ՀՀ ՊՆ. Ադրբեջանական ԶԼՄ-ների «ռազմական աղբյուրների» հորինվածքներն անհեթեթության են հասնում

ՀՀ ՊՆ. Ադրբեջանական ԶԼՄ-ների «ռազմական աղբյուրների» հորինվածքներն անհեթեթության են հասնում

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունը: Ինչպես ասվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ, ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են իրականության հետ որևէ առնչություն չունեցող տեղեկատվության տարածումը: «Այս անգամ ադրբեջանական «ապա.ազ»-ի քարոզիչները, վկայակոչելով «ռազմական աղբյուրներ», գրում են, թե մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գարիկ Բալայանը զբաղեցրել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հետախուզության պետի պաշտոնը: Ավելին` իրականությանը չհամապատասխանող այս տեղեկատվությունը վերածվում է զավեշտի` հայ սպայի «փոխգնդապետ» զինվորական կոչումը ադրբեջանական քարոզիչները նշում են որպես «գնդապետ-լեյտենանտ»:

Վերոնշյալ ապատեղեկատվությունը իրականության հետ որևէ առնչություն չունի նաև այն առումով, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությունը, որտեղ տեղակայված մարտական հենակետում մայիսի 25-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գարիկ Բալայանը, վերահսկվում է ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից, իսկ ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները տեղակայված են բոլորովին այլ հատվածում և պատասխանատվություն են կրում այլ ուղղության անվտանգության ապահովման համար»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ:

Կարծում ենք, որ ադրբեջանական քարոզիչների «ռազմական աղբյուրները», թերևս, պատկերացում ունեն ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի պատասխանատվության գոտու սահմանների վերաբերյալ, և զավեշտալի է, որ փորձ է արվում սեփական գործելաոճը, այն է` արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելն ու փաստերը խեղաթյուրելը, վերագրել հայկական կողմին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ ՀՀ զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում: Կոչ ենք անում տեղի չտալ ադրբեջանական աղբյուրներով տարածվող հերյուրանքին և զերծ մնալ չճշտված, բացահայտ կեղծ տեղեկություններ հրապարակելուց»,-ասվում է հայտարարության մեջ:

Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փոխգնդապետ Գարիկ Էդիսոնի Բալայանը: Մայիսի 26-ին շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994-ին ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:

Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի հակառակորդը մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների աչալրջության ու զգոնության շնորհիվ հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է և նրանք հետ են շպրտվել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը տվել է առնվազն 2 զոհ և 1 վիրավոր:

Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:

Ավելի ուշ պաշտնապության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ սահմանին, իհարկե, լարվածություն կա, բայց չի կարելի ասել, թե իրավիճակն ավելի լարված է. «Պետք է հասկանանք` այս իրավիճակը պարբերաբար կրկնվում է և լարվածություն միշտ էլ կա, քանի մենք խնդիր ունենք հակառակորդի հետ»:

Ինչպես մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայ դիրքապահների հակարահվածը դիվերսիային արժանի էր: Օհանյանի խոսքով, նման քայլեր հակառակորդը սովորաբար ձեռնարկում է որոշակի օրերին: «Խոսել եմ ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ, ևս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնել, որ այս ոտնձգությունը եղել է հակառակորդի կողմից»,- ասել է Օհանյանը՝ հավելելով, որ վիրավորների վիճակը բավարար է: Մեկնաբանելով տեղեկությունը, Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նշել է, որ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը վերահսկում են իրավիճակն առաջնագծում ու ՀՕՊ ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած խախտման համարժեք պատասխան տալ։

Ավելի ուշ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հայտնեց, որ հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս հայ զինծառայողները ոչնչացրել են ազերիների դիվերսիոն խմբի հրամանատարին: «Ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, հակառակորդը կրկին գործել է այսպես կոչված «սուպերպրոֆեսիոնալների» միջոցով: Սակայն մեր շարքային զինծառայողները կրկին հաղթանակ են տարել նրանց հանդեպ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---