Ղրղզստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը

Ղրղզստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը

PanARMENIAN.Net - Ղրղզսատնի իշխանությունները Մաքսային միությանն անդամակցելուն ուղղված բացատրական աշխատանք են սկսել: Այդ թեման ակտիվորեն քննարկվում է ԶԼՄ-ներում ու սոցցանցերում: Բիշքեկի համար նոր մեկնակետ դարձավ մայիսի վերջում Աստանայում կայացած հանդիպումը, երբ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահները պայմանագիր կնքեցին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ստեղծման մասին, որը կսկսի գործել 2015-ի հունվարի 1-ից: Այնտեղ էլ հայտարարվեց, որ ԵՏՄ մասնակից երկրները հավանություն են տալիս Մաքսային միությանը Ղրղզստանի միանալու «ճանապարհային քարտեզին»: Իսկ այդ երկրի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հայտարարել է՝ հուսով է, որ դա տեղի կունենա մինչև տարեվերջ:

Հունիսի կեսից Կառավարությունը երկրումլայնածավալ բացատրական աշխատանք է տանում Մաքսային միութանը միանալու օգտին: Թեև, ըստ դիտորդների, այն ավելի շատ քարոզարշավ է հիշեցնում: Պաշտոնյաներն այցելում են շրջաններ, հանդիպում ձեռնարկատերերին, բնակչությանը, պատմում, թե որքան շահավետ կլինի հանրապետության ինտեգրումը Եվրասիական միությանը, գրում է Deutsche Welle-ը:

Պորտալը բերում է ղրղզստանցի փորձագետների կարծիքը: Այդպես, Ժումկադիր Ակենեևը վստահ է, որ դա միակ ճիշտ ուղին է: «Մենք անդամակցում ենք ՄՄ-ին սահմանները բացելու համար, որպեսզի զարգանա արտադրությունը, ապրանքներն ազատ արտահանվեն Ղազախստան կամ Ռուսաստան»,- հայտարարել է Ակենեևը: Փորձագետը նշում է, որ եթե մինչև վերջերս Կենտրոնական Ասիայի խոշորագույն «Դորդոյ» իրերի շուկայի աշխատակիցները դեմ էին ՄՄ-ին, ապա այժմ արդեն այդպես չեն մտածում, քանի որ Ղազախստանը զգալիորեն խստացրել է սահմանային հսկողությունը և էժան չինական ապրանքների վերաարտահանումն այնտեղ արդեն հնարավոր չէ:

«Մաքսային միությունը, իհարկե, կվերացնի վերաարտահանումը, բայց հիմա առևտուրը «Դորդոյում» կանգնած է, քանի որ Ղազախստանը փակել է սահմանը: Անդամակցելով ՄՄ-ին՝ մեր շուկաները երկրորդ շնչառություն կստանան: Մեր կարող բանվորները սովորել են լավ կարել, ուստի հիմնականում կվաճառվի տեղի արտադրանքը»:

Փորձագետը խոստովանում է, որ ՄՄ-ին անդամակցելու դեպքում որոշ ապրանքների գները կբարձրանան: Ըստ գնահատականների, որոնք համընկնում են կառավարության հաշվարկների հետ, մոտ 15-20 տոկոսով: Հատկապես կթանկանան ներմուծխվող ապրանքները հեռավոր արտերկրից, քանի որ մաքսատուրքերը զգալիորեն կաճեն:

Սակայն, ըստ տնտեսագետի, ՄՄ-ին չանդամակցելը կարող է ավելի լուրջ հետևանքներ ունենալ Ղրղզստանի համար: «Վառելիքը կարող է թանկանալ 30-40 տոկոսով, ինչը ինքնաբերաբար կնպաստի ընդհանուր գնաճին: Բացի այդ, դա մեծ հարված կլինի աշխատանքային միգրանտներին»,-գտնում է Ակենեևը:

Իր հերթին բիզնես վերլուծաբան Իսկենդեր Շարշեևը վստահ է, որ ՄՄ-ն վերածվել է աշխարհաքաղաքական պայքարի համար զենքի: Եվ վառելիքի առաքումների հետ կապված հնարավոր թանկացումները, և «Դորդոյի» ապրանքների հետ կապված իրավիճակը նա համարում է ուղիղ ճնշում Ռուսաստանի ու Ղազախստանի կողմից: «Սա բացահայտ շանտաժ է: Փաստորեն մեր թթվածինը փակում են ու ասում. եթե ուզում եք շնչել, անդամակցեք Մաքսային միությանը».-պարզաբանել է Շարշեևը:

Նա վստահ է, որ Ղրղզստանը անդամակցում է ՄՄ-ին կամավոր-պարտադրական սկզբունքով: Փորձագետը չի կիսում իշխանությունների լավատեսությունը ղրղզական ապրանքների արտահանման հարցում ՄՄ մյուս երկրներ: «Հարևան շուկաներ կկարողանան մուտք գործել միայն խոշոր խաղացողները: Ապրանքը համապատասխանեցնելու համար ՄՄ տեխնիկական կանոններին բավականին մեծ կապիտալ կպահանջվի, իսկ մեր փոքր ու միջին բիզնեսը նման փողեր չունի»,-զգուշացնում է Շարշեևը:

Մինչդեռ Մոսկվան օգնություն է խոստանում ղրղզա-ռուսական ստեղծվող հիմնադրամի շրջանակում՝ հարմարեցնելու համար ղրղզական տնտեսությունը ՄՄ պայմաններին: Նախատեսվում է, որ այս հիմնադրամում մոտ 1 մլրդ դոլար կկուտակվի: Եվս 200 մլն դոլար Ռուսաստանը կարող է հատկացնել անհատույց: ՄՄ-ին անդամակցությունն արագացնում են նաև գլոբալ իրադարձությունները: Օրինակ, Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի եվրաինտեգրումը: «Ռուսաստանը չի ուզում այստեղ էլ կորցնել ազդեցությունը, ուստի աշխատում է որքան հնարավոր է արագ ավարտին հասցնել Ղրղզստանի ՄՄ-ին անդամակցելու գործը, որպեսզի Մոսկվան ստիպված չլինի գործել բոլոր ճակատներում միաժամանակ և կարողանա կենտրոնանալ մյուս ուղղությունների վրա»,-ասել է Շարշեևը:

Photo: Novostnik
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---