Սիրիայից դուրս է բերվել ամբողջ հայտարարագրված քիմզենքը

Սիրիայից դուրս է բերվել ամբողջ հայտարարագրված քիմզենքը

PanARMENIAN.Net - Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) հայտնել է, որ Սիրիայի հայտարարագրած քիմիական զենքի վերջին խմբաքանակը դուրս է բերվել երկրից ոչնչացման նպատակով:

ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուն Հաագայում ասել է, որ 1300-տոննայանոց պաշարի վերջին 8 տոկոսը բեռնվել է նավերի վրա սիրիական Լաթակիայում հունիսի 23-ին:

Զենքը կբեռնեն ամերիկյան Cape Ray նավի վրա հետագայում ծովում ոչնչացնելու համար: Զենքի մյուս մասը կոչնչացվի ԱՄՆ, Ֆինլանդիայի ու Մեծ Բրիտանիայի տարածքում: Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացման գործողությունը պետք է ավարտվեր մինչև հունիսի 30-ը:

Ձգձգման պատճառ դարձան շարունակվող մարտական գործողություններն ու ապստամբ խմբավորումների հարձակման սպառնալիքները, գրում է ВВС-ին:

Ահմեդ Ուզյումջյուն հավելել է, որ քլորի ենթադրյալ կիրառման հետաքննությունը շարունակվում է: Հետաքննությունը տարվում է ՄԱԿ հետ համատեղ: Քլորը արդյունաբերական քիմիկատ է և չի մտնում այն զենքի ցանկի մեջ, որը Սիրիան համաձայնվել էր ոչնչացնել: Սակայն նրա կիրառումը որպես զենք կհակասեր նախագահ Ասադի ստորագրած կոնվենցիային:

Քիմիական զենքը Սիրիայում. Առանցքային պահեր

2013 թ. օգոստոսի 21՝ գրոհ քիմիական հարձակողական զենքի կիրառմամբ Դամասկոսի հարևանությամբ գտնվող Գուտա օազիսում:

2013 թ. սեպտեմբերի 14՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվեցին ոչնչացնել Սիրիայի քիմիական զենքը:

2013 թ. դեկտեմբերի 31՝ ամենաթունավոր քիմիական նյութերը դուրս բերելու սկզբնաժամկետը չի պահպանվել:

2014 թ. փետրվարի 4՝ ամենաթունավոր քիմիական նյութերը դուրս բերելու սկզբնաժամկետը կրկին չի պահպանվել:

2014 թ. ապրիլի 27՝ Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացման ժամկետը վերանայվել է:

2014 թ. հունիսի 30՝ Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացման վերջնաժամկետն է:

Սիրիան համաձայնեց ոչնչացնել իր քիմիական զենքի պաշարները, բախվելով ԱՄՆ ու նրա դաշնակիցների կողմից ռազմական ուժի կիրառման վտանգի հետ՝ ի պատասխան օգոստոսի 21-ի քիմիական գրոհի Դամասկոսի վրա: Զարին գազով լցոնված հրթիռներով հրթիռակոծության հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին: Վաշինգտոնը վստահ է, որ դա Ասադի կողմնակիցների ձեռքի գործն էր: Սիրիայի կառավարությունը մեղադրում է ապստամբներին քիմիական գրոհի համար:Համարվում է, որ Սիրիան ունի մոտ 1000 տոննա քիմիական նյութեր: Սիրիան չի միացել Քիմիական զենքի արգելման կոնվենցիային: 1972 թվականին Դամասկոսը ստորագրեց կենսաբանական ու թունավոր նյութերի մշակումն արգելող կոնվենցիան, սակայն չի վավերացրել այն:Ռուսաստանը Սիրիային է փոխանցել 75 միավոր ավտոմոբիլային տեխնիկա զենքը դուրս բերելու համար: Ըստ ՔԶԱԿ-ի որոշման, ամբողջ քիմզենքը պետք է դուրս բերվեր Սիրիայի տարածքից մինչև 2014 թ. փետրվարի 5-ը և ոչնչացվեր մինչև 2014 թվականի հունիսի 30-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---