Գյուլը պնդում է, որ Եվրամիությունը չպետք է հապաղի Թուրքիայի անդամակցության հարցում

Գյուլը պնդում է, որ Եվրամիությունը չպետք է հապաղի Թուրքիայի անդամակցության հարցում

PanARMENIAN.Net - Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցային գործընթացում տատանումներ չպետք է լինեն, քննարկման համար պետք է բաց լինեն բոլոր բաժինները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հետ հանդիպմանը, որն Անկարայում է գտնվում պաշտոնական այցով: Ինչպես գրում է Daily Sabah-ը, Գյուլը շեշտել է, որ 53 տարի առաջ Գերմանիա արտագաղթած թուրքերը կարևոր տեղ են զբաղեցնում Թուրքիայի ու Գերմանիայի հարաբերություններում: «Այդ մարդկանց հայրենիքը, որոնք բարեկամության կամուրջներ կապեցին մեր երկրների միջև, Գերմանիան է»,-ասել է նա:

Թուրքիայի նախագահը բաժինների քննարկումն անվանեց «տեխնիկական» գործընթաց՝ կոչ անելով ԵՄ 28 անդամներին չարգելափակել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: «ԵՄ-ն որոշում է կայացրել Թուրքիայի անդամակցության մասին միաձայն, և, ես գտնում եմ, որ անհրաժեշտ է այս գործընթացն ավարտին հասցնել»,-ասել է Գյուլը:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները վերջերս քաոսային բնույթ են ստացել, վերջին 3 տարիներին բանակցությունները սառեցված էին, մինչև որ անցյալ տարվա նոյեմբերին բանակցությունների համար բացվեց նոր՝ 22-րդ գլուխը:

Իր հերթին Գերմանիայի նախագահ Գաուկը նշեց, որ մոտ 3 միլիոն թուրք ներգաղթյալներ են ապրում Գերմանիայում և աշխատում են հանուն երկրի բարգավաճման, որը դարձել է նրանց հայրենիքը:

Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններ

Թուրքիան ԵՄ մուտք գործելու բանակցություններն սկսել է 2005 թ. : 1963 թ. Թուրքիան Եվրոպական տնտեսական համագործակցության հետ պայմանագիր է ստորագրել, որի համաձայն երկիրն իրավունք է ձեռք բերում ԵՄ մուտք գործելու:

1978-1979 թթ. Թուրքիային առաջարկում են Հունաստանի հետ միասին անդամագրվել ԵՏՀ մեջ, որից հրաժարվում է: 1980 թ. զինվորական հեղաշրջումից հետո Եվրոպան դադարեցնում է Անկարայի հետ հարաբերությունները, սակայն այն վերականգնվում է միայն 1983 թ.: Սակայն 1997 թ. ԵՄ հրաժարվում է Թուրքիային ճանաչել որպես ԵՄ մուտք գործելու թեկնածու, սակայն այդ իրավունքը Թուրքիան ստանում է 2000 թ.` պայմանով, որ բարեփոխումներ կատարի մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրության մեջ:

2002 թ. օգոստոսին բարեփոխումների ծրագիրը հաստատում է Թուրքիայի խորհրդարանը, եւ 2004 թ. հոկտեմբերին Եվրահանձնաժողովը միջնորդում է, որպեսզի սկսվեն Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու բանակցությունները:

Թուրք - եվրոպական հարաբերությունները բարդացնում է Կիպրոսի հարցը, որին Թուրքիան չի ցանկանում ճանաչել: Կիպրոսը 2004 թ. ԵՄ կազմի մեջ է: 1974 թ. Թուրքիան բռնազավթում է Կիպրոս կղզու մի հատվածը, եւ մինչ օրս չի ճանաչում հարավային կառավարության` հունական հատվածի լեգիտիմությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---