Հնարավո՞ր է Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին առանց Արցախի. Կարծիքներ

Հնարավո՞ր է Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին առանց Արցախի. Կարծիքներ

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտատարել է, թե «Ադրբեջանը գտնում է, որ Հայաստանը պետք է միանա ԵՏՄ-ին այն սահմանների շրջանակում, որով միացել է ԱՀԿ-ին»:

«Մենք նամակ ենք ստացել Ադրբեջանի նախագահից, որ ԱՀԿ-ին Հայաստանն անդամակցել է վերապահումով, որ դրույթները տարածվելու են Հայաստանի տարածքի վրա նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, որոնք ճանաչված են ՄԱԿ կողմից: Սա քննարկման համար»,- ասել է Նազարբաևը:

Հայաստանի նախագահն ու արտգործնախարարն անպատասխան են թողել Նազարբաևի հայտարարությունը, ինչը հակասական կարծիքների տեղիք է տվել ԶԼՄ-ներում. անգամ նշվում էր, թե Սերժ Սարգսյանն այդ նամակի մասին չի իմացել, անակնկալի է եկել, անգամ` խուճապի մատնվել:

Ինչևէ, արձագանքները չուշացան: Մասնավորապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանըհայտարարել է, թե մտահոգիչ չի համարում այն, որ Հայաստանը ԵՏՄ-ին կարող է անդամակցել առանց ԼՂՀ-ի: «Իսկ ինչպե՞ս պետք է անդամակցեր Արցախի հետ, եթե Արցախն այլ պետություն է: Բացի այդ՝ մնացած կազմակերպություններին անդամակցելիս մաքսային ինչ-որ կետ չենք դնում, չէ՞: Որևէ մտահոգիչ բան չեմ տեսնում, ընդհակառակը, տեղական տնտեսությունը զարգացնելու, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, վերամշակող արդյունաբերությունը կարող է զարգանալ»,- ասել է Դավիթ Բաբայանը, գրում է Tert.am-ը:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը,անդրադառնալով հարցին, նշել է, որ որևէ անակնկալ չկար այդ քաղաքական իրադարձություններում, և ակնհայտ էր, որ Ղազախստանը հանդես է գալու որպես Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի պաշտպան` իրականացնելով համապատասխան լոբբինգ, որովհետև Նազարբաևը մի քանի անգամ այդպես մտածելու առիթ է տվել: Նրա խոսքով` Ադրբեջանը դուրս է ինտեգրման այդ գործընթացներից, և անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չկարողանա ամրագրել իր դիրքերը Եվրասիական տնտեսական միության մեջ:

«Բնականաբար, հիմնական հարցն այստեղ Ղարաբաղն է, և երբ ասում էինք, որ «կամ, կամ»-ի հարց է դրվում, ուրեմն պետք է առաջնորդվես քո կենսական անհրաժեշտությունից ելնելով: Սպասելի էր, որ այս հարցն առաջանալու է, ու Ադրբեջանը փորձելու է այս անդամակցության միջոցով, Ղարաբաղի կարգավորման հետ կապված, իր համար նպաստավոր պայմաններ ստանալ: Անընդունելի են քննարկումները, որոնք կատարվում են երրորդ, չորրորդ կողմերից ստացվող նամակների հիման վրա, դա բացարձակապես չի տեղավորվում միջազգային պրակտիկայի նորմերի մեջ, երբ խոսքը գնում է կոնկրետ երկրների միջև հարաբերությունների մասին, բայց ինչ-որ մեկը դրսից նամակ է ուղարկում, որը պետք է ազդի այդ քննարկման վրա, երբ գիտենք, որ այդ մեկն աղավաղված ու ոչ ադեկվատ է ներկայացնում Ղարաբաղի հակամարտությունը»,- ասել է Արմեն Ռուստամյանը, գրում է «Երկիր»-ը:

Ըստ նրա` բոլոր փաստաթղթերը, որոնց հղում է անում Ադրբեջանը, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Անդրադառնալով ՄԱԿ-ին անդամակցությանը, նա նշել է, որ բազմիցս ասվել է՝ չկա ձևակերպում, որ ՄԱԿ-ը ճանաչել է սահմանները, բայց իրենք շարունակում են իրենցը պնդել: Ինչ վերաբերում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության պայմաններին, Ռուստամյանի խոսքով, եթե շարժվելու լինենք Ալիևի տրամաբանությամբ, ապա վաղուց պետք է մաքսակետ դրված լիներ Հայաստանի ու Արցախի միջև:

«Մենք պատրաստվելու խնդիր ունենք, որ շատ ավելի ամբողջական, լիարժեք կարողանանք Արցախի հարցը պաշտպանել, թույլ չտալ, որ Արցախի հակամարտությունը նենգափոխվի, և հիմա էլ դա կատարի Ղազախստանը` Ադրբեջանի կամ Թուրքիայի թելադրանքով»,- ասել է պատգամավորը:

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարել է, թե ՀՀ և Լեռնային Ղարաբաղը մեկ միասնական տնտեսական տարածքում են և նրանց միջև որևէ սահման չի կարող լինել: Նա նկատել է, որ Հայաստանը պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրասիական միության անդամ երկրների հետ մինչև հունիսի վերջ անդամակցել ԵՏՄ-ին.

«Մնացել է մի քանի հարց, որոնք տեխնիկակակն ոլորտից են և վերաբերում են ներմուծմանն ու արտահանմանը: Դրանց շարքում սահմանային որևէ հարց չկա:Չկա, որովհետև Եվրասիական միությունն այն կազմակերպությունը չէ, որը սահմանների խնդիր էդրել: Մենք անդամակցում ենք Առևտրի համաշխպարհային կազմակերպությանը և անդամակցելու ենք Եվրասիական տնտեսական միությանը, և Ղարաբաղի հարցի լուծումը դրա շրջանակում չէ»,- ասել է նա ` ընդգծելով, որ Ղարաբաղի հարցի լուծման համար կա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, որը զբաղվում է այդ հարցով, և այդ կազմակերպությունները որևէ կապ չունեն սահմանային հարցերի ճշգրտման հետ, գրում է «Այսօր»-ը:

Խոսելով Աստանայում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ Նազարբաևի հայտարարությունների մասին` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանըկարծիք է հայտնել, որ եթե Արցախն անտեսվում է այդ միությունում, ուրեմն Հայաստանը պետք է իմանա իր անելիքները, որովհետև առանց հստակ արձանագրելու, թե Արցախը որտեղ է լինելու այդ պարագայում, Հայաստանն իրավունք չունի կոնկրետ քայլեր իրականացնելու:

Նրա խոսքով` շատ պարզ է, որ բոլորը խոսում են պայմանների լեզվով, դա նույնիսկ բնական է, ուրեմն` պետք չէ հայհոյել ու քննադատել այդ երևույթը, որովհետև յուրաքանչյուրն առաջնորդվում է իր պետական ազգային շահով: Հայաստանի շահն այն է, թե որքանով Արցախը կլինի Հայաստանի հետ, և եթե դա չի ընդունվում, ուրեմն Հայաստանը ինչ-որ տեղ իր որոշումները վերանայելու խնդիր ունի:

«Չեմ կարող ասել, թե նախագահն անպայման այդ պահին պետք է արձագանքեր Նազարբաևին, որովհետև ամեն տեսագրություն չէ, որ այդ պահին ցույց է տալիս այն, ինչ կատարվում է, բայց ինչ-որ արձագանք պետք է լինի, որովհետև դա չէր կարող անակնկալ լինել, նման արձագանք եղել էր նաև Մինսկում, և Ղազախստանը մի քանի անգամ նման հայտարարություն հնչեցրել է: Ուղղակի պետք է պատրաստ լինել և ակտիվ քաղաքականություն տանել»,- ասել է Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ Ղազախստանը բոլոր հանձնաժողովներում, բոլոր կոնֆերանսների ժամանակ չի թաքցրել, որ պաշտպանում է Ադրբեջանի շահերը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ նշել է, թե առանց ՀՀ և ԼՂՀ միջև անցակետ դնելու տարբերակն «ի սկզբանե տարբերակ չէ Հայաստանում բնակվող և աշխատող, առավել ևս՝ քաղաքականությամբ զբաղվող ոչ մի գործչի համար»։

«Չեմ պատկերացնում հայաստանյան որևէ կուսակցության ներկայացուցիչ, որը նման աբսուրդային գաղափարը կարող է լուրջ ընդունել և իրոք քննարկել։ ՀՀ-ն և ԼՂՀ-ն միասնական տարածք է, մենք ունենք, այո, երկու պետություն, բայց միասնական տնտեսական տարածք է, միասնական կրթական տարածք է, միասնական մշակութային տարածք է, այս պարագայում նաև միասնական պաշտպանական տարածք է, որովհետև Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ երաշխավորն է Արցախի բնակչությանն ու անվտանգությանը»,- շեշտել է նախարարը` հավելելով, որ ՀՀ-ն պետք է Եվրասիական տնտեսական միությանը ոչ պակաս, քան ԵՏՄ-ն՝ Հայաստանին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---