Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներին, ներկայացրել քաղաքական իրավիճակը տարածաշրջանում

Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներին, ներկայացրել քաղաքական իրավիճակը տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ: Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար: Հովիկ Աբրահամյանը ողջունել է ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:

Պատվիրակության կազմում են կոնգրեսականներ Էլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լոյս Ֆրենկելը։ Մինչ Հայաստան գալը պատվիրակությունն այցելել է Ադրբեջան և Ուկրաինա:: Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը հայտարարել է, որ իենք այստեղ ենք ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։

Կոնգրեսականները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Նրանք նշել են, որ կարևոր էր ապրիլի 24-ին գտնվել Երևանում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Մեր զորակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին, որին, չնայած բազմաթիվ զրկանքներին, հաջողվել է մեծ կամքի և տոկոնության շնորհիվ պահպանել և զարգացնել իր մշակույթը»,- նշել է Էդ Ռոյսը:

Հովիկ Աբրահամյանը, կարևորելով հայ-ամերիկյան գործակցությունը, նշել է, որ որպես վարչապետ իր առաջնայնություններից է ԱՄՆ-ի հետ երկկողմ գործակցության ամրապնդումն ու հետագա զարգացումը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը և տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն աջակցություն ցուցաբերելու համար:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացումը` մասնավորապես ընդգծելով առևտրաշրջառանության ծավալների ընդլայնման և ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, վարչապետը նշել է, որ իրականացվելիք տնտեսական քաղաքականությունը հաստատակամորեն ուղղված է լինելու հավասար մրցակցային պայմանների ամրապնդմանը: Այդ առումով, կոնգրեսականները համոզմունք են հայտնել, որ դա կնպաստի ամերիկյան տարբեր ընկերությունների կողմից ներդրումների ներգրավմանը:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանը կոնգրեսականներին մանրամասն ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը: Միաժամանակ, կառավարության ղեկավարն անընդունելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ԼՂ խնդրի հետ կապելու գործելաոճը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի շրջանակում ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպումից հետո ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի, ինչպես նաև` Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի, անդամներ Րաֆֆի Համբարյանի, Նոռա Հովսեփյանի, Ստիվ Հովսեփյանի, Րաֆֆի Գարագաշյանի այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց Էկումենիկ կենտրոն:

Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի:

Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծել է, որ հայ ժողովրդի համար նվիրական այս օրով կոնգրեսականների այցը Հայաստան մեծագույն մխիթարություն է պարգևում աշխարհասփյուռ հայությանը:

Կոնգրեսականներն իրենց հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսին են ներկայացրել Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքները` միաժամանակ իրենց զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում հյուրերը ծանոթացել են Հայաստանյան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Սուրբ Էջմիածինը և Հայոց Ցեղասպանությունը» թեմայով շարժական ցուցահանդեսին, ապա մասնակցել Թուրքիայի Հանրապետությունում կրոնական կազմակերպությունների և Եկեղեցիների վիճակին նվիրված քննարկմանը:

Հանդիպումից հետո հյուրերը շրջել են Մայր Աթոռի թանգարաններում և եղել Մայր Տաճարում:

ԱՄՆկոնգրեսականների հետ ապրիլի 25-ին հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նախագահ Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարևոր է համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը` դիտարկելով այն որպես բարեկամ երկիր, որտեղ բնակվում են միլիոնավոր հայեր:

Ապրիլի 24-ին կոնգրեսականները հանդիպել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմը, Դևիդ Վալդաոն ու Ֆրենկ Փալոունը մայիսին ԱՄՆ Կոնգրես ներկայացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահին աշխատել կառուցողական և արդար հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ, որոնք հենված կլինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստերի ու հետևանքների ճանաչման, ինչպես նաև մարդկայնության դեմ այդ ոճրագործության միջազգային ճանաչման ու արդար հանգուցալուծման վրա:

Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը նաև ներկայացվել էր ԱՄՆ Սենատ 2013-ի ապրիլին սենատոր Մարկ Քըրքի կողմից: Այն հիմնված էր ԱՄՆ կառավարության 1951 թվականի մայիսի 28-ի հայտարարության վրա, որով Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է որպես մարդկայնության դեմ հանցագործություն, նախագահ Ռոնալդ Ռեյգանի 1981-ի ապրիլի 22 -ի հայտարարության, ինչպես նաև 1975 և 1984 թթ. Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վրա:

Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան ընդունվել է 1948-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից և ուժի մեջ է մտել 1951-ի հունվարին: Այն հանդիսանում է ցեղասպանության իրավական սահմանումը և հանդիսանում է իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից իրականացվող բազմամյա կամպանիայի հանգուցակետը, ով ստեղծեց «գենոցիդ» եզրը` հենվելով ասորիների կոտորածների, Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության վրա: Բոլոր մասնակից երկրներին խորհուրդ էր տրվում կանխել և պատժել ցեղասպանության գործողությունները պատերազմական և խաղաղ իրավիճակներում: Կոնվենցիան վավերացրած պետությունների թիվը ներկայումս 141 է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---