Ազերի զինվորը ինքնասպանության, մյուսը՝ զինակցին դանակահարելու փորձ են արել

Ազերի զինվորը ինքնասպանության, մյուսը՝ զինակցին դանակահարելու փորձ են արել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակում հերթական անգամ զինվորի ինքնասպանության փորձ է գրանցվել: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, N զորամասի զինվոր Ռախիդ Սատար օղլու Ասկերովը վիրավորել է իրեն ամրակցված զենքից: Նա տեղափոխվել է հոսպիտալ: Փաստը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նշենք, որ Ռախիդ Սատար օղլու Ասկերովը զորակոչվել է Շամկիրի շրջանից: Հարուցվել է քրեական գործ, զինդատախազությունը քննություն է վարում:

Ինչպես հայտնում է Haqqin.az-ը, այսօր՝ մարտի 29-ին, հայտնի դարձավ նաև ադրբեջանական բանակի զինվորների միջև տեղի ունեցած դանակահարության մասին: Փաստն անձանագրվել է Ադրբեջանի ՊՆ N զորամասում: Զինվոր Սամեդ Աքբերլին դանակահարել է իր զինակից Քանան Մամեդզադեին վիճաբանության հողի վրա: Մամեդզադեն տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը բավարար է: Փաստի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, զինդատախազությունը հետաքննություն է սկսել:

Ադրբեջանցի զինծառայողները «զարմանալի հետևողականությամբ» փորձում են վերջ տալ կյանքին: Մեծ մասին դա հաջողվում է: Տարեսկզբից ի վեր «անզգուշությամբ» մահափորձերի քանակն անցնում է 20-ից: Եվս 10 զինվոր ինքնասպան է եղել: Զինվորներն օգտագործում են իրենց ամրակցված զենքը, պարաններ և նույնիսկ մկնդեղ:

Այդպես, մարտի 24-ին ինքնաձիգից ինքնասպան է եղել ադրբեջանական բանակի 20-ամյա շարքային Էյբաթօղլու Մահսուդ օղլու Ազիզովը: Նա զորակոչվել էր Ադրբեջանի Խաչմազի շրջանից: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է փաստը: Միջադեպի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, հետաքննությունը վարում է ռազմական դատախազությունը:

Մարտի 22-ին ինքնասպան եղավ Զակատալայում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողը՝ 1992 թվականի ծնված Քերիմով Ալիսահիբ Ալիբակատ օղլուն: Զակատալայի շրջանի կենտրոնական հիվանդանոցում բժշկական փորձաքննության արդյունքում հաջողվել է պարզել, որ մահվան պատճառ է դարձել մկնդեղը, որն ընդունել էր Ա. Քերիմովը:

Նույն օրը Բաքվում նախկին զինծառայող Ալի Մուհամմեդօղլու Ահմեդովը (1972 թվականի ծնված) վնասել էր իրեն: Միջադեպը տեղի էր ունեցել Ադրբեջանի ՊՆ շենքի առջև, որտեղ նախկին զինծառայողը, կանգնելով ՊՆ շենքի դիմաց, կտրել է ձախ ձեռքի երակները:

Ահմեդովը ցանկանում էր ընդունելության հասնել ՊՆ-ում ոտքի ուռուցքի պատճառով: Նրան ոչ ոք չընդունեց, նա էլ կտրեց երակները:

Զանգվածային ինքնասպանություններն Ադրբեջանում, այդ թվում բանակում, վերջին շրջանում չափազանց մտահոգում են ադրբեջանցի փորձագետներին: Ըստ նրանց, ինքնասպանությունների 80 տոկոսն Ադրբեջանում պայմանավորված է սոցիալական խնդիրներով, աղքատությամբ, հուսալքությամբ: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2008 թ. 138 ինքնասպանություն է գրանցվել, 2009-ին՝ 165, 2010-ին՝ 289, 2011-ին՝ 414, 2012-ին՝ 482: 2013 թ. եղել է ինքնասպանության 920 փորձ, սակայն մահացածների մասին հստակ տեղեկություն չկա, թեև մոտավորապես նրանց թիվը հասնում է 500-ի:

Ինքնասպանությունները չեն շրջանցում նաև ադրբեջանական բանակը: 2011 թ. բանակում 12 ինքնասպանություն է եղել, 2012-ին՝ 19, 2013-ին՝ 16, 2014 թ. հունվարին՝ 4:

«Դա բավական է, որպեսզի հասարակությունը ահազանգի: Կառավարությունը պետք է արթնանա և ինչ-որ բան անի, հակառակ դեպքում ինչ խոսք կարող է լինել մարդու իրավունքների մասին»,- ասել է Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին:

Ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեն նշել է, որ որպես կանոն, ինքնասպանության 10 փորձից 1-2-ն ավարտվում են մահով: «Եթե 36 մարդ է մահացել, նշանակում է՝ եղել է 350-400 փորձ: Ինքնասպանությունները երկու դրդապատճառներ են ունենում՝ «չեմ կարող ապրել», «էլ չեմ դիմանում»: Ադրբեջանում ռիսկի խմբում են հայտնվել նույնիսկ երեխաները: Օրերս երրորդ դասարանի աշակերտն ինքնասպան էր եղել, քանի որ հոգնել էր խնամել տատիկին»,- ասել է Իսազադեն:

Ըստ նրա, ինքնասպան եղողների միայն 10-15 տոկոսն է հոգեպես աննորմալ: Ինքնասպանություններ են կատարում նրանք, ովքեր ունեն սոցիալական խնդիրներ, առաջին հերթին կանայք: Խնդիրների պատասխաններ չգտնելով, մարդիկ սկսել են ցուցադրաբար ինքնահրկիզվել, քանի որ հանրությունն անտարբեր է այլոց խնդիրների հանդեպ, ասել է Իսազադեն:

Ադրբեջանցի փորձագետները նշում են, որ իշխանությունները թաքցնում են ինքնասպանությունների փաստերը, ավելի հաճախ բանակում ու բանտերում: 90 տոկոսի դեպքում հետաքննություն չի անցկացվում: «Ընտանիքում և բանակում հաճախ ինքնասպանությունները տեղի են ունենում սեռական շահագործման հողի վրա, սակայն դա թաքցվում է: Ամեն դեպքում պետք է քրեական գործ հարուցվի», -ասել է «Իսլամ, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ» ադրբեջանական ՈԿԿ ղեկավար Այտեկին Իմրանովան: Ըստ փորձագետների, ամեն տարի ինքնասպանություն են կատարել 80-90 երեխաներ:

Ադրբեջանում ինքնասպանությունների պատճառներից մեկը բողոքն է ժողովրդավարական ազատությունների խախտման, դատարաններում արդարության բացակայության դեմ: «Քանի որ թույլ չեն տալիս բողոքել ժողովրդավարական ճանապարհով, մարդիկ դիմում են հուսահատ ու ցուցադրական քայլերի», -ասել է իրավաբան Նամիզադ Սաֆարովը:

«Կառավարության պահվածքը ղարաբաղյան պատերազմի վետերան Զաուր Հասանովի ինքնահրկիզման ժամանակ նպաստեց նման դեպքերի աճին: Մարդիկ մտածեցին, որ այդպիսով կհասնեն իրենց խնդիրների լուծմանը: ԶԼՄ-ները չպետք է ռոմանտիկ լույսի ներքո ներկայացնեն ինքնասպանությունները և ներկայացնեն որպես միակ ելք», -ասել է ադրբեջանցի փորձագետ Ուլվիա Ասազադեն:

Ընդհանուր առմամբ Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրությունը: Սակայն ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, 2014 թվականի հունվարին Ադրբեջանում ինքնասպան է եղել առնվազն 32 մարդ: Գրանցվել է նաև մինչև 18 տարեկան երեխաների շրջանում 4 ինքնասպանություն: Միայն մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանում ինքնահրկիզվել է ղարաբաղյան պատերազմի երեք վետերան՝ իրենց իրավունքների խախտման, դրամաշորթության ու այլ պատճառներով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---