Կառավարությունը դե ֆակտո կասեցրեց կուտակայինի պարտադիր բաղադրիչը

Կառավարությունը դե ֆակտո կասեցրեց կուտակայինի պարտադիր բաղադրիչը

PanARMENIAN.Net - Կառավարությունը նոր օրենքով դե ֆակտո կասեցրել է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը: Այս մասին գործադիրի ապրիլի 23-ի նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ վստահություն հայտնելով, թե այն կազմակերպությունները, որոնք աշխատավարձերի բարձրացման ճանապարհով իրենք են ստանձնել աշխատողների վճարումների բեռը՝ կշարունակեն կատարել վճարումները:

«Այդ գումարները ոչ մի տեղ չեն կորչում, դրանք աշխատողների գումարներն են, և պարզապես խնդրում եմ ընդամենը մի քանի ամիս սպասել` դրանց վերահաշվարկի մեխանիզմներն ամրագրելու համար: Բոլոր արդեն իսկ վճարած աշխատողները միայն կշահեն»,- ասել է վարչապետը:

Այսպիսով, գործադիրը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու օրենքի նախագծին: Այն կասեցվում է մինչև ՀՀ սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը: Գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետում պարտադիր կենսաթոշակային վճար չկատարելու դեպքում անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված տույժ՝ յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոս: Հաջորդ որոշմամբ Կառավարությունն անհետաձգելի է համարել վերը նշված օրինագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Ներկայացնելով որոշումը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին օրերին մանրամասն ծանոթացել է կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններին, զրուցել «Դ!ԵՄ ԵՄ» շարժման երիտասարդների հետ, խնդիրը քննարկել խորհրդարանական ուժերի հետ, մանրամասն ուսումնասիրել հրապարակված բոլոր հիմնավորումները: Մանրամասն խորհրդակցել է հանրապետության նախագահի, իշխող Հանրապետական կուսակցության գործընկերների հետ և այժմ պատրաստ է հնչեցնելու այն հիմնական 7 դրույթը, որոնք, իր կարծիքով, պետք է հիմք հանդիսանան կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը կազմակերպելու համար:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներն ապրիլի 22-ին քննարկել են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը։ Գործադիրի ղեկավարի հետ քննարկմանը չի մասնակցել միայն ՀԱԿ-ը։ Հանդիպմանը ընդգծվել է քաղաքական գործակցության նման ձևաչափի անհրաժեշտությունը և կարևորվել դրա շարունակականությունը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել ուրվագծել խորհրդարանական ուժերի և Կառավարության բաց, անկաշկանդ գործակցության ուղիները, այդ թվում տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ, ինչը կնպաստի երկրում վստահության ամրապնդմանը:

Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ կարևորում է խորհրդարանական խմբակցությունների հետ գործակցությունը և պատրաստ է հետագա երկխոսության` տարբեր ձևաչափերով, տեղեկացնում են գործադիրի մամուլի ծառայությունից: Երկխոսության շրջանակում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումներն են արտահայտել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ և տարբեր առաջարկություններ ներկայացրել:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ սեղմ ժամկետում նախապատրաստվելու է օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:

Վարչապետը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները պատգամավորների և շահարգիռ կողմերի հետ՝ կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների համակողմանի լուծմանը հասնելու համար:

«Առաջարկվող 7 դրույթները շարադրված են առանց որևէ ենթատեքստի, և հուսով եմ, որ դրանք շատ արագ կդառնան հասարակական-քաղաքական ուժերի ջանքերի համատեղման և միասնական աշխատանքի ուղեցույց: Եվ այսպես`

1. Կենսաթոշակային բարեփոխումները կենսական անհրաժեշտություն ունեն մեր երկրի համար, և մենք պարտավոր ենք ապահով և արժանապատիվ ծերություն ապահովել բոլորի համար՝ անկախ կուսակցական պատկանելությունից և սոցիալական կարգավիճակից: Հետևաբար, դրան պետք է հասնենք բոլորս միասին, համատեղ ջանքերով: Կենսաթոշակային բարեփոխումների հաջողությունը պետք է դառնա քաղաքական, հասարակական բոլոր ուժերի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց Երկիր» կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգություն» կուսակցության, «Դ!ԵՄ ԵՄ» շարժման, ինչպես նաև այլ հասարակական-քաղաքական կազմակերպությունների և անհատների հաղթանակը:

2. 2014-ի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովը կսկսի քննարկել օրենքի նախագիծ, որով, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, ԱԺ-ի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Այս նախագիծը հանրությունն արդեն անվանել է «Պարտադիրի բաղադրիչի կասեցման» նախագիծ: Տվյալ խնդրին քիչ թե շատ քաջատեղյակ մարդիկ հասկանում են, որ դրանով այս պահին «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է:

3. ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը մեզ պարտադրում է փոխել կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը: Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը մենք պետք է ունենանք այլ փաթեթ, որը համահունչ կլինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և ընդունելի` հասարակության լայն շերտերի համար:

4. Այսօրվանից մենք անցնում ենք «Կենսաթոշակային բարեփոխումներ՝ առավելագույն ճկունության պայմաններում» բանաձևին: Դա նշանակում է, որ նպատակին հասնելու ենք հնարավորինս ընդունելի ու անցավ ճանապարհով և, որ ամենակարևորն է, միասնական աշխատանքի շնորհիվ:

5. Վստահ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։ «Պարտադիր, բայց ոչ պարտադրված»:

6. Եվ այն պահին, երբ ձեզ հետ միասին ինքս էլ համոզվեմ, որ արդեն գտել ենք ՀՀ սահմանադրական դատարանի պահանջներին բավարարող այնպիսի լուծում, որն ընդունելի և ընկալելի է նաև մեր քաղաքացիների տարբեր շերտերի համար, այն ժամանակ բոլորիդ խոստանում եմ, որ հետևողականորեն իրագործելու եմ այն: Եթե նույնիսկ մնան փոքր խմբեր, որոնք կշարունակեն ընդդիմանալ, ես կրկնակի հետևողական կլինեմ՝ յուրաքանչյուրին անձամբ բացատրելով, որ իրենք սխալվում են, բայց դրա համար նախ ինքս պետք է վստահ լինեմ, որ ճիշտ ենք գործում»,- նշել է վարչապետը՝ հայտարարելով, որ վաղվանից բոլորի հետ սկսում են համատեղ աշխատել:

«Ովքեր համատեղ աշխատանքից խուսափելու պատճառներ ներկայացնեն, անձնապես կվիրավորեն ինձ, քանի որ նորանշանակ` 10-օրյա պաշտոնավարման ժամկետ ունեցող վարչապետին ամեն ինչ շատ արագ ուղղելու հնարավորություն չտալն ազնիվ չեմ համարի։ Եվ վերջում, ուզում եմ բոլորին ասել, որ ես էլ եմ դեմ.

-Դե՛մ եմ, որ որևէ մեկը որևէ հարցով խախտի ՀՀ սահմանադրությունը,

-Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձևով կյանքի կոչվեն,

-Դե՛մ եմ, որ մեր քաղաքացիների մոտ որևէ հարց բաց կամ չպարզաբանված մնա,

-Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների նման կարևոր ծրագրում որևէ շահառու խմբի ձայն չլսված մնա: Դեմ եմ: Բայց, որ ավելի կարևոր է, ես կողմ եմ: Կողմ եմ կենսաթոշակային բարեփոխումների ամենաարդյունավետ ու ընդունելի ճանապարհ գտնելուն ու կողմ եմ այն համատեղ իրականացնելուն»,- նշել է վարչապետը:

Միևնույն ժամանակ Գիտությունների ազգային ակադեմիայում տարեկան ժողովում իր ելույթում ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը նշել է, որ կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի իրագործման դեպքում կկորցնենք այն երիտասարդներին, ովքեր գալիս են գիտություն, ու Կառավարությունը պետք է ուղիներ գտնի այդ հարցը լուծելու համար, գրում է Panorama.am-ը:

Ժողովին ներկա նախագահ Սերժ Սարգսյանն ի պատասխան ակադեմիկոսի դժգոհությանն ասել է, որ գործադիրի կայքում այսօր կլինի մի փաստաթուղթ, որը կարտահայտի նոր Կառավարության վերաբերմունքը կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգին. «Կտեսնեք, որ քայլեր ձեռնարկվում են»:

«Ցանկացած առիթով կարող են լինել դժգոհություններ: Եթե նախագահը, Կառավարությունը ղեկավարվի միայն մարդկանց դուր եկող թեզիսներով, առաջընթաց չենք ունենա»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Իսկ մինչ այդ ՊԵԿ-ն արձագանքել է պարտադիր կուտակային վճարների համար նախատեսված դաշտն անջատելու մասին տեղեկությանը։ Հարցմանը, թե որքանով է իրականությանը համապատասխանում տեղեկությունը, որ մինչև շաբաթվա վերջ Պետեկամուտների կոմիտեն կանջատի գործատուների կողմից ՊԵԿ-ին ներկայացվող եկամտային հարկի հաշվետվության ավտոմատ համակարգի այն դաշտը, որը նախատեսված է պարտադիր կուտակային վճարների համար և եթե իրականությանը համապատասխանում է, ապա ե՞րբ է նախատեսվում այդ գործընթացը,ՊԵԿ լրատվական ծառայությունից պատասխանել են.

«Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի հաշվարկներն ընդունելու և մշակելու, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար համակարգչային ծրագիրը նախագծվել է (մշակվել է) համապատասխան տեխնիկական առաջադրանքի հիման վրա, որը հաստատվում և փոփոխվում է Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի կողմից, հետևաբար, ՊԵԿ-ն ինչպես այդ հարցին, այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից բխող պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող այլ հարցերի կարող է անդրադառնալ Կառավարման խորհդի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո, որի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի»:

«Դ!ԵՄ ԵՄ» քաղնախաձեռնությունն ապրիլի 18-ին նախագահական նստավայրի դիմաց ցույց էր կազմակերպել: Նախաձեռնության անդամներն ավելի վաղ հայտարարել էին, որ ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: «Այսօր, երբ Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը Կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջն ու կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը»,- ասվում էր նրանց հայտարարության մեջ:

Նախագահական նստավարի դիմաց «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակցիայի մասնակիցներին էր այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նախաձեռնության անդամները գործադիրի ղեկավարին էին ներկայացրել խմբի պահանջները։

Հովիկ Աբրահամյանը նշել էր, թե յուրաքանչյուր հարցի, որը բարձրացվել է, փորձելու են լուծում տալ։ «Իմ մոտեցումն է՝ չսպասել մինչը սեպտեմբերի 30-ը։ Առաջին քայլն արված է: Չգիտեմ` կարող ենք վաղը բոլոր կետերի պատասխանը տալ, թե` ոչ, մեզ ժամանակ է պետք, բայց որ քայլեր ենք անելու` այդպես է, հավատացեք, խնդրում եմ»,- ասել էր վարչապետը՝ հավելելով, որ առաջիկայում հարցը կքննարկեն Կառավարությունում ու ԱԺ խմբակցությունների հետ ու կներկայացնեն իրենց անելիքները։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ

Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5%-ն այդ աշխատողների անհատական հաշիվներին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի փոխանցի:

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ«համակարգը թերի է»: 2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը:

Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը։

Մարտի 28-ին մեկնարկած դատական նիստի որոշումը ՍԴ-ն կայացրեց ապրիլի 2-ին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր ճանաչելով։ 64 էջանոց համախատասխան որոշումը հրապարակել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվեց։

Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ տվեց՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:

Ապրիլի 17-ին վարչապետը հանձնարարեց շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետում օրենքի նախագիծ պատրաստել, որով մինչև Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովը կկասեցնի տույժերի հաշվարկը: Կառավարության առաջարկող օրենքի նախագիծն Ազգային ժողովում սկսեցին քննարկել ապրիլի 28-ին:

Արդեն մայիսի 15-ին խորհրդարանն ամբողջովին ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարության օրինագիծը: Դրանով պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորությունը կրող անձն ազատվում է մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Նախագահ Սերժ Սարգսյանն օրենքը վավերացրեց մայիսի 26-ին:

Հունիսի 17-ի արտահերթում Կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին: Դրանով նախատեսվում է 2014-ի հուլիսի 1-ից պետական հատվածի աշխատողների համար գործարկել նպատակային սոցիալական վճարի համակարգը, որը մինչև 2017-ի հուլիսի 1-ը մասնավոր հատվածի համար կլինի կամավոր։ Դրա դրույքաչափը նույնպես 5 տոկոս է: Առաջարկվում է սահմանել 500․000 դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25․000 դրամ՝ կախված աշխատավարձի չափից: Նախագիծը քննարկելու համար գործադիրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրեց։

Հունիսի 21-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։ Քվեարկությանը մասնակցեց միայն ՀՀԿ-ն։ Քվեարկությունը բոյկոտած ԱԺ ոչ իշխանական ուժերը տեղեկացրին, որ դիմելու են Սահմանադրական դատարան` վիճարկելու ստեղծված իրավիճակն ու օրենքի խախտումով տեղի ունեցած քվեարկությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---