Սունի գրոհայինները գրավում են Իրաքի ռազմավարական քաղաքները

Սունի գրոհայինները գրավում են Իրաքի ռազմավարական քաղաքները

PanARMENIAN.Net - «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորման սունի գրոհայինները վերջին երկու օրում հսկողության տակ են առել արդեն չորրորդ քաղաքը Անբար գավառում: Ռուտբա քաղաքը գտնվում է Հորդանանի հետ սահմանից դեպի արևելք 150 կմ հեռավորության վրա:

Ավելի վաղ Բաղդադի վրա հարձակման ժամանակ նրանք վերցրել էին Սիրիայի հետ սահմանակից մի քաղաք և երկու բնակավայր Իրաքի արևմուտքում: Բացի այդ, գրոհայինները երկու սահմանակետ են գրավել, մեկը Հորդանանի հետ սահմանին, մյուսը՝ Սիրիայի, հայտնում է ВВС-ին:

Ըստ Իրաքի իշխանությունների, ջիհադականները ձգտում են գրավել ամբողջ Անբար գավառը առավելապես սունի բնակչությամբ:

Կիրակի օրը կառավարությունը Բաղդադում հայտնեց, որ Տիկրիտ քաղաքի վրա ավիահարվածների արդյունքում սպանվել է 40 գրոհային, սակայն, ըստ ականատեսների, լիցքավորման կայանի ուղղությամբ հարվածի հետևանքով նաև բազում խաղաղ բնակիչներ են զոհվել:

Հանդես գալով Կոնգրեսում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «ISIS-ի բռնության գաղափարախոսությունը սպառնում է ոչ միայն Իարքին, այլ ամբողջ տարածաշրջանին»: Ստեղծված իրավիճակը նա անվանել է կրիտիկական և կոչ է արել Իրաքի առաջնորդներին «հաղթահարել միջկրոնական տարաձայնություններն ու կառավարություն ձևավորել, որը միասնական կլինի իր ժողովրդի ձգտումներն իրագործելու հարցում»:

Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Համենեին դատապարտեց հնարավոր ամերիկյան միջամտությունն Իրաքում՝ նշելով, որ ԱՄՆ գլխավոր խնդիրն է պահպանել Իրաքն իր ազդեցություն գոտում: «Գլխավոր վեճն Իրաքում նրանց միջև է, ով ցանկանում է միանալ ամերիկյան ճամբարին, և նրանց, ով ուզում է անկախ տեսնել Իրաքը»,-հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդը՝ ժխտելով միջդավանական թշնամանքի խնդիրը:

Իրանի ներքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական խմբավորումը սպառնալիք է ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանին, այլ ամբողջ աշխարհին: Նա կոչ է արել որոշ երկրների խուսափել քաղաքական շահարկումներից: Անդրադառնալով Իրաքի իրավիճակին՝ Զարիֆը հաստատել է, որ Իրաքի կառավարությունն ու ժողովուրդը կարող են դիմակայել ահաբեկչական խմբավորումներին, որոնք մերժված են հանրության բոլոր շերտերի կողմից, հայտնում է SANA գործակալությունը:

Իրաքի իշխանությունները նաև խոստովանել են, որ իրենց զորքերը, կորուստներ կրելով, թողել են սահմանային անցումը Կաիմ քաղաքի մոտ Սիրիայի հետ սահմանին: Ըստ ջիհադականների, կայազորների զինվորները, այդ թվում հրամանատարական կազմը, փախել են, թողնելով զենքն ու սպառազինությունը:

Իրաքի զինվորականներն իրենց հերթին պնդում են, որ դա «մարտավարական նահանջ է եղել վերախմբավորման նպատակով»: Այժմ սահմանակետի գրավումը թույլ կտա գրոհայիններին անարգել զենք տեղափոխել ու այլ բեռներ մարտական գործողությունների վայր:

Մինչդեռ Բաղդադում մտավախություն ունեն, որ բանակը չի կատարում իր խնդիրը, և որ խմբավորման գրոհայինները շատ ավելի պատրաստված, զինված ու փորձառու են, քան ենթադրվում էր: Նրանք հուսալի բազաներ ունեն, այդ թվում նաև Սիրիայում, որոնց բարդ է հարվածներ հասցնել՝ չվնասելով խաղաղ բնակիչներին:

Ըստ ԱՄՆ նախագահի, Իրաքի վարչապետ Նուրի Մալիքին ինքն է սպառնալիքի տակ դրել երկրի անվտանգությունը՝ անտեսելով սունիների կարծիքն ու առաջ տանելով շիա մեծամասնության շահերը:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»: Գլխավոր նպատական է օկուպանտների և նրանց դաշնակիցների արտաքսումը և իսլամական շարիաթական պետության ստեղծումը Իրաքի սունիների գավառներում: 2010 թվականի մարտին ավիահարվածի արդյունքում ոչնչացվեցին խմբավորման երկու առաջնորդները՝ Աբու Օմար ալ Բաղդադին և եգիպտացի Աբու Այուբ ալ Մասրին: Նոր առաջնորդ դարձավ մարոկացի Ան Նասեր Լիդինիլ Աբու Սուլեյմանը:

Իրավիճակն Իրաքում վատթարացավ վերջին օրերին, երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորման գրոհայինները գրավեցին խոշոր Մոսուլ և Տիկրիտ քաղաքները և հայտարարեցին դեպի Բաղդադ հարձակում ծավալելու մտադրության մասին: Իրաքցի զինծառայողները փախել են շրջաններից ծայրահեղականների ուժերի ճնշման տակ, զինվորականներից շատերը գերի են վերցվել ու սպանվել գրոհայինների կողմից: Որոշ տվյալներով, գրոհայինները գնդակահարել են մոտ 1000 զինվորների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---