Սիրիայում ապստամբների կողմից կռվող ևս երկու ադրբեջանցի է սպանվել

Սիրիայում ապստամբների կողմից կռվող ևս երկու ադրբեջանցի է սպանվել

PanARMENIAN.Net - Սիրիայում Բաշար Ասադի կառավարության դեմ կռվող ևս երկու ադրբեջանցի է սպանվել: Ըստ ադրբեջանական APA գործակալության, սպանված գրոհայիններն Ադրբեջանի քաղաքացիներ են՝ Իբրահիմ Սումգայիթլի և Սեյֆուլլահ Շեքիլի մականուններով, որոնք ընդգրկված էին «Իրաքի և Շամայի պետություն» խմբավորման զինյալների շարքերում:

Սումգայիթի բնակչի իսկական անունն է Ռուֆատ Աշուրով, իսկ Շեքիի շրջանի Սեյֆուլլահ մականունով գրոհայինի անունն է Ռուսլան Մամեդով:

Սիրիայում իրավիճակի սրվելուն պես Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ մեկնեցին այդ երկիր և կռվում են կառավարական զորքերի դեմ ապստամբ զինյալների շարքերում: Այդ ընթացքում սպանվել է մոտ 100 ադրբեջանցի: Նրանց մեծամասնության լուսանկարները մոջահեդները տարածել են սոցցանցերում:

Մարտի 22-ից ի վեր Սիրիայում ոչնչացվել է արդեն 16 ադրբեջանցի գրոհային: Մարտի 22-ին Սիրիայում «Իրաքի և Շամայի պետություն» խմբավորման և «Քուրդ YPG » խմբավորման զինյալների միջև մարտում ոչնչացվել է 25 ահաբեկիչ, որից 12-ը ադրբեջանցիներ են: Սպանված ադրբեջանցիներից մեկը՝ Մուսաբ Աբդուրահիմ Աբդուլմաջիդը «Իրաքի և Շամայի պետություն» խմբավորման կազմում եղել է ազերի գրոհայինների հրամանատարը: Մեկ այլ սպանված ահաբեկիչ՝ Ջեյհուն Բայրամովը, պարզվում է, հայտնի մարզիկ էր, նա Ադրբեջանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ էր:

Մարտի 27-ին Սիրիայում սպանվեցին ևս երկու ազերի ահաբեկիչներ: Տարբեր տվյալներով, Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում է մոտ 250 ադրբեջանցի: Անցյալ տարվա մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես եկան հերթական տեսաուղերձով՝ կոչ անելով իրենց հայրենակիցներին մասնակցել «ջիհադին Սիրիայում»:

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, անդրադառնալով այն փաստին, որ վերջին շրջանում շատերը մեկնում են Սիրիա և այլ երկրներ շահիդության նպատակով, պահանջ ներկայացրեց ադրբեջանական մզկիթների իմամներին ու ախունդներին: «Մեր մարդիկ, մոռանալով Ղարաբաղի մասին, արձագանքելով տարբեր կոչերի, մեկնում են օտար երկրներ: Ո՞ւր են նայում մեր իմամներն ու ախունդները: Ես գրավոր հաշվետվություն եմ պահանջում: Մեր իմամներն ու ախունդները, քարոզներ կարդալով իսկական շահիդության մասին, պետք է դրա էությունը բացատրեն մարդկանց և հեռու պահեն կեղծ ճանապարհից: Նրանք գրավոր են հաշվետու լինելու այդ մասին», -ասել է Փաշազադեն:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---