Մեկ օր առանց ծխախոտի. Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Մեկ օր առանց ծխախոտի. Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

PanARMENIAN.Net - Աշխարհում տարեկան 6 մլն մարդ մահանում է ծխելու պատճառով, 600.000 էլ՝ պասիվ ծխելու: Թոքերի ուռուցքից մահացության դեպքերի 90%-ը պայմանավորված է ծխելով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հայաստանը ծխախոտ օգտագործողների թվով տասնմեկերորդ տեղն է զբաղեցնում աշխարհում, իսկ որոշ ամերիկյան ուսումնասիրությունների արդյուքներով ծխող բնակչության քանակով 4-րդ հորիզոնականում է: Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանն առաջարկում է, որ մարդիկ տարվա մեջ գոնե մեկ օր չծխեն: Նա վստահ է` դա մեծ ակցիա կլինի, որը ոչ թե առողջությունը կպահպանի, այլ ուշադրություն կգրավի:

«Եթե մենք ազգ ու պետություն ենք, մենք էլ պետք է մեր մասին մտածենք, կամ պետք է միանանք մայիսի 31-ին և չծխենք, կամ էլ ունենանք ծխելու դեմ պայքարի օր»,- հայտարարել է գլխավոր թոքաբանը, գրում է Tert.am-ը:

Անդրադառնալով արգելքներին` թոքաբանը նշել է, որ մեր երկրում ծխելու տենդենցն իջնում, ժողովրդի կուլտուրան զարգանում է:

«Ես չեմ ընդունում, որ ծխելն արգելեն բռնի ուժով: Սա շատ նուրբ խնդիր է: Պետությունը ոչ թե պետք է օրենքներ ընդունի, այլ պետք է պայքարի ծխելու դեմ, չգովազդի ծխախոտը»,- ասել է գլխավոր թոքաբանն՝ ընդգծելով, թե ամենագլխավոր խնդիրն այն է, թե ինչպես պայքարել ծխելու դեմ:

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 17-ին ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը, որը թույլատրում է ալկոհոլի ու ծխախոտի գովազդը ժամը 22:00-ից մինչև 06:00-ն, ինչը նախկինում արգելված էր:

Անդրանիկ Ոսկանյանը նշել է, որ շատ հաճախ ասում են` ծխելը հիվանդություն է, բայց այդպես չէ. «Կան մարդիկ, որ կախվածության մեջ են, բայց դրանք քիչ տոկոս են կազմում: Դա ռեֆլեքս է: Շատերը ծխելը թողնում են այն ժամանակ, երբ արդեն հիվանդությունն առկա է»:

Հայաստանի Հանրապետությունը 2004թ. միացել է ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային, որից հետո ընդունվել է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը, որով արգելվում է ծխելը հանրային տրանսպորտում, առողջապահական, կրթական, մշակութային վայրերում։

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ, անդրադառնալով թեմային, նշել է, թե դեռևս 1988 թվականին հետազոտություն են անցկացրել, որից պարզվել է, որ չափահաս տղամարդկանց 70 տոկոսը ծխում է օրական 10 սիգարետ, ինչը բժիշկների բնութագրմամբ՝ շատ է:

«Ծխախոտի որակից են կախված հիվանդությունները: Շուկայում կան շատ ծխախոտներ, որոնք անորակ են»,- նշել է սոցիոլոգը՝ հավելելով, որ, եթե արգելեն ծխախոտի վաճառքը, այդ դեպքում զարկ կտրվի ծխախոտի «ընդհատակյա» արտադրությանն ու կաղամբ ցանող գյուղացին կսկսի ծխախոտ աճեցնել:

Սոցիոլոգի խոսքով՝ այն մարդը, ով ծխել է և որոշել է թողնել ծխելը, պետք է վերանայի իր վերաբերմունքը կյանքի նկատմամբ, վերակառուցի իր կյանքը. պետք է ծխելը փոխարինի ինչ-որ բաներով, որպեսզի սթրեսներ չտանի, կարելի է գոնե թունդ թեյ խմել:

Մարդկությունը սկսել է ծխել մոտ 400 տարի առաջ: Առաջին անգամ ծխել սկսել է Ֆրանսիայի թագուհին` որպես գլխացավի դեղ, բայց շուտով ծխախոտը դեղատներից տարածվել է ու դարձել առօրյայի բաղկացուցիչ մասը:

Ծխախոտն ավելի քան 25 հիվանդությունների առաջացման պատճառ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, 20-րդ դարում ծխելու հետևանքով մահացել է 100 մլն մարդ։ Ամեն 6 վայրկյանը մեկ աշխարհում 1 մարդ է մահանում ծխելուց, աշխարհում գրանցված յուրաքանչյուր 10-րդ մահվան պատճառը նույնպես ծխախոտն է:

Սկսած 1987-ից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ ԱՀԿ-ն հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի օր»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---