Կուտակայինի նոր` «ոչ իդեալական» օրինագիծը ներկայացվել է ԱԺ. ՍԴ որոշումը հստակ չէ՞ իշխանությունների համար![]() 19 հունիսի 2014 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային օրվա գրեթե ավարտին հունիսի 19-ին խորհրդարանում մեկնարկել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկումը: Հարցի հիմնական զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ օրենքի փոփոխության հիմքում երկու խնդիր է ընկած` Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ին ընդունած որոշմամբ հակասահմանադրական ճանաչված դրույթների համապատասխանեցումը Սահմանադրությանը և հասարակության մտահոգությունները: «Ներկայացված փաթեթն ընդունելու դեպքում հուլիսի 1-ից, երբ օրենքներն ուժի մեջ մտնեն, այլևս պարտադիր կուտակային վճար չի կատարվելու: Օրենքով սահմանվում է պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար»,- ներկայացրել է նախարարը: ՀՀ կառավարությունը հունիսի 17-ի արտահերթ նիստում հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Այն վերաբերում է կուտակային կենսաթոշակի համակարգն ուժի մեջ մտնելուց հետո տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չտալուն, այլ կերպ ասած՝ կրճատմանը: Փաթեթը նախատեսում է հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավորի՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով: Հունիսի 15-ին կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը համապատասխանեցնելու համար ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում ընդունվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մեխանիզմները փոփոխելու մոտեցումներ, համաձայն որոնց` հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու: Օրենքով սահմանվում է ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար (սոցիալական վճար): Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից: Պաշտոնյայի, խոսքով, ներկայացված փաթեթով Սահամանդրական դատարանի կողմից առաջ քաշված խնդիրները, որոնք վերաբերում էին անձի սեփականության իրավունքին, լուծվել են: Նախարարն ասել է նաև, որ կառավարությունն ականջալուր է եղել հասարակության մտահոգություններին և ներկայացրել, որ սոցիալական վճարի դրուքաչափը 5 տոկոս է առաջարկվում` հաշվի առնելով, որ սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ` 500.000 դրամի չափով և պահպանվում է պետական մասնակցության առավելագույն շեմը` 25.000 դրամ ամսական, կամ տարեկան` 300.000 դրամ: «Մի դեպքում` սահմանելով 500.000 դրամ շեմ, դրանով սահմանում ենք այն շեմը, որը որպես սոցիալական պետություն, ամրագրում ենք, որ դրան համապատասխանող կենսաթոշակի ապահովումը բավարար է սոցիալական պետության տեսանկյունից, որպեսզի քաղաքացին իր եկամտին համապատասխան մինչև 50 տոկոսի չափով կենսաթոշակ ստանա, իսկ եթե անձը ցանկություն ունի ավելի բարձր կենսաթոշակ ստանալ, ապա նա կարող է կամավոր միանալ համակարգին ու կատարել վճարումներ», -հայատարարել է զեկուցողը: Այս պարագայում, նրա խոսքով, կարևոր է, որ այս հուլիսի 1-ից կբարձրանան պետական ծառայողների միջին աշխատավարձերը` առողջապահության ոլորտում 21 տոկոսով դրանք կբարձրանան, կրթության ոլորտում` 13.9 տոկոսով, մշակույթի ոլորտում` 29.6 տոկոսով, սոցիալական պաշտպանության ոլորտում` 21.6 տոկոսով, պետական կառավարման ոլորտում` 47 տոկոսով, քաղծառայության ոլորտում` 68 տոկոս: «Առաջարկվում է առաջին փուլում ընդգրկել պետական աշխատողներին և 74 թվականից հետո ծնված մյուս աշխատողներին առաջարկվում է թողնել կամավորության սկզբունքով` երեք տարի կամավորության սկզբունք: Եթե անձը ցանկություն ունի մասնակցել կենսաթոշակային նոր համակարգին, ապա կատարում է նպատակային սոցիալական վճար: Իսկ եթե չունի նման ցանկություն, ապա հրաժարվում է սոցվճար կատարելուց և դուրս է մնում համակարգից», -հայտարարեց նախարար Ասատրյանը: Համակարգին կամավոր միացած անձանց համար ևս կլինի պետական մասնակցություն ընդհանուր կանոններով: Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին, ապա, ըստ նախարարի, առաջարկվում է, որ սոցիալական վճարը կատարի գործատուն: Ապրիլի 18-ին ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին, որտեղ Կառավարության ներկայացրած մի քանի կարևոր նախագիծ պետք է քննարկվեր` այդ թվում նպատակային սոց. վճարների մասին օրինագիծը, ոչ իշխանական պատգամավորները դժգոհություն են հայտնել, որ օրակարգում են մի շարք կարևոր նախագծեր, որոնք չեն հասցրել ուսումնասիրել: ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն առաջարկել է Գալուստ Սահակյանին դիմել Կառավարությանը, որպեսզի հետ կանչեն նրանցից մի քանիսը, պատգամավորներն էլ ուսումնասիրելու ժամանակ ունենան: Սակայն, ըստ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, օրենքի խախտում չկար: Նույնպես դեմ արտահայտվելով նախագծերի քվերակության դրվելուն` Լևոն Զուրաբյանն առաջարկել է հայտարարել 20 րոպե ընդմիջում և այդ ընթացքում կազմակերպել խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպում ԱԺ նախագահի հետ: Ընդմիջումից հետո նախագծերն այնուամենայնիվ դրվել են քվեարկության, սակայն քվորում չի ապահովվել, քանի որ ոչ իշխանական կուսակցությունները հրաժարվել են մասնակցել քվեարկությանն ու անհրաժեշտ 66 պատգամավորի փոխարեն քվեարկել է 64-ը: Մեկ այլ առաջարկությամբ, համակարգի մասնակցի մահվան դեպքում կենսաթոշակային միջոցները կարող են միանվագ փոխանցվել ժառանգին, գրում է Panorama.am-ը: Նոր նախագծով չեն անտեսվել մինչև 3 տարեկան երեխաներին խմանող մայրերը, ովքեր նախորդի դեպքում անտեսված էին. այդ մայրերի համար պետությունը կատարելու է ամսական 5.000 դրամի չափով վճար` փոխանցելով նրա հաշվին: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Արտեմ Ասատրյանին խնդրել է մի փոքր ավելի մանրամասն նշել, թե «Դ!ԵՄ ԵՄ» շարժման ներկայացուցիչների և «հրաշալի քառյակի» առաջարկներից որոնք են նախագծում հաշվի առնվել։ «Ո՞ր կետերի շուրջ են եղել համաձայնություններ, և քաղաքական առումով ի՞նչ ունենք այսօր»,-հարցրել է պատգամավորը։ Ի պատասխան Ասատրյանը նշել է, թե իրենք բոլոր առաջարկությունները և հնչեցված կարծիքներն ուսումնասիրել են և նկատել, որ այդ առաջարկները, մասնավորապես, քաղաքացիական շարժման առումով հենց իրենց ներսում հակասություններ են ունեցել։ «Մասնավորապես, ներկայացված երեք մոտեցում էր, որոնցից առաջինն այն էր, որ պետք է լինի կամավոր, երկրորդը՝ որ տնօրինվող եկամուտը չպետք է նվազի։ Եթե մենք նայում ենք այս առաջարկների բովանդակությանը, հասկանալի էր, որ եթե անձը կամավոր որոշում է կայացնում մասնակցել համակարգին, դա իր որոշումն է, և իր աշխատավարձից կատարվող հատկացման հաշվին, բնականաբար, ապահովում է իր լրացուցիչ կենսաթոշակային ապահովվածությունը»,- բացատրել է նախարարը։ Ինչ վերաբերվում է քառյակի առաջարկություններին, ապա նշել է, որ իր կարծիքով հիմնական մտահոգությունները, որոնք այս ընթացքում հնչեցվել են, ներկայացվել են.«Դրանք այս օրենսդրական փաթեթով առաջարկվող լուծումները պարունակում են», գրում է Tert.am-ը։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղից արձագանքել է. «Մի՛ մոլորվեք, ինչ ասում ա, սուտ ա ասում»: Ինչին նախարարն արձագանքեց. «Ի՞նչ ես խոսում»: Արծվիկ Մինասյանի բացականչությանն արձագանքել է նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Էս ի՞նչ ռեպլիկ էր ... իսկ դու գրանցվա՞ծ ես»: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն էլ հարցրել է նախարարին, թե արդյոք Սահմանադրական դատարանի որոշումը հստակ չէ իշխանությունների համար: «Նախ մի տեխնիկական հարց. եթե ես մասնակից չեմ կամ դիմում եմ գրել, դուրս եկել պարտադիր կուտակային ծրագրից, պետական բյուջեից անցումային շրջանում շարունակվո՞ւմ են իմ հաշվին գումարներ փոխանցել: Երկրորդ՝ դուք կարծո՞ւմ եք, որ պարտադիրի դեմ ընդվզումը գալիս էր նրանից, որ քաղաքացու գրպանից գումարը տանում էին ոչ սահմանադրական ճանապարհով, հիմա ընդվզումը կպակասի, քանի որ գումարը կտարվի սահմանադրական ճանապարհով,-հարցրել է նա և հավելել,-խտրականության եղած բաժանարար գծին ավելացել է ևս երկու բաժանարար գիծ, հիմա էլ բնակչությանը բաժանել եք երկու կատեգորիայի՝ մասնավոր և պետական սեկտորի, հիմա էլ տարիքային նոր խտրականություն եք սահմանել: Ես չեմ հասկանում, ՍԴ-ի որոշումը հստակ չեղա՞վ ձեզ համար, թե դուք կարծում եք, որ միևնույնն է, ՍԴ-ն գտնվում է Ձեր գրպանում»: Նախարարը պատասխանել է. «Առաջարկվող մոտեցումների տարբերության մասին՝ ՍԴ որոշման մեջ արձանագրված խնդիրներից մեկն այն էր, որ կատարվող վճարներն անմիջապես գնում են ֆոնդերի կառավարիչներին, ինչը ՍԴ-ն երաշխիքային չէր համարել։ Այս դեպքում՝ սահմանելով նպատակային սոցիալական վճար, որը գնում է պետական բյուջե, ավելացնելու է երաշխիքային համակարգն այդ գումարների նկատմամբ: Խտրականության հետ կապված՝ ՍԴ-ի որոշման մեջ այն հոդվածները, որոնք վերաբերում են տարեթվերի փոփոխություններին, խտրականությունը և տարբերակված մոտեցումները հստակ ամրագրված են: Օրինակ՝ պատգամավոր կարող է լինեն 25 տարին լրացած անձը, ուրեմն կարող ենք ասել, որ խտրականություն է, որ 24 տարին լրացածը չի կարող»: Լևոն Զուրաբյանն արձագանքել է. «Ես ոչ թե հարցնում եմ՝ ՍԴ-ի համար տարբերություն կա, թե ոչ... քաղաքացու գրպանից փողը տանելը Դուք հարմարեցրել եք ՍԴ-ին, ես հարցնում եմ՝ արդյոք քաղաքացու համար որևէ տարբերություն կա»: Ի պատասխան Արտեմ Ասատրյանը հայտարարել է, թե տեխնիկական խնդիրները բավականին շատ են, հարկային համակարգը պետք է կարողանա այդ բոլոր կարգավիճակները հստակեցնել. որքան քիչ լինեն կարգավիճակները, այնքան ավելի հեշտ կլինի կառավարել համակարգը: «Ինչ վերաբերում է քաղաքացու համար տարբերությանը, առաջարկվող մեխանիզմը առաջին հերթին քաղաքացու համար տեսանելի, վստահելի և երաշխավորված համակարգ է ենթադրում»,-ասել է նա: Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համոզմամբ` նոր օրենքի նախագիծը «շատ իդեալական տարբերակ չի, բայց նաև լուծում է»։ Ըստ նրա՝ Կառավարությունը մեղմել է իրավիճակը՝ հաշվի առնելով պետության հարատևության խնդիրը։ Անդրադառնալով հարցին, թե «ԴԵՄ ԵՄ» շարժումը դժգոհում է Կառավարության ներկայացրած կուտակայինի մասին վերափոխված օրենքի նախագծից՝ նշելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չկատարեց իր խոստումը և ականջալուր չեղավ քաղաքացիների ու Սահմանադրական դատարանի պահանջներին, ԱԺ նախագահը պատասխանել է. «Կառավարությունը երբեք նման խոստում չի տվել։ Այնպես չի որ հասարակությունը միանշանակ ընդունում է «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը և նրա կոչերը։ Մեծ բարեփոխումները միշտ էլ արգելքների հանդիպում են, եթե մենք այդպես չանենք մեր պետությունը զարգացում չի ապրի։ Երբ փողերը փոխվում էին, միանգամից սնանկացավ ազգը, ինչ-որ քննարկումներ կատարեցի՞ն 90-ականներին, կամ որևէ բան, բայց ես գտնում եմ, որ ճիշտ արեցին։ Փողերի փոխման առումով մեր ազգը միանգամից սնանկացավ, բայց ընդվզում չեղավ»։ Գալուստ Սահակյանը նշել է, որ գոհ էր այն նախագծից, որն ընդունվել էր 2010 -ին. «Ես պարզապես դժգոհ եմ, որ 2010-ից մինչև այսօր երեք տարիների ընթացքում ո՛չ ընդդիմությունը, ո՛չ հասարակությունը երբեք չքննարկեցին, և այստեղ մեղավորությունը մերն է, որ քննարկման փուլ չենք անցել, իսկ այս պահին արդեն, երբ ՍԴ-ն որոշում է ընդունել, մենք կատարում ենք ՍԴ-ի որոշումը։ Այսօր արդեն պարտադիր չէ, դա սոցիալական վճար է»։ Պատասխանելով հարցին, թե ինչու մինչև 2017-ը ժամանակ տրվեց մասնավորին չվճարել այդ ֆոնդերին, որովհետև հենց 2017-ին խորհրդարանական ընտրություններ են, նա ասել է. «Ո՛չ, 2017-ի ընտրությունների հետ դա մի կապեք, որովհետև գործատուները պետք է կարողանան իրենց վրա վերցնել նաև այդ բեռը։ Դրա համար փուլային տարբերակ է ընտրվել, այսինքն՝ ինչպես պետությունն է վերցնում իր վրա այդ բեռը՝ բարձրացնելով աշխատավարձերը, նույն ձևով էլ գործատուները պետք է այդ բեռն իրենց վրա վերցնեն, որ 20 տարի հետո չունենաք 600 000-700 000 թոշակառու, և 10 երիտասարդ աշխատի, որ կարողանա մեկ թոշակառուի պահել»։ ![]() ![]() Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |