Առաջին անգամ հայկական ընկերությունը դարձել է ԵՄ շրջանակային համաձայնագրի լոտ 7-ի կոնսորցիումի լիիրավ անդամ

Առաջին անգամ հայկական ընկերությունը դարձել է ԵՄ շրջանակային համաձայնագրի լոտ 7-ի  կոնսորցիումի լիիրավ անդամ

PanARMENIAN.Net - «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը Եվրահանձնաժողովի (Development and Cooperation ЕuropeAid) նախաորակավորման մրցույթի արդյունքում դարձել է Եվրամիության շրջանակային համաձայնագրի լոտ 7-ի կոնսորցիումի լիիրավ անդամ: Առաջին անգամ հայկական ընկերությունը` հանձինս Ամերիայի, դառնում է Եվրամիության շրջանակային համաձայնագրի լոտ 7-ի կոնսորցիումիանդամ: Ըստ շրջանակային համաձայնագրի կանոնակարգման` լոտ 7-ում ընդգրկված ընկերություններն աշխատում են մինչև 300 հազար եվրո արժողությամբ պայմանագրերի շրջանակում և զբաղվում մարդու իրավունքներին, քաղաքացիական հասարակությանը, պետական կառավարմանը, արդարադատությանն ու ներքին գործերին առընչվող թեմաներով:

Նշված թեմաներն ընդգրկում են բազմաբնույթ հարցեր, մասնավորապես` մարդու իրավունքների (սոցիալական, տնտեսական, մշակութային, քաղաքական, քաղաքացիական) պաշտպանություն, աջակցություն ժողովրդավարական գործընթացներին (սոցիալական և քաղաքական հակամարտությունների կանխարգելում, ընտրական գործընթացներ, աջակցություն ազատ, անկախ և տնտեսապես կենսունակ ԶԼՄ-ներին, խոսքի ազատությանը), oրենքի գերակայության և արդարադատության ամրապնդում (դատական բարեփոխումներ, քրեական ռեժիմի բարեփոխումներ), hանրային կառավարման և քաղաքացիական ծառայության բարեփոխումներ, քաղաքացիական հասարակության դերի բարձրացում, ներքին գործերի համատեքստում պայքար կազմակերպված հանցագործության, տեռորիզմի դեմ և մի շարք այլ հարցեր:

Ամերիայի «Եվրամիության շրջանակային համաձայնագրի լոտ 7» նախագծի համակարգող Կարինե Նիկողոսյանը նշել է. «Այս անդամակցությունը հիանալի հնարավորություն է ճանաչողական առումով, այն հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր երկրներում ստեղծել նոր գործընկերական հարաբերություններ, հարստացնել սեփական փորձը, միաժամանակ ներկայացնել նաև Ամերիայի պրոֆեսիոնալ կարողությունները:

Ամերիան հնարավորություն է ստացել տվյալ լոտում ընդգրկված գործընկեր կազմակերպությունների հետ երեք տարի ներկայանալ աշխարհի առաջատար խորհրդատվական ընկերությունների հետ` խորհրդատվական նախագծեր իրականացնելով տարբեր երկրներում: Ամերիայի հետ նույն կոնսորցիումում ընդգրկված է 12 երկրի (Իսպանիա, Հունգարիա, Բելգիա, Ֆրանսիա, Ավստրիա, Հոնդուրաս, Հունաստան, ԱՄՆ, Գերմանիա, Դանիա, Կանադա, Իտալիա) 17 ընկերություն: Կոնսորցիումը գլխավորում է իսպանական «Ալտաիր» ընկերությունը, որը դեռևս 1999թ. մասնակցություն է ունեցել շրջանակային համաձայնագրերի գործընթացին: Լոտ 7-ում ընդգրկված ընկերություններն առաջնորդվում են «Զարգացում` համագործակցության միջոցով» կարգախոսով և ակնկալում են միմյանցից թափանցիկ, վստահելի և արդյունավետ աշխատանք»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---