ԵՄ-ն 25 մլն եվրո կհատկացնի Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը

ԵՄ-ն 25 մլն եվրո կհատկացնի Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը Հայաստանին գյուղատնտեսության զարգացման համար բյուջետային օժանդակության շրջանակում 25 մլն եվրո կհատկացնի: Հատկացված գումարից 20 մլն եվրոն կտրամադրվի Հայաստանի կառավարությանը և կուղղվի պետական բյուջե, իսկ մնացած 5 մլն եվրոն կհատկացվի ֆերմերների օժանդակությանը, «Կայունությունից դեպի զարգացում» թեմայով աշխատանքային խորհրդակցության ընթացքում մայիսի 30-ին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության գյուղատնտեսական ծրագրերի կցորդ Ջոն Բարքերը։

Բարքերն ընդգծել է, որ 6 մլն եվրոյի առաջին տրանշը կհատկացվի հայկական Կառավարությանն ընթացիկ տարվա ընթացքում, երկրորդը` 7 մլն եվրոն, 2015-ի ընթացքում, իսկ երրորդը (նույնպես 7 մլն եվրո) Հայաստանը կստանա 2016-ին։ Միջոցները կուղղվեն այդ թվում Գյուղի և գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության մշակմանն ու իրականացմանը 2015-2025 թթ․ համար, հայտնում է ARKA գործակալությունը։

2014-ի փետրվարին Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հայտնել էր, որ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Oxfam–ի համատեղ ջանքերով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակում է Գյուղի և գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը 2015-2025 թվականների համար` հատուկ ուշադրություն դարձնելով պարենային անվտանգությանը։

Բարքերը նշել է նաև, որ առաջիկա երեք տարիներին հանրապետությունում կանցկացվեն Եվրամիության հատկացրած միջոցների պարբերական մոնիտորինգներ, ինչպես նաև` շահագրգիռ բոլոր կողմերի ամենամյա ժողովներ։

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն իր հերթին կարևորել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացումը տնտեսության աճի տեսանկյունից։ Նա հավաստիացրել է, որ Կառավարությունը ջանքեր կգործադրի ֆերմերներին օժանդակելու համար։

Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ընդգծել է նաև, որ ԵՄ–ն հետագայում էլ կշարունակի օժանդակել Հայաստանին գյուղատնտեսության կայուն զարգացման ապահովման հարցում։

Միևնույն ժամանակ Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել, որ բանկային համակարգն այսօր գյուղացուն հասցրել է սնանկացման: «Մեր ունեցած հաշվարկներով՝ անկախության տարիներին մոտ 50 մլն դոլարի չափ գյուղատնտեսության համակարգը գումար է ստացել տարբեր նպատակներով: Դրանք եղել են համաշխարհային բանկի գումարները, որոնք որպես վարկային ռեսուրս տրվել են բանկերին ցածր տոկոսով: Այսօր Հայաստանի գյուղացիները պարտք են բանկերին միայն այն պատճառով, որ բանկերը շատ բարձր տոկոսադրույքներով են գյուղացիներին վարկ տրամադրում»:

Բերբերյանն անդրադարձել է նաև տարվա սակավաջուր լինելու մասին կանխատեսումներին` նշելով, որ չնայած օդերևութաբանների կանխատեսումներին, հորդառատ անձրևների շնորհիվ գյուղատնտեսության համար տարին հաջողված էր: Անդրադառնալով կարտոֆիլի բերքին, բանախոսը տեղեկացրել է, որ կարտոֆիլի արտահանումը շարունակվում է. «Միայն այս ամիս Վրաստան ենք արտահանել 3․000 տոննա կարտոֆիլ: Նաև 700 տոննա էլիտար սերմացու ենք մեր ֆերմերներին տրամադրել»:

Աշնանն արդեն նոր բերքից սպասվում են խոշոր արտահանումներ, իսկ ծիրանի միջին գինը կլինի 500-1․000 դրամ. «Ծիրանի արտահանման մասին անգամ խոսք գնալ չի կարող»:

Մարտի վերջին և ապրիլի առաջին օրերին արձանագրված ցածր ջերմաստիճանի պատճառով Հայաստանում վնասվել է 9.185 հեկտար տարածք՝ մոտ 287 համայնքում 3.700 գյուղացիական տնտեսություն, հիմնականում` Արարատում և Արմավիրում, նախալեռնային ցածրադիր գոտիներում: Տրամադրելով թվերը` ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը նաև նշել է, որ նախնական հաշվարկներով ընդհանուր վնասը կազմում է մոտ 11 մլրդ 181 մլն դրամ:

«Առավոտը» գրում է, որ Բերբերյանը մեկնաբանել է նաև ալյուրի թանկացման պատճառները. «Վարչապետը, երբ գործարարներին հավաքեց, ասաց, որ նրանք պետք է գործեն հարկային դաշտում։ Ալյուրի գնի բարձրացումը կապված է, ցավոք սրտի, այդ խոշոր գործարարների հետ: Ալյուրի գնի բարձրացումը անհիմն է: Ութ տոկոսով գները բարձրացել են, այն դեպքում, երբ ունենք ռեկորդային բերք և ներկրված ցորենի մեծ քանակ: Ժողովրդի հաշվին կփորձեն լցնել բյուջեն»:

«Հայկական ժամանակ» թերթը մայիսի 28-ին գրել է, որ արդեն մի քանի օր է, Բաղրամյանի ալրաղացի առաքիչներն ալյուրը խանութներին են մատակարարում թանկ գնով. «Մասնավորապես՝ 2 կգ-անոց փաթեթով ալյուրը խանութներին է հասցվում 600 դրամով նախկին 550-ի փոխարեն, խանութում վաճառքի գինը 650 դրամ է»։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---