Ադրբեջանը համակված է իսկական «լրտեսամոլությամբ»

Ադրբեջանը համակված է իսկական «լրտեսամոլությամբ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանը համակված է իսկական «լրտեսամոլությամբ»՝ լրագրող Ռաուֆ Միրկադիրովի սկանդալային ձերբակալությունից ու Լեյլա ու Արիֆ Յունուսովների հետ կապված ոչ պակաս սկանդալային պատմությունից հետո, երկրորդ ալիքի հերթը եկավ: Ըստ գործողության ընթացքի Իլհամ Ալիևի կարգադրությամբ զբաղեցրած պաշտոնից ազատվեց Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետկոմիտեի ղեկավար Էլշադ Իսկենդերովը: Նրա փոխարեն դեռ ոչ ոք չի նշանակվել: Իսկենդերովի դեմ մեղադրանք է ներկայացվել «նուրսիստների» հետ առնչություն ունենալու վերաբերյալ: Մինչ այդ նույն մեղադրանքով պաշտոնից ազատվեց նախագահի մերձավոր անձանցից մեկը՝ Էլնուր Ասլանովը: Եվ սա դեռ վերջը չէ, ամեն ինչ դեռ նոր է թափ առնում: Որոշ ադրբեջանցի լրագրողներ, հավանաբար ինքնագոհունակությամբ լի, գրում են, թե Ադրբեջանը կանգնած է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև երկընտրանքի առջև: Ընդ որում դա միանգամայն լուրջ է ասվում, բերվում են փաստարկներ և Բաքվի համար գլխավոր փաստարկը մեկն է՝ հայ լրտեսները, որ բուն են դրել նախագահ Ալիևի անմիջապես քթի տակ:

Դե ուղղակի «Սիոնի իմաստունների արձանագրություններ»՝ կեղծիք, որին հավատալը ծիծաղելի կլիներ: Արդեն բազմիցս է գրվել, որ Ադրբեջանում կատարվող իրադարձությունները շատ զգայում են: Կարելի է հիշել «ինտերնացիոնալ Բաքուն», որտեղ, ի դեպ, տարբեր ազգությունների մարդկանց ամուսնություններն արտառոց բան չէին: Սումգայիթյան եռօրյա ջարդերը պոկեցին ինտերնացիոնալիզմի բարակ շղարշը, որին փոխարինելու եկավ չարանենգ թուրքը: Կամ, եթե կուզեք, ադրբեջանցին: Խորհրդային հեքիաթն ավարտվեց, սկսվեց արյունահեղ թուրքական սպանդը:

Լեյլա և Արիֆ Յունուսովների գործով հարցաքննվում են նաև հայտնի այլ իրավապաշտպաններ՝ Ռենա Սաֆարալիևան ու Մատանատ Ազիզովան: Հետաքրքիր է, որ որոշ տեղեկություններով Ազիզովան արդեն հեռացել է Ադրբեջանից: Գուցե, Հայաստա՞ն է փախել…

Ապրիլի 30-ին հարցաքննության է կանչվել փորձագետ Զաֆար Գուլիևը, որը որպես վերլուծաբան պատասխանել է հայ և ադրբեջանցի լրագրողների հարցերին Լաուրա Բաղդասարյանի «Ռեգիոն» նախագծում: Հաջորդը հարցաքննության համար դատախազություն է կանչվել «Ենի մուսավաթ» թերթի աշխատակից Ազեր Ռաշիդօղլուն, որը մի ժամանակ աշխատել է Միրկադիրովի հետ: Հավանաբար, հերթը կհասնի նաև Զարդուշտ Ալիզադեին, որը նույնպես շփվել է հայերի հետ: Բայց ահա թե ինչն է հետաքրքիր. բավականին հայտնի Աքպեր Հասանովն ու Էյնուլլա Ֆաթուլլաևը նույնպես շփվել են հայ լրագրողների հետ, եղել են Հայաստանում: Նրանք ազատության մեջ են, ավելին, հաճույքով հերյուրանքներ գրում ձերբակալվածների հասցեին: Արիֆ Յունուսովը մի քանի տարի առաջ եղել է Երևանում, մասնակցելով խորհրդաժողովի: Նա պատրաստակամ եղավ PanARMENIAN.Net ին հարցազրույց տալու հարցում: Մենք ուղարկեցինք հարցերը, ստացանք պատասխանները:

Պատասխաններն այնքան էին տարբերվում Յունուսովի Երևանում արտահայտած մտքերից, որ գործակալությունն անընդունելի համարեց հակահայկական հարցազրույցի հրապարակումը: Իսկ իրականում հավանաբար այսպես է եղել. Յունուսովը ցույց է տվել հարցերը «որտեղ պետք է», ստացել է պատասխաններն ու ուղարկել Երևան: Յունուսովին հանդիմանելու ցանկություն էլ չի առաջանում, քանի որ մարդն ուղղակի վախեցել է: Իսկ չէ որ այն ժամանակ Ալիևը դեռ ներկայանում էր որպես ժողովրդավար: Հիշում եմ նաև Իլգար Մամեդովին, որն այժմ կալանքի տակ է: Բրյուսելում կայացած խորհրդաժողովում նա խոսում էր միայն Ադրբեջանի նավթային հարստության, «իմաստուն» Իլհամ Ալիևի մասին, նրա ամեն մի ելույթ ատելությամբ էր լի հայերի հանդեպ: Նա նույնիսկ հարկ չէր համարում մասնակցել ընդհանուր խոսակցությանը, երբ ներկա էր լինում հայկական պատվիրակությունը:

Հավանաբար, բոլոր վերոնշյալ անձիք արդեն կատարել են իրենց դերը և նրանց հետ կարելի է ցանկացած կերպ վարվել: ԵՄ, ԵԱՀԿ, ԱՄՆ ու ԵԽ ոչ մի հորդոր չի ստիպի Ալիևին ազատ արձակել Ռաուֆ Միրկադիրովին: Պետք չէ կարծել նաև, որ համաշխարհային հանրությունը կդատապարտի Բաքվին ժողովրդավարության ասպարեզում առաջընթացի բացակայության համար, որն այդ նավթային սուլթանաթում միշտ է բացակայել: Ալիևը որոշեց, որ ժողովրդավարական պետության պատրանք ստեղծելու համար չափազանց շատ է ջանք պահանջվում, և հազիվ թե ինչ-որ մեկը դա գնահատի: Ուստի, կարելի է չքաշվել: Գնեց չէ Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամի տեղը մեկ տարով, հիմա էլ նախագահելու է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում: Ամեն ինչ ընթանում է Հեյդար Ալիևի նախանշած ճանապարհով: Հարցն այն է, թե երբ է համակարգը խափանվելու:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---