Կովկասյան հովազի պահպանմանն ուղղված FPWC-ի նախագիծը ստացել է National Geographic-ի մրցանակը (վիդեո)

Կովկասյան հովազի պահպանմանն ուղղված FPWC-ի նախագիծը ստացել է National Geographic-ի մրցանակը

PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կովկասյան հովազի և վերջինիս կենսամիջավայրի պահպանմանն ուղղված հայաստանյան նախագիծը Գերմանիայի National Geographic-ի միջազգային մրցանակ է ստացել: Եվրոպական բաց տարածքների պահպանման ասոցիացիա (EOCA) հայտ ներկայացրած բազմաթիվ միջազգային բնապահպանական նախագծերից Հայաստանում կովկասյան հովազի պահպանման նախագիծը 6 լավագույնների շարքում էր։ Արդյունքում՝ օնլայն քվեարկությունում հավաքելով ձայների 34%-ը (21․179 քվեից 7․238), այն դարձել է առաջատարն ու ստացել մոտ 30․000 եվրո կազմող մրցանակը։

Հիմնադրամը գումարը դեռ չի ստացել։ Մրցանակն ուղղվելու է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում հովազի համար անհրաժեշտ տարածքների պահպանմանն ու ընդլայնմանը, անտառապահների վերազինմանը, ծառատունկին և այլն։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր առջև խնդիր է դրել նաև ավելացնել կովկասյան հովազի մշտադիտարկումները, ինչը հնարավորություն կընձեռի էլ ավելի շատ գիտական և դաշտային տեղեկություններ ստանալ կատվազգիի մասին:

Ներկայումս Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում, որտեղ հովազին ֆիքսել էին Հիմնադրամի տեսախցիկները, հանդիպող վտանգված կենդանատեսակներից են նաև բեզոարյան այծը, անդրկովկասյան գորշ արջը, սև անգղը, սպիտակագլուխ անգղը, գառնանգղը, քարարծիվը, հայկական իժը, երկարաոտն սցինկն ու ոչ միայն․ բոլորն էլ գրանցված են Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում։ Ապաստարանում ապրող կովկասյան հովազը, որի գոյության նախանշաններ կային դեռ 2012-ից, կորցրել է աջ հետին թաթը։ Հիմնադրամը խորհրդակցել է մի շարք միջազգային մասնագետների հետ, ինչի արդյունքում ենթադրություն է արվել, որ կենդանին հավանաբար թաթը կորցրել է, երբ դեռ ձագ էր` ընկնելով արջի կամ գայլի համար նախատեսված թակարդը, հակառակ դեպքում կենդանին այդքան լավ չէր տեղաշարժվի: Այնուամենայնիվ, մասնագետների կարծիքով, եթե հովազը մինչև հիմա ողջ է և կարողանում է որս անել, ուրեմն կշարունակի ապրել։

Մասնագետները չեն բացառում հավանականությունը, որ շուտով կարող է էգ հովազ էլ հայտնվել։ Ըստ Բնության պահպանության միջազգային միության` Հայաստանի տարածքում առավելագույնը 13 կովկասյան հովազ կա, չնայած այս ընթացքում դրանցից մեկին Հիմնադրամն է հայտնաբերել, մյուսին՝ WWF Հայաստանը։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տեսախցիկները կովկասյան հովազին ամբողջությամբ տեսագրել էին դեռ 2013-ի աշնանը։ Տեղական և միջազգային կազմակերպությունների համապատասխան մասնագետների հետ խորհրդակցության գործընթացում ներգրավվել էին մի շարք հեղինակավոր փորձագետներ, այդ թվում՝ Լինդա Կերլին («Սիբիրյան վագր» ծրագրի ղեկավար, Լոնդոնի կենդանաբանական միություն), Ալեքս Սլիվան (Եվրոպական կենդանաբանական այգիների կատվազգիների գծով խմբի նախագահ) և Լյուկ Հանթերը («Պանտերա» ընկերության նախագահ): Հաշվի առնելով էգ հովազին հանդիպելու հնարավորությունը` մասնագետները նշել էին, որ կենդանին պետք է շարունակի ապրել ու բազմանալ ազատ պայմաններում` բնության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---