Վրաստանի անդամակցումը ԵՄ-ին անհնար է, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը

Վրաստանի անդամակցումը ԵՄ-ին անհնար է, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը հավատարիմ է Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ բացելով Եվրահանձնաժողովի ու Վրաստանի կառավարության համատեղ նիստը Բրյուսելում:

«Եվրամիությունը համակողմանի աջակցություն կցուցաբերի Վրաստանի քաղաքական, տնտեսական ու դատական բարեփոխումներին»,-խոստացել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Եվրամիությունը հուսով է, որ արդեն ամռանը ասոցացման համաձայնագիր կստորագրվի Վրաստանի ու Մոլդովայի հետ, որով, մասնավորապես, նախատեսվում է ամբողջությամբ բացել այդ երկրների շուկաները եվրոպական ապրանքների համար:

Սակայն, Բարոզուն շեշտել է նաև, որ Վրաստանը չի կարող անդամակցել ԵՄ-ին, ճիշտ է Եվրոպան ավելի շատ հնարավորություններ կտա, որպեսզի երկիրն ավելի մոտ լինի Եվրամիությանը:

«Վրաստանը չի կարող անդամակցել Եվրամիությանը, դա անհնար է,-ասել է նա: ,-Սակայն, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Վրաստանը մերձենա ԵՄ-ին, հնարավորություն տանք այդ երկրի երիտասարդներին առավել լայն շփումներ հաստատել եվրոպացիների հետ: Դրան է ուղղված ասոցացման մասին համաձայնությունը»:

Նա նաև հայտնել է, որ արդեն «հունիսին կայցելի Վրաստան, որտեղ ասոցացման մասին համաձայնգիր կկնքվի»: «ԵՄ-ն կշարունակի ակտիվ աջակցությունը բարեփոխումների գործընթացին Վրաստանում, լինելով այդ երկրին օգնության հիմնական դոնորներից մեկը»,-ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Եվրահանձնաժողովը Վրաստանին ու Մոլդովային մոտ 60 մլն եվրո կհատկացնի ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կետերը կատարելու համար:

ԵՄ-ն ու Վրաստանը նաև համաձայնագիր են կնքել 19 մլն եվրոյի ֆինանսական օգնության մասին: Բարոզուն նշել է, որ անցյալ տարի Եվրամիությունը Վրաստանին է տրամադրել մոտ 150 մլն եվրո, իսկ այս տարի Եվրահանձնաժողովն արդեն իսկ Վրաստանին ու Մոլդովային է փոխանցել 30 մլն եվրո օգնություն ասոցացման համաձայնագրի իրականացման համար:

Մինչդեռ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին 2012 թվականին հայտարարել էր, որ Վրաստանը չի հրաժարվի ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու մղումից, նույնիսկ եթե անդամակցությունը լինի ոչ թե մի քանի ամիսների, այլ տարիների հարց: «Սակայն, եթե մենք հրաժարվենք այդ ուղղվածությունից, մենք կկորցնենք ոչ թե տարիներ, այլ սերունդներ, իսկ հետո Վրաստանի ազատությունն ու անկախությունը, ինչպես դա արդեն եղավ 1921 թվականին»,-ասել է նա:

1921 թվականին 11-րդ Կարմիր բանակը Խորհրդային կարգեր հաստատեց Վրաստանում: Մինչ այդ նույն բանակը նպաստեց բոլշևիկների հաղթանակին Ադրբեջանում ու Հայաստանում, այդպիսով վերջ տալով Հարավային Կովկասի հանրապետությունների անկախությանը:

Ապրիլին Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին հայտարարեց, որ ինտեգրումը ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին «Վրաստանի գլխավոր գերակայություններից մեկն է»: Ելույթ ունենալով «Ճանապարհ դեպի ՆԱՏՕ. Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների փորձը» թեմայով միջազգային խորհրդաժողովում, նա ասաց, որ «ՆԱՏՕ-ի կառույցներին ինտեգրման ուղղվածությունը, ԵՄ և ՆԱՏՕ անդամ դառնալու ձգտումը Վրաստանի որևէ քաղաքական ուժի բացառիկ իրավունքը չէ, դա երկրի բնակչության մեծամասնության ու երկրի հասարակական և քաղաքական ուժերի կամքն է»:

«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---