախենում է, որ հերթը Մերձդնեստրինն է

PanARMENIAN.Net - Այսօր՝ մարտի 24-ին, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը խորհրդակցություն կանցկացնի Ղրիմի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ, սա կլինի նման առաջին հրապարակային խորհրդակցությունը: Կառավարությունում Ղրիմի զարգացմանն առնչվող հարցերը կհամակարգի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը , նախագահի հանձնարարությամբ նա արդեն զբաղվում է այդ հարցով, պատմել են երկու դաշնային պաշտոնյաներ: Ուրբաթ օրը Կոզակի մոտ նախնական քննարկում է եղել առաջարկությունների վերաբերյալ, որոնց մասին կզեկուցվի Մեդվեդևի մոտ կայանալիք խորհրդակցություն ժամանակ, գրում է «Վեդոմոստի» թերթը:

Առաջարկությունների թվում է հատուկ տնտեսական կարգավիճակի (ՀՏԿ) շնորհումը թերակղզուն, Ղրիմի զարգացման կորպորացիայի ստեղծումը, հատուկ դաշնային թիրախային ծրագրի ընդունումը: Մեդվեդևի ներկայացուցիչները մեկնաբանություններից հրաժարվում են: Կոզակի ներկայացուցիչը հաստատել է խորհրդակցության փաստը, սակայն մանրամասներ չի հաղորդել: Կառավարության առաջարկությունները նախագահի հետ դեռ չեն քննարկվել, հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ղրիմում հարկավոր է հատուկ տնտեսական կարգավիճակ հաստատել, ավելի վաղ հայտարարել էր Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը, «Գործարար Ռուսաստանի» համանախագահ Անդրեյ Նազարովը և ՌԴ պատգամավորներ, օրինակ, Սերգեյ Միրոնովը: Ղրիմում հատուկ տնտեսական կարգավիճակի հավանականությունը մեծ է, թեև որոշումը դեռ չի կայացվել, հայտնում է թերթը: Մինչդեռ, հայտնում է Նականունե.ռու-ն, այսօրվանից Ղրիմի պաշտոնական արժույթը ռուբլին է դառնում: «Այսօրվանից ռուբլին դառնում է հիմնական արժույթը հանրապետությունում: Զգոն եղեք հաշվարկներում»,-գրել է Twitterում Ղրիմի նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Ակսյոնովը: Ռուբլուն զուգահեռ երկու տարի դեռևս կշրջանառվի նաև գրիվնան:

Ինչպես հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը, մարտի 23-ին ԳԴՀ նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, որոնք քննարկել են Ղրիմի միացումը Ռուսաստանին: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Ուկրաինայում ճգնաժամի հարցում «երկու կողմերը գոհունակություն են հայտնել ԵԱՀԿ դիտարկման առաքելության մանդատի համաձայնեցման վերաբերյալ, որն իրականացնելու է գործունեությունն այդ երկրում: Հաստատվել է երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը, այդ թվում փորձագիտական մակարդակով»:

ԵԱՀԿ դիտորդների առաջատար խմբերը պետք է Ուկրաինա ժամանեին մարտի 3-ի երեկոյան, այսինքն մինչ Ղրիմում ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվեի անցկացումը: Հիշեցնենք, որ տեղաբնակների կամարտահայտության արդյունքում մարտի 16-ին Ղրիմի իշխանությունները դիմեցին Ռուսաստանին՝ խնդրելով ընդգրկել թերակղզին ՌԴ կազմում: Խնդրանքը բավարարվեց, ինչը դատապարտման արժանացավ Եվրամիության ու ԱՄՆ կողմից: Նրանք պատժամիջոցներ սահմանեցին մի շարք ռուսաստանցի գործարարների ու պաշտոնյաների նկատմամբ՝ սառեցնելով նրանց ակտիվներն արտասահմանում ու վիզային սահմանափակումներ դնելով:

Իսկ Russia Today-ի հաղորդագրության համաձայն, Գերմանիայում հասարակական կարծիքի վերջին հարցումը ցույց տվեց, որ գերմանացիների կեսից ավելին օրինական են համարում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Միևնույն ժամանակ, շատերը տեղին են համարում Արևմուտքի բացասական արձագանքը: Հարցումն անցկացրել է TNS Research ընկերությունը Der Spiegel-ի պատվերով: Կեսից ավելին՝ հարցվածների 54 տոկոսը, պատասխանել է, որ Արևմուտքը պետք է ճանաչի Ղրիմի միացումը արդեն որպես կատարված իրողություն: Ըստ 55 տոկոսի, ՌԴ նախագահ Պուտինն իրավասու է դիտարկել Ուկրաինան և մասնավորապես Ղրիմն որպես ռուսական ազդեցության գոտի: Միևնույն ժամանակ, 60 տոկոսը հայտարարել է, որ Արևմուտքի արձագանքը համարժեք էր: Գերմանացիների ևս 34 տոկոսը քննադատում է ԵՄ ու ԱՄՆ արձագանքը:

Ինչպես հայտնում է teknoblog.ru-ն, հանրային հարցման արդյունքները Տոկիոյում նույնպես ցույց են տվել, որ ճապոնացիների մեծամասնությունը դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը և կողմ է Ճապոնիայի առավել ինքնուիրույն քաղաքականությանը:

Nikkei գործարար թերթի և «ՏՎ Տոկիո» հեռուստաընկերության կազմակերպած հեռախոսային հարցումը անցկացվել է 1,5 հազար ճապոնացիների շրջանում պատահական ընտրության սկզբունքով: Հարցվածների 31 տոկոսը արտահայտվել է «Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների ուժեղացման օգտին ԱՄՆ ու Եվրամիության հետ համատեղ», սակայն Ճապոնիայի բնակիչների 52 տոկոսը կարծում է, որ իրենց երկիրը Ուկրաինայի իրադարաձությունների հետ կապված հարցում պարտավոր է սեփական դիվանագիտությունը վարել, քանի որ Ճապոնիան պետք է հաշվի առնի տարածքային հարցով Ռուսաստանի հետ բանակցությունների կարևորությունը:

Այժմ պաշտոնական Տոկիոն առավել զուսպ դիրք է որդեգրել Արևմուտքի համեմատ, թեև Ղրիմի Ռուսաստանին միանալու մասին պայմանագրի ստորագրումից հետո Ճապոնիան հայտարարեց, թե դադարեցնում է խորհրդակցությունները Մոսկվայի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման շուրջ և սառեցրեց բանակցությունների մեկնարկը մի շարք փաստաթղթերի վերաբերյալ: Սակայն միևնույն ժամանակ ճապոնական կառավարությունում նշում են, որ սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում և չեն առնչվում երկու երկրների տնտեսական համագործակցությունը:

Իր հերթին, Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ և Եվրահանձնաժողովի նոր կազմի ղեկավարի թեկնածու Ժան Կլոդ Յունկերը կոչ արեց Եվրամիությանը թույլ չտալ, որպեսզի Մոլդովան դառնա Ռուսաստանի «հաջորդ զոհն» Ուկրաինայից հետո: «Ուկրաինայի իրադարձություններից հետո հարկավոր է, որպեսզի եվրոպացիները շատ շտապ ստորագրեն ասոցացման համաձայնագիրը Մոլդովայի հետ, այսինքն առաջիկա շաբաթներին»,-հայտարարե է նա:

Ըստ նախկին վարչապետի, հարկավոր է փակել «Ռուսաստանի ճանապարհը»: Նա գտնում է, որ ռուսական կողմը պետք է իմանա, որ նրան թույլ չեն տա Մոլդովայում անել այն, ինչ արվեց Ղրիմում:

«ԵՄ-ն պետք է կայունացնի Մոլդովան ու կապի Արևմուտքի հետ, հակառակ դեպքում, այն կարող է դառնա լ ռուսական ագրեսիայի հաջորդ զոհը» ,-ասել է նա:

Նախօրեին Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված ԶՈւ գերագույն հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը հայտարարեց, որ ռուսական զինուժի մեծ կուտակումներ կան Ուկրաինայի արևելյան սահմանին, որոնք, նրա կարծիքով, կարող են շարժվել դեպի Մերձդնեստր: «Ռուսական ուժերը, որոնք հիմա գտնվում են Ուկրաինայի արևելյան սահմանին, շատ զգալի են և բարձր պատրաստություն ունեն»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելի համաժողովում, որը կազմակերպել էր Մարշալի հիմնադրամը:

Եվրամիությունը մտադիր է Ասոցացման համաձայնագրեր կնքել Մոլդովայի ու Վրաստանի հետ, որոնք ունեն կետ ազատ առևտրի գոտու մասին, ոչ ուշ, քան 2014 թ. հունիսին:

Ավելի վաղ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարեց, որ Ռուսաստանը հիմա վերանայում է հետպատերազմյան սահմաններն Եվրոպայում, և Ուկրաինային կարող են հաջորդել Մոլդովան ու այլ երկրներ, հայտնում է ubr.ua-ն:

Մինչդեռ, Ղրիմի զգալի մասը կիրակի երեկոյան մնացել էր առանց էլեկտրականության: Մասնավորապես, լույս չկար Սիմֆերոպոլի, Յալթայի, Ալուշտայի, Եվպատորիայի, Կերչի ու այլ քաղաքների որոշ թաղամասերում: Ղրիմէներգոն բացատրեց դա տեխնիկական խնդիրներով էլեկտրահաղորդիչ գծերում, որոնք գալիս են Ուկրաինայի ցամաքային մասից: Ըստ ընկերության, գծերն անջատվեցին վթարային թերությունների պատճառով:

Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը հայտարարեց, որ Ուկրաինան նվազեցրել է Ղրիմ առաքվող էլեկտրաէներգիայի ծավալը կիսով չափ, ուստի թերակղզում հովհարային անջատումներ են: «Եթե անջատեն նաև մյուս 50 տոկոսը, իրավիճակն ավելի կբարդանա» ,-ասել է նա: Նա նաև նշել է, որ Ղրիմը պատրաստ էր նման միջոցների: «Մենք ունենք մոտ 900 շարժական դիզելային գեներատորներ: Մասնակիորեն դրանք արդեն աշխատում են, ապահովելու համար հիվանդանոցները, իշխանության մարմիններին՝ աշխատանքները համակարգելու համար» ,-ասել է նա: Ըստ Տեմիրգալիևի, խնդիրը կարելի է լուծել գործարկելով Ղրիմի 3 ՋԷԿ-երը և 9 շարժական սարքերը:

Ըստ letnews.ru-ի, միակ ուկրաինական սուզանավը մտել է ՌԴ Սևծովյան նավատորմի կազմի մեջ: Փաստացի, դա տեղի ունեցավ ՌԴ-ին Ղրիմի միանալուց հետո: Որոշ ուկրաինացի բլոգերներ այսպես են ներկայացնում այդ փաստը. սուզանավը զավթվեց ռուսական հատուկջոկատայինների գրոհի արդյունքում: Ուկրաինացի զինծառայողների մի մասը ցանկացավ շարունակել ծառայությունը ՌԴ ՌԾՈւ կազմում: Նավի անձնակազմի մյուս մասը լքեց նավը, այդ թվում նաև հրամանատար Դենիս Կոլչանը: 1970 թ. շահագործման հանձնված սուզանավը մոտ 10 տարի վերանորոգման էր կանգնած և վերաշահագործվեց միայն 2013 թվականին՝ անցնելով անհրաժեշտ փորձարկումներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---