ԵԺԿ-ն 28 տոկոս է հավաքել Եվրախորհրդարանի ընտրություններում

ԵԺԿ-ն 28 տոկոս է հավաքել Եվրախորհրդարանի ընտրություններում

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի ընտրություններում առաջատարը Եվրոպական ժողովրդական կուսակցությունն է (ԵԺԿ) 28 տոկոսով, ասվում է Եվրախորհրդարանի կայքում: Երկրորդ տեղում է Սոցիալիստների ու ժողովրդավարների պրոգրեսիվ դաշինքը, որը հավաքում է մոտ 24 տոկոս, երրորդը՝ Հանուն Եվրոպայի ազատականների ու ժողովրդավարների միությունն է մոտ 9 տոկոսով:

Այս կուսակցություններն ավանդաբար առաջատար դիրքեր են զբաղեցնում Եվրախորհրդարանում, և, ըստ նախնական տվյալների, կշարունակեն վերահսկել Եվրախորհրդարանը, գրում է ВВС-ին: Սակայն, այս ընտրություններում բավականին շատ ձայներ են հավաքել նաև հականերգաղթային ու նույնիսկ ծայրահեղական գաղափարներ դավանող կուսակցությունները:

Մասնավորապես, աջ ծայրահեղական «Ազգային ճակատը» Մարին լը Պենի գլխավորությամբ հավաքել է ձայների 25 տոկոսը, իսկ Միացյալ Թագավորության անկախության կուսակցությունը (UKIP), որը հանդես է գալիս ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու օգտին, ստացել է ձայների ավելի քան 30 տոկոսը:

Չնայած ծայրահեղական կուսակցությունների տպավորիչ արդյունքներին՝ աջ կենտրոնամետ ուժերին հաջողվեց պահպանել առաջատար դերը Եվրամիության քաղաքականության մեջ: Ընտրություններում հաղթեց Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որն օրենսդիր մարմնի խոշորագույն խմբակցությունն է:

Մասնակցությունը ընտրություններին կազմել է 40 տոկոս, սակայն, առաջին անգամ նախորդ ընտրությունների համեմատ ընտրողների ակտիվությունը չի նվազել, այլ նույնիսկ մեկ տասներորդ տոկոսով աճել է: «Մենք կասեցրինք մասնակցության նվազման միտումը, դա մեր հիմնական նպատակներից մեկն էր, ժողովրդավարության տեսակետից: Անշուշտ, դա փայլուն արդյունք չէ, այն չի կարող մեզ գոհացնել, բայց մեզ առաջին անգամ հաջողվեց կասեցնել աբսենտիեզմի ալիքը, և դա արդեն լավ է»,-ամփոփել է արդյունքները ԵԺԿ առաջնորդ Ժոզեֆ Դոլը: Իսկ անցած ընտրությունների գլխավոր անակնկալը դարձավ եվրոպացի հոռետեսների հաջողությունը բազմաթիվ եվրոպական երկրներում՝ վերլուծաբանները խոսում են իսկական «քաղաքական երկրաշարժի» մասին:

«Մեր ժողովուրդը պահանջում է միասնական քաղաքականություն, որը մշակել են ֆրանսիացիները ֆրանսիացիների համար, քաղաքականություն, որը կյանքի կկոչեր ինքը ժողովուրդը: Մարդիկ մեր երկրում այլևս չեն ցանկանում, որ նրանց դրսից կառավարեն, չեն ուզում, որ իրենց օրենքներ պարտադրվեն, որոնց օգտին իրենք չեն քվեարկել, չեն ցանկանում ենթարկվել եվրահանձնակատարներին, որոնց անմիջապես իրենք չեն ընտրել»,-ասել է Լը Պենը:

Եվրաինտեգրման հակառակորդների հաղթանակով ավարտվեցին այս ընտրությունները նաև Մեծ Բրիտանիայում: Առաջին պոպուլիստական Անկախության կուսակցությունը, որը գլխավորում է Նայջել Ֆարաժը, առաջ անցավ պահպանողականներից ու ազատականներից: «Մենք զգալի քանակի եվրոպացի հոռետեսների ենք հավաքագրել Եվրախորհրդարանում: Թե ինչպես դա կփոխի եվրոպական քաղաքականությունը, ցույց կտա ժամանակը: Սակայն ներքին քաղաքականության մեջ տարբերությունը բավականին զգալի կլինի: Մինչ օրս եվրաինտեգրումը, դուր էր գալիս դա թե ոչ, անխուսափելի էր թվում: Այսօր երեկոյան այդ անխուսափելիւթյանը վերջ դրվեց»,-ասել է Ֆարաժը, հայտնում է euronews-ը:

Հաղթանակած հոռետեսության ալիքը չշրջանցեց նաև Հունաստանը: Այդ երկրում, որտեղ բնակչությունը ստիպված էր զրկանքների գնալ ԵՄ ֆինանսական օգնությունը ստանալու համար, հաղթել է Ալեքսիս Ցիպրասի գլխավորած ձախ ծայրահեղական կոալիցիան: Եվրաինտեգրման հակառակորդներն ամրապնդել են դիրքերը նաև Դանիայում, Ավստրիայում ու Իսպանիայում:

Եվրախորհրդարանում ընհանուր առմամբ 751 տեղ կա: Ընտրություններն անցնում են յուրաքանչյուր 5 տարին մեկ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---