Կրեմլն ու Սպիտակ տունը ներկայացրել են ՌԴ ու ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցի տարբեր վարկածներ

Կրեմլն ու Սպիտակ տունը ներկայացրել են ՌԴ ու ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցի տարբեր վարկածներ

PanARMENIAN.Net - Մարտի 28-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Օբամայի հետ: Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, շարունակվել է կարծիքների փոխանակումն Ուկրաինայում ճգնաժամի շուրջ:

Պուտինը Բարաք Օբամայի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ շարունակվում են ծայրահեղականների գործողությունները, որոնք անպատիժ մնալով, ահաբեկում են խաղաղ բնակիչներին, իշխանական կառույցներին, իրավապահ մարմիններին տարբեր շրջաններում և Կիևում:

Ռուսաստանի նախագահն առաջարկել է քննարկել միջազգային հանրության հնարավոր քայլերն, ուղղված իրավիճակի կայունացմանը: Պայմանավորվել են, որ առաջիկայում համատեղ պայքարի կոնկրետ պարամետրերը կքննարկեն Ռուսաստանի ու ԱՄՆ ԱԳՆ ղեկավարները:

Ռուսաստանի նախագահը մատնանշել է Մերձդնեստրի արտաքին շրջափակումը, ինչը զգալիորեն դժվարացնում է շրջանի բնակիչների կյանքը, խոչընդոտում նրանց ազատ տեղաշարժին, նորմալ առևտրին ու տնտեսական գործունեությանը: Նշվում է, որ Ռուսաստանը կողմ է Մերձդնեստրի խնդրի արդար ու համապարփակ լուծմանը և գործող «5+2» բանակցային ձևաչափի արդյունավետ աշխատանքին:

Իր հերթին Սիտակ տան մամուլի ծառայության տարածած տեքստը մի փոքր տարբերվում է Կրեմլի տարբերակից: «Նախագահ Պուտինն այսօր հեռաձայնել է նախագահ Օբամային, քննարկելու համար ԱՄՆ առաջարկն Ուկրաինայում ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ, որոնք պետքարտուղար Քերին փոխանցել էր ՌԴ ԱԳ նախարար Լավրովին Հաագայում: Այդ առաջարկը նախապատրաստվել է ԱՄՆ խորհրդակցությունների հիման վրա ուկրաինացի և եվրոպացի գործընկերների հետ: Նախագահ Օբաման նշել է, որ Ռուսաստանը պետք է կոնկրետ պատասխան պատրաստի գրավոր ձևով, նախագահները համաձայնվել են, որ Քերին ու Լավրովը կհանդիպեն հետագա քայլերի քննարկման համար:

Նախագահ Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է սատարել դիվանագիտական կարգավորմանը՝ խորհրդակցություններ անցկացնելով Ուկրաինայի կառավարության հետ և աջակցելով Ուկրաինայի ժողովրդին, նպատակ ունենալով մեղմել ճգնաժամը: Նախագահ Օբաման ակնարկել է, որ դա հնարավոր կլինի միայն, եթե Ռուսաստանն ետ քաշի իր զորքերը և այլ քայլեր չձեռնարկի, որոնք կխախտեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Նախագահ Օբաման կրկնել է, որ Միացյալ Նահանգները կտրականապես դեմ են Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուղղված քայլերին, որոնք ձեռնարկել է Ռուսաստանը»:

Մարտի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով անօրինական է ճանաչում Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալու ու Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ հանրաքվեն։ Բանաձևին «կողմ» է քվեարկել 100 երկրի ներկայացուցիչ, «դեմ»՝ 11, ևս 58-ը «ձեռնպահ» է մնացել։ Դրա ընդունմանը դեմ էին Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Վենեսուելան, Կուբան, ԿԺԴՀ-ն, Զիմբաբվեն, Նիկարագուան, Ռուսաստանը, Սիրիան ու Սուդանը։

Ձեռնպահ են եղել Աֆղանստանը, Ալժիրը, Անգոլան, Անտիգուան, Բարբուդան, Արգենտինան, Բանգլադեշը, Բոտսվանան, Բրազիլիան, Բրունեյը, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Վիետնամը, Գաբոն, Գամբիան, Գայանան, Ջիբութին, Դոմինիկանան, Հնդկաստանը, Իրաքը, Ղազախստանը, Քամբոջան, Քենիան, Չինաստանը, Կոմորյան կղզիները, Լեսոտոն, Մալին, Մավրիթանիան, Մոնղոլիան, Մոզամբիկը, Մյանման, Նամիբիան, Նաուրուն, Նեպալը, Պակիստանը, Պարագվայը, Ռուանդան, Սան Թոմեն ու Փրինսիփին, Սալվադորը, Սվազիլենդը, Սենեգալը, Սենթ Վինսենթն ու Գրենադինները, Սենթ Կիթսն ու Նեվիսը, Սենթ Լյուսիան, Սուրինամ, Թանզանիան, Ուգանդան, Ուզբեկստանը, Ուրուգվայը, Ֆիջին, Շրի Լանկան, Էկվադորը, Եգիպտոսը, Էրիթրեան, Եթովպիան, Հարավային Աֆրիկան, Հարավային Սուդանն ու Ճամայկան։

«Հավանաբար, ճնշման մարտավարությունը, որը կիրառում են մեր արևելյան գործընկերները, նման ազդեցություն է ունեցել, ու որոշ երկրներ սրտի ցավով են քվեարկել, ինչի մասին մեզ ասում էին ու բողոքում իրենց վրա ճնշումներից։ Բայց մեզ համար սա բավական լավ արդյունք է։ Ընդհանուր առմամբ, մենք որոշ բարոյական ու քաղաքական հաղթանակ ունեցանք»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։ «Այս պարագայում Ռուսաստանի մեկուսացման մասին խոսք գնալ չի կարող»,- եզրափակել է նա, տեղեկացնում է Mir-politika․ru-ն։.

ՄԱԿ ԳՎ բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում և պարտադիր չեն կատարման համար: Մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց հանրաքվե ինքնավարության կարգավիճակի մասին, որտեղ բնակչության 96 տոկոսը կողմ արտահայտվեց Ղրիմի միացմանը Ռուսաստանին, իսկ մարտի 18-ին կողմերը ստորագրեցին համապատասխան պայմանագիրը: Պետդուման ու Դաշնության խորհուրդը վավերացրեցին պայմանագիրն ու ընդունեցին դաշնային սահմանադրական օրենք ՌԴ կազմում երկու նոր սուբյեկտների կազմավորման մասին՝ Ղրիմի Հանրապետության և դաշնային նշանակության քաղաք Սևաստոպոլի մասին: Պայամագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման պահից և ուժի մեջ է մտնում վավերացումից հետո:

Մարտի 21-ին ՌԴ նախագահ Պուտինը ստորագրեց պայմանագրի վավերացման մասին օրենքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---