Փարիզում Լավրովն ու Քերին «անարդյունք» բանակցություններ են անցկացրել Ուկրաինայի վերաբերյալ

Փարիզում Լավրովն ու Քերին «անարդյունք» բանակցություններ են անցկացրել Ուկրաինայի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Ֆրասիայի մայրաքաղաքում ավարտվեցին բանակցությունները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև, որոնք նվիրված էին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, դրանք սակայն կոնկրետ արդյունք չեն տվել:

4-ժամյա հանդիպման ավարտին Քերին ու Լավրովը ելույթ ունեցան լրագրողների առջև: Հայտարարվեց, որ ուկրաինական խնդրի քաղաքական լուծման համար նախատեսվում է շարունակել բանակցությունները, սակայն հաջորդ հանդիպման ամսաթիվն այս պահին որոշված չէ, հայտնում է «Վեչերնիե վեդոմոստի» թերթը:

Ըստ «Էխո Մոսկվիի» հաղորդագրության, Վաշինգտոնն առաջարկում է վերադարձնել ռուսական զորքերը տեղակայման վայրեր, որտեղ դրանք գտնվել են մինչև մարտի 1-ը: Բացի այդ, ԱՄՆ-ն հանդես է գալիս Մոսկվայի ու Կիևի միջև ուղիղ բանակցությունների օգտին, իսկ եթե պետք է, ապա նաև միջազգային միջնորդների մասնակցությամբ: Անհրաժեշտ են նաև միջազգային տեսչություններ, այդ թվում ԵԱՀԿ-ի, ողջ տարածքում և անպայման նաև Ղրիմում: Եվս մեկ կետով ԱՄՆ-ն առաջարկում է Մոսկվային ճանաչել մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունները:

Իր հերթին Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոսկվան կողմ է Ուկրաինայում նոր սահմանադրության ընդունման, մասնավորապես, երկրի ֆեդերալիզացիային: Բացի այդ, ասել է նա, Ռուսաստանը մտադիր չէ հատել Ուկրաինայի սահմանները: Ավելի ուշ Ջոն Քերին, ելույթ ունենալով ԱՄՆ դեսպանատանը լրագրողների առջև, ասել է, որ ԱՄՆ առաջարկների թվում էին նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովումը, լեզվական խնդիրների կարգավորումն Ուկրաինայում, միջազգային դիտորդների ներգրավումը, ներառական սահմանադրական բարեփոխումը, բոլոր ապօրինի զինյալ կազմավորումների զինաթափումը: Սակայն Քերին նշել է, որ Ուկրաինայի վերաբերյալ որոշումները չեն կարող ընդունվել առանց լեգիտիմ կառավարության մասնակցության, որը գլխավորում է Արսենի Յացենյուկը:

Նշվում է, որ Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերն ետ քաշելու մասին պայմանավորվածությունը չի կատարվել, սակայան, նույնիսկ անկախ դրանից ամերիկացի փորձագետները հակված են մտածելու, որ ներխուժում չի լինի, գրում է «Աշխարհն ու քաղաքականությունը»:

Անցած շաբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկեց ԱՄՆ նախագահ Օբամային դիտարկել Ուկրաինայում իրավիճակի կայունացմանն ուղղված հնարավոր քայլերը: Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը Բարաք Օբամայի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ շարունակվում են ծայրահեղականների գործողությունները, որոնք անպատիժ մնալով, ահաբեկում են խաղաղ բնակիչներին, իշխանական կառույցներին, իրավապահ մարմիններին տարբեր շրջաններում և Կիևում:

Ռուսաստանի նախագահն առաջարկել է քննարկել միջազգային հանրության հնարավոր քայլերն, ուղղված իրավիճակի կայունացմանը: Պայմանավորվել են, որ առաջիկայում համատեղ պայքարի կոնկրետ պարամետրերը կքննարկեն Ռուսաստանի ու ԱՄՆ ԱԳՆ ղեկավարները:

Մարտի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով անօրինական է ճանաչում Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալու ու Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ հանրաքվեն։ Բանաձևին «կողմ» է քվեարկել 100 երկրի ներկայացուցիչ, «դեմ»՝ 11, ևս 58-ը «ձեռնպահ» է մնացել։ Դրա ընդունմանը դեմ էին Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Վենեսուելան, Կուբան, ԿԺԴՀ-ն, Զիմբաբվեն, Նիկարագուան, Ռուսաստանը, Սիրիան ու Սուդանը։

Ձեռնպահ են եղել Աֆղանստանը, Ալժիրը, Անգոլան, Անտիգուան, Բարբուդան, Արգենտինան, Բանգլադեշը, Բոտսվանան, Բրազիլիան, Բրունեյը, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Վիետնամը, Գաբոն, Գամբիան, Գայանան, Ջիբութին, Դոմինիկանան, Հնդկաստանը, Իրաքը, Ղազախստանը, Քամբոջան, Քենիան, Չինաստանը, Կոմորյան կղզիները, Լեսոտոն, Մալին, Մավրիթանիան, Մոնղոլիան, Մոզամբիկը, Մյանման, Նամիբիան, Նաուրուն, Նեպալը, Պակիստանը, Պարագվայը, Ռուանդան, Սան Թոմեն ու Փրինսիփին, Սալվադորը, Սվազիլենդը, Սենեգալը, Սենթ Վինսենթն ու Գրենադինները, Սենթ Կիթսն ու Նեվիսը, Սենթ Լյուսիան, Սուրինամ, Թանզանիան, Ուգանդան, Ուզբեկստանը, Ուրուգվայը, Ֆիջին, Շրի Լանկան, Էկվադորը, Եգիպտոսը, Էրիթրեան, Եթովպիան, Հարավային Աֆրիկան, Հարավային Սուդանն ու Ճամայկան։

«Հավանաբար, ճնշման մարտավարությունը, որը կիրառում են մեր արևելյան գործընկերները, նման ազդեցություն է ունեցել, ու որոշ երկրներ սրտի ցավով են քվեարկել, ինչի մասին մեզ ասում էին ու բողոքում իրենց վրա ճնշումներից։ Բայց մեզ համար սա բավական լավ արդյունք է։ Ընդհանուր առմամբ, մենք որոշ բարոյական ու քաղաքական հաղթանակ ունեցանք»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։ «Այս պարագայում Ռուսաստանի մեկուսացման մասին խոսք գնալ չի կարող»,- եզրափակել է նա, տեղեկացնում է Mir-politika․ru-ն։.

ՄԱԿ ԳՎ բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում և պարտադիր չեն կատարման համար: Մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց հանրաքվե ինքնավարության կարգավիճակի մասին, որտեղ բնակչության 96 տոկոսը կողմ արտահայտվեց Ղրիմի միացմանը Ռուսաստանին, իսկ մարտի 18-ին կողմերը ստորագրեցին համապատասխան պայմանագիրը: Պետդուման ու Դաշնության խորհուրդը վավերացրեցին պայմանագիրն ու ընդունեցին դաշնային սահմանադրական օրենք ՌԴ կազմում երկու նոր սուբյեկտների կազմավորման մասին՝ Ղրիմի Հանրապետության և դաշնային նշանակության քաղաք Սևաստոպոլի մասին: Պայամագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման պահից և ուժի մեջ է մտնում վավերացումից հետո: Մարտի 21-ին ՌԴ նախագահ Պուտինը ստորագրեց պայմանագրի վավերացման մասին օրենքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---