Վրաստանի վարչապետը խորհուրդ է տալիս Պորոշենկոյին հրաժարվել Սահակաշվիլիի խորհուրդներից

Վրաստանի վարչապետը խորհուրդ է տալիս Պորոշենկոյին հրաժարվել Սահակաշվիլիի խորհուրդներից

PanARMENIAN.Net - Այն մասին, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հաճախ քայլեր է կատարում, որոնք դուրս են տրամաբանությունից, բոլորը գիտեն և վաղուց: Միակ բանը, որին նա ընդունակ է, երկիրը քանդելն է: Վրաստանի հարցերը նա արդեն լուծեց, հիմա Ուկրաինայի հերթն է, հետո կարող է էլի ինչ-որ երկրի հերթը գալ: Նախօրեին «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտնեց, որ Սահակաշվիլին կարող է դառնալ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդականը: «Վրաստանն օրինակ է մեզ համար: Ես շատերի հետ եմ խոսել այդ թեմայով: Խոսել եմ Սահակաշվիլիի հետ՝ նա առաջարկել է իր ծառայությունները»,-ասել է Կլիչկոն: Ըստ նրա, Պորոշենկոյի թիմում կարող է ընդգրկվել նաև էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեն:

Այդ կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Պորոշենկոյի թիմում Սահակաշվիլիին պետք չէ ընդգրկել: «Կարծում եմ, այ նրան հաստատ հարկ չկա միջնորդ դարձնել մեր երկրների միջև հարաբերություններում»,-ասել է նա:

Իրոք, ի՞նչ կարող են Պորոշենկոյին խորհուրդ տալ Սահակաշվիլին ու Բենդուկիձեն: Մեկը կորցրեց Աբխազիան ու Հարավային Օսեթիան, և միայն հրաշքով պահեց Աջարիան, ոչ առանց Ռուսաստանի օգնության: Մյուսը՝ հաջողությամբ փլուզեց այն ոչ մեծ արդյունաբերությունը, որը կար Շևարդնաձեի օրոք: Էլ չասած նրանց ուղղակի կլինիկական ատելության ՌԴ հանդեպ ու որպես ճշմարտության բարձրագույն ատյան ԱՄՆ-ի ընկալման մասին:

Մինչդեռ, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհուրդ տվեց Պյոտր Պորոշենկոյին հեռու մնալ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիից: «Այժմ ուկրաինական ժողովրդին խաղաղություն ու կայունություն եմ մաղթում, իմ առաջին խորհուրդը կլինի Ուկրաինայի նորընտիր նախագահին չկապվել Սահակաշվիլիի հետ»,-ասել է Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով նախագահական ընտրությունների արդյունքներն Ուկրաինայում: Ղարիբաշվիլին գիտի ում մասին է խոսում և ինչ: Ծանր իրավիճակն Ուկրաինայի հարավ-արևելքում, Ղրիմը, առայժմ լռող որոշ հարևանների՝ Ռումինիայի, Հունգարիայի, Լեհաստանի հավակնությունները Ուկրաինայի Ձախակողմյան մասին Պորոշենկոյի առջև մի շարք հարցեր են դնում, որոնք շատ դժվար կլինի հանգուցալուծելը, իսկ երբեմն նույնիսկ՝ անհնար:

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի նոր նախագահի վիճակը նախանձելի չէ. մեկ նրան խորհուրդ են տալիս, մեկ զգուշացնում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է. «Ղրիմը ՌԴ տարածաշրջան է, ուստի խոսք լինել չի կարող Ուկրաինայի կազմի մեջ նրա մտնելու մասին»: Նշենք, որ Պորոշենկոն խոստացել է «իրավաբանական լծակներ» օգտագործել Ղրիմը վերադարձնելու հարցում: Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դատարանում պատասխան տալ թերակղզու միացման համար:

Մի խոսքով, Պյոտր Պորոշենկոն ստիպված է լինելու ընտրել իրական քաղաքականության ու Միխայիլ Սահակաշվիլիի անիրական երազանքների միջև: Տարօրինակ է, որ նոր նախագահը չի տեսնում Վրաստանի նախկին նախագահի «խորհուրդների» ամբողջ վտանգը: Իսկ Սահակաշվիլին շատ խորհուրդներ կարող է տալ՝ խաղարկել Ղրիմի թաթարների խաղաքարտը Ղրիմի հարցում, ճնշել Դոնեցկի ու Լուգանսկի ընդվզումը, խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ և չվճարել նրան գազի դիմաց: Բայց արդյո՞ք այս ամենը պետք է Ուկրաինային:

Կարինե Տեր-Սահակյան/ PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---