Ամուր տանիք` ամուր սահման. ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ծրագիրը շարունակում է

Ամուր տանիք` ամուր սահման. ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ծրագիրը շարունակում է

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավոր անդամագրված աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը սահմանամերձ Վազաշեն գյուղում հերթական տան համատեղ կառուցման նախաձեռնությամբ են հանդես եկել: Այս անգամ համագործակցող կողմերն օգնել են Բախչագուլյանների բազմանդամ ընտանիքին:

Ընտանիքի տատիկի՝ Ժենյա Բախչագուլյանի համար, իրադարձությունն իրականացված երազանք և հուսալի ապագայի երաշխիք է դարձել: Արցախյան ազատամարտի տարիներին ականի պայթյունը Ժենյա Բախչագուլյանից խլել է ամուսնու կյանքը, ավերել տունը. պատերին մինչև հիմա դաջված են պատերազմի հետքերը:

Հինգ երեխաներին միայնակ մեծացնելու և ընտանիքի հացի խնդիրը դժվարությամբ լուծելու հանգամանքը տանտիրուհուն զրկել է տունը վերակառուցելու երազանքից: Ժենյայի որդին՝ Ալբերտը, չորս տարի առաջ նախաձեռնել է տան վերանորոգման աշխատանքները, սակայն բացառապես գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ հաց վաստակող ընտանիքի համար դա լուրջ խնդիր է եղել, և աշխատանքները կատարվել են մասնակիորեն: Անչափահաս երեք որդի ունեցող ընտանիքի համար տան շինարարությունը ավարտին հասցնելը անհաղթահարելի էր դարձել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ՝ Բախչագուլյանների ընտանիքն այսուհետև կապրի ամուր տանիքի տակ, իսկ Ժենյա տատիկը թոռների երջանկության ականատեսը կլինի:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ իրականացվող այս ծրագիրը թույլ է տալիս Հայաստանի սահմանամերձ գյուղերում ապրող անապահով ընտանիքների համար կառուցել և վերանորոգել տներ, ամրացնել մեր պետության սահմանները, նպաստել արտագաղթի կասեցմանը, բարելավել մարդկանց կենսակերպը: Հայրենիքը սկսվում է հայրենի տնից և շատ կարևոր է, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրեն սեփական բարեկարգ ու հարմարավետ տանը»,-նշել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է այն համոզմունքով, որ սահմանագծին կենդանի վահանի պես ապրող մեր հայրենակիցներն արժանի են մեծ ուշադրության: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համագործակցության շնորհիվ` տարեվերջին սահմանամերձ գուղերի 25 ընտանիք կվայելի հարմարավետ տանիքի տակ ապրելու երջանկությունը: Սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 55 մլն դրամի ներդրում, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ստանձնել է իրականացնել այդ ծրագիրը:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Փոխառություններն օգտագործվում են նոր ընտանիքների աջակցելու համար՝ դառնալով ֆինանսական կայունության հիմք: Առ այսօր կազմակերպությունն օգնել է 286 ընտանիքների կառուցելու և վերանորոգելու իրենց բնակարանները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---