Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել

Ստամբուլում ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել

PanARMENIAN.Net - Ստամբուլի մի շարք շրջաններում, որտեղ մայիսմեկյան ցույցեր են անցնում, խաղաղ բնակիչները տուժել են արցունքաբեր գազից, գրում է Milliyet-ը: Տուժածների թվում երեք երեխա կա:

Մայիսի մեկը Թուրքիայում նշում են ցույցերով: Առավոտյան Ստամբուլի ոստիկանությունը փակել էր բոլոր մուտքերը դեպի Թաքսիմ հրապարակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու ցուցարարների միջև: Երթի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների վրա ու պայթուցիկով շշեր: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:

Ստամբուլ են բերվել շուրջ 40 հազար ոստիկաններ: Ստամբուլի նահանգապետը չի արտոնել միջոցառման անցկացումը Թաքսիմ հրապարակում անվտանգության նկատառումներով:

Արհմիությունների ներկայացուցիչները Ղազանջիում հիշատակի արարողություն էին կազմակերպել 1977 թվականին զոհված 34 մարդկանց հիշատակին: Արհմիությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ են դրել Թաքսիմ հրապարակում Հանրապետության հուշարձանի մոտ: «Թյուրք իշ» արհմիության նախագահ Էրգյուն Աթալայը հայտարարել է, որ նա ողջույն է բերել Թուրքիայի 81 շրջաններից և պահանջել է հետաքննել 37 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները:

Բեշիկթաշից, Օքմեյդանից ու Մեջիթիեյից դեպի Թաքսիմ երթ կազմակերպել ցանկացող պատվիրակներին ոստիկանությունը կանգնեցրել է, հայտնում է trtrussian-ը:

1977 թվականի մայիսի 1-ին Թուրքիայի Հեղափոխական արհմիությունների կոնֆեդերացիան անցկացրեց արգելքից հետո առաջին զանգվածային հանրահավաքը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում: Դեռ հանրահավաքից առաջ մամուլում լուրեր էին տարածվում, որ հանրահավաքը կարող է արյունահեղությամբ ավարտվել: Հանրահավաքին միացավ Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը: Թուրքիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը, ինչպես նաև այդ պահին օրենքից դուրս գտնվող Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը: Ցույցի մասնակիցների ընդհանուր քանակը հասավ կես միլիոնի, շատերը նույնիսկ չկարողացան մտնել Թաքսիմ հրապարակ: Հանկարծ կրակոցներ լսվեցին: Ըստ ականատեսների, կրակում էին ջրամատակարարման շենքից և «Մարմարա» հյուրանոցից, որն այն ժամանակ Ստամբուլի ամենաբարձր շենքն էր: Հետո հրապարակ մտան հատուկ ստորաբաժանման ոստիկանները զրահատեխնիկայի ուղեկցությամբ: Խուճապ առաջացավ, հրմշտոց: Ցույցը ցրելու հետևանքով տարբեր գնահատականներով զոհվեց 34-42 մարդ, տարբեր ծանրության վնասվածքներ ստացավ 126-220 մարդ: Ըստ պաշտոնական տվյալների, հայտնի են միայն 34 զոհվածների անունները: Հեղափոխական արհմիությունների կոնֆեդերացիան սկզբում ներկայացրեց 36 զոհվածի անուն, հետո 37:

Մեղավորներից ոչ մեկը չձերբակալվեց, պատասխանատվության չենթարկվեց: Միջադեպից հետո ձերբակալվեցին շուրջ 500 ցուցարարներ, որոնցից 98-ին մեղադրանքներ ներկայացվեցին: 17 դատապարտյալներից երեքն ազատ արձակվեցին 1977 թվականի հուլիսի 7-ի լսումներից հետո, մյուս կալանավորները ազատ արձակվեցին ավելի ուշ: Իսկ դատն ավարտվեց 1989 թվականի հոկտեմբերի 20-ին արդարացնող դատավճռով:

Ըստ տարբեր աղբյուրների, ոստիկանության ձեռքը հանձնվեց մոտ 20 դիպուկահար: Նրանց անուններն ոստիկանական արձանագրություններում չհայտնվեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---