Պուտինը բլոգները հավասարեցրել է ԶԼՄ-ներին և մտցրել «տեղեկատվության տարածման կազմակերպիչ» հասկացությունը

Պուտինը բլոգները հավասարեցրել է ԶԼՄ-ներին և մտցրել «տեղեկատվության տարածման կազմակերպիչ» հասկացությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հակաահաբեկչական օրենքների փաթեթ է ստորագրել: Փաստաթղթերը հրապարակված են իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: Հակաահաբեկչական փաթեթում ներառված են բլոգները զանգվածային լրատվամիջոցներին հավասարեցնող, ահաբեկչության դեմ պայքարում Անվտանգության դաշնային բյուրոյի լիազորություններն ընդլայնող, ինտերնետ-վճարումները խստացնող և զանգվածային անկարգությունների կազմակերպման համար պատասխանատվություն սահմանող օրենքներ:

Հակաահաբեկչական փաթեթի մաս է կազմում այսպես կոչված բլոգների մասին օրենքը: Փաստաթուղթն այն բլոգերներին, որոնք օրական 3.000-ից ավելի այցելու ունեն, հավասարեցնում է ԶԼՄ-ներին: Հանրաճանաչ բլոգերներին նույն պահանջներն են ներկայացվում, ինչ ԶԼՄ-ներին` նրանք պետք է հրապարակեն անձնական տվյալներն ու խուսափեն ոչ նորմատիվ բառապաշարից, պորնոգրաֆիկ նյութերի հրապարակումից, ինչպես նաև` բռնություն քարոզող նյութերից: Օրենքը ներմուծում է «տեղեկատվության տարածման կազմակերպիչ» հասկացությունը, որը մշակողները բավական լայն են բացատրում` անձնական կամ կոմերցիոն կայքից մինչև սոց. ցանցերում ձևավորված խումբ: Կամզակերպիչներից պահանջվում է սերտ գործակցություն հատուկ ծառայությունների հետ և Ցանցի գործունեության վերջին 6 ամիսների մասին տվյալների պահում: Օրինախախտներին սպառնում է տուգանք ու արգելափակում մեկ ամսով, հայտնում է Rbc.ru-ն:

Look At Me կայքն էլ հաղորդում է, որ հեղինակը պարտավոր է բլոգի առաջին էջում նշել իր իրական անունը, ազգանունն ու կոնտակտային տվյալները: Ռոսկոմնադզորն (Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայություն) էլ կվերահսկի նրանց գործունեությունը:

Վլադիմիր Պուտինը մեկ այլ օրենքով արգելել է հայհոյանքը հեռուստատեսությունում, կինոյում, գրականությունում ու ԶԼՄ-ներում: Դրան չհետևելու դեպքում օրինախախտները կտուգանվեն։ Ըստ նոր կանոնների, ցենզուրայից դուրս բառապաշարով գրքերն ու սկավառակները կարող են վաճառվել միայն փաթեթավորված ու «Անպարկեշտ արտահայտություններ է պարունակում» գրությամբ: Խախտումների դեպքում տուգանքներ են սահմանված՝ քաղաքացիների համար 2-ից՝ 2,5 հազար, պաշտոնյաների՝ 4-ից՝ 5 հազար, իրավաբանական անձանց՝ 40-ից՝ 50 հազար ռուբլու չափով։ Կրկնակի խախտման դեպքում տուգանքն ավելի բարձր կլինի։

Բացի այդ, օրինագծով արգելվում է վարձակալության թույլտվություն տալ ֆիլմերին, որտեղ անպարկեշտ բառապաշար կա։ Առանց նման թույլտվության ցուցադրությունների համար սահմանված է 100.000 ռուբլի տուգանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---