ԱՄՆ-ն կքննարկի Իրաքում ստեղծված իրավիճակն Իրանի հետ

ԱՄՆ-ն կքննարկի Իրաքում ստեղծված իրավիճակն Իրանի հետ

PanARMENIAN.Net - Սպիտակ տունը պատրաստվում է անմիջական շփումների Իրանի իշխանությունների հետ հարևան Իրաքում ստեղծված իրավիճակի շուրջ, որտեղ վերջին օրերին գրոհայինները վերահսկողություն են հաստատել մի շարք տարածքներում, գրում է The Wall Street Journal-ը՝ ամերիկացի պետծառայողների վրա հղումով, որոնք չեն ցանկացել նշել անունները:

Պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ Վաշինգտոնը պետք է քննարկի իրավիճակն Իրաքում Իրանի և այլ տարածաշրջանային տերությունների հետ, ավելի լավ համակարգելու համար պատասխանը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից առկա սպառնալիքին, որը մի շարք քաղաքներ ու շրջաններ է գրավել Իրաքի հյուսիսում: Իրանի ու ԱՄՆ ուղիղ շփումներն ակնկալվում են արդեն այս շաբաթ:

Սպիտակ տունը դեռ չի որոշել, թե ինչ կանալներով է վարելու երկխոսությունը, ասել է թերթի զրուցակիցներից մեկը: Նաև հայտնի չէ երկու երկրների ներկայացուցիչների հնարավոր հանդիպման վայրը: Այդպիսի հարթակ կարող էր դառնալ Վիեննան, որտեղ հունիսի 16-ին սկսվում է «վեցյակի» ու Իրանի բանակցությունների հերթական փուլը Իրանի միջուկային ծրագրի շուրջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարեց, որ Վաշինգտոնը մտադիր չէ կրկին զորքեր ուղարկել Իրաք, սակայն նշել է, որ Սպիտակ տունը դիտարկում է Իրաքի իշխանություններին օժանդակելու այլ ձևեր: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է դիտարկել ԱՄՆ հետ գործակցության հնարավորությունն Իրաքում խաղաղության հաստատման շուրջ, եթե Վաշինգտոնի` Իրաքում կամ աշխարհի ցանկացած այլ վայրում ահաբեկիչներին հակազդելու գործողություններն ակնհայտ կլինեն:

Իրավիճակն Իրաքում կտրուկ վատթարացավ վերջին օրերին, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավեցին Մոսուլ և Տիկրիտ խոշոր քաղաքները և հայտարարեցին Բաղդադի ուղղությամբ հարձակման մասին: Իրաքցի զինծառայողները փախան այդ շրջաններից ահաբեկիչների ճնշման տակ, շատերը գերեվարվեցին և մահապատժի ենթարկվեցին գրոհայինների կողմից: Որոշ տվյալներով, գրոհայինները գնդակահարել են կառավարական բանակի 1000 զինվորի:

Դիվանագիտական հարաբերություններն Իրանի ու ԱՄՆ միջև խզվեցին 1979 թվականին, իսլամական հեղափոխությունից հետո, երբ պատանդ վերցվեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները: ԱՄՆ դեսպանատան 52 աշխատակիցներ ազատ արձակվեցին 444 օր անց՝ 1981 թ.: Պատանդներն ազատ արձակվեցին Ալժիրի կառավարության միջնորդությամբ, Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը: ԱՄՆ-ում Իրանի շահերը ներկայացնում է Պակիստանի դեսպանատունը:

Իրանի և ԱՄՆ հարաբերությունները ջերմացան վերջին նախագահական ընտրություններից հետո, երբ նախագահի պաշտոնը զբաղեցրեց Հասան Ռոուհանին: Ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում՝ Ռոուհանին հայտարարեց, որ պատրաստ է բանակցություններ սկսել միջուկային խնդրի շուրջ: Իրանի նախագահը նշեց 3-6 ամիս ժամկետը: Նյու Յորքում նաև տեղի ունեցավ «վեցյակի» հանդիպումը Իրանի հետ, որի արդյունքում կողմերը գոհ մնացին բանակցություններից և երկխոսություն սկսվեց ԱՄՆ ղեկավարության հետ:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումն իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումն իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---