Էներգահամակարգում «որոշակի դժվարություններ են առաջացել». Սակագինը կարող է վերանայվել

Էներգահամակարգում «որոշակի դժվարություններ են առաջացել». Սակագինը կարող է վերանայվել

PanARMENIAN.Net - Սակագների խնդիրը սառած խնդիր չէ և ժամանակ առ ժամանակ կատարվում է վերանայում: Բայց այս պահին հստակ որևէ բան չկա: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը` արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

Ըստ նրա, այս պահին էներգետիկ համակարգում ստեղծված են որոշակի դժվարություններ, որոնք պայմանավորված են մի շարք օբյեկտիվ հանգամանքներով` սակավաջուր տարիներ են եղել, որոնց հետևանքով նվազել է հիդրոարտադրանքը, և ալն. «Քննարկումներ ընթանում են և երբ դրանք բերեն նրան, որ սակագին պետք է վերանայվի` կարվի: Այժմ ես որոշակի բան չեմ կարող ասել»,-ասել է փոխնախարարը, հայտնում է Panorama.am-ը:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մայիսի 16-ի նիստում Հայաստանի էլցանցերը տուգանվել է 20 մլն դրամով: Պատճառը` ընկերության կամայական գործողությունների արդյունքում բնակիչները զրկվել են էլէկտրամատակարարումից: Բնակիչները չունեն այլընտրանքային տարբերակ, քանի որ էներգամատակարարման ոլորտում միակ ընկերությունը ՀԷՑ-ն է: Հետևաբար, հանձնաժողովի դիտարկմամբ, վերջինս իրավասու չէ կամայական սկզբունքներով որոշելու բնակիչներին էլեկտրաէներգիա տրամադրելու կամ չտրամադրելու հարցը: Ստացված գրավոր տեղեկատվության, ինչպես նաև կողմերի հետ կազմակերպված քննարկումների և լսումների արդյունքում, հանձնաժողովը եզրակացրել է, որ ՀԷՑ-ի գործողություններն օրինական չեն, հայտնել է Panorama.am-ը: ՀԷՑ-ը վերջերս ևս ՏՄՊՊՀ տեսադաշտում էր: Նախորդ իրավախախտումների ժամանակ ընկերության հանդեպ դարձյալ հարուցվել են վարչական վարույթներ, սակայն տրվել է խիստ նախազգուշացում` միաժամանակ տեղեկացնելով, որ իրավախախտման կրկնակիության դեպքում հանձնաժողովը, օրենքի համաձայն, կցուցաբերի առավել խիստ մոտեցում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) ապրիլի 16-ի նիստում 5 մլն դրամով տուգանել է (ՀԷՑ) նորմատիվ մի քանի իրավական ակտերի խախտման և ֆինանսականան կարգապահության համար: Ընկերության նկատմամբ ֆինանսական տույժը կիրառվել է նույնիսկ այն բանից հետո, երբ ՀԷՑ-ի էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազոնովը նշել է, որ դա ավելի կծանրացնի ընկերության ֆինանսական վիճակը։

Արդեն տևական ժամանակ՝ խոսվում է, թե ՀԷՑ-ը ֆինանսական վատ վիճակում է։ Դեռևս փետրվարի 26-ին, օրինակ, Yerkir.am-ը գրել էր, թե իր տեղեկություններով Էլցանցերը մոտ մեկ ամսից պաշտոնապես կհայտարարի սնանկացման մասին, որը կապված է վերջին շրջանում ի հայտ եկած ճգնաժամի հետ։ Մոտ 935․000 սպառողի սպասարկող այդ ընկերությունը կհասցվի կանխամտածված սնանկության, և այդ կերպ կլուծվի էլէներգիայի սակագնի բարձրացման հարցը: Ընկերությունը, սակայն չէր մեկնաբանել սնանկացման մասին լուրերը։

Վերջին անգամ էլէներգիան թանկացումից դեռ մեկ տարի էլ չի անցել՝ 2013-ի հունիսի 7-ին ՀԾԿՀ-ն որոշել էր ՀՀ բնակչությունից 1 կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի դիմաց գանձել 38 դրամ՝ բարձրացնելով գինը 8 դրամով։ Որոշումը հանրության շրջանում բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, դրա դեմ ստորագահավաք ու ցույցեր էին սկսվել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---