ԱՊՀ երկրների քաղաքացիների մուտքը ՌԴ 2015-ի հունվարի 1-ից՝ միայն արտասահմանյան անձնագրերով

ԱՊՀ երկրների քաղաքացիների մուտքը ՌԴ 2015-ի հունվարի 1-ից՝ միայն արտասահմանյան անձնագրերով

PanARMENIAN.Net - 2015-ի հունվարի 1-ից ԱՊՀ երկրների քաղաքացիների մուտքն ու ելքը ՌԴ կլինի միայն արտասահմանյան անձնագրերով, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Բացառություն կարվի միայն Մաքսային միության (ՄՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների քաղաքացիների համար:

Այս սահմանափակումը մտցվում է «Ռուսաստանի սահմանի հատման միասնական կարգ ունենալու, ինչպես նաև միգրացիոն գործընթացների վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով», պարզաբանում է գերատեսչությունը:

Ընդ որում մուտքն ու ելքը Ռուսաստանի այն պետությունների քաղաքացիների համար, որոնց հետ 2000 թ. նոյեմբերի 30-ին միջկառավարական համաձայնագիր է կնքվել առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին, նախկինի պես մուտքի արտոնագիր չի պահանջվի և «կպահպանվի ազատական ռեժիմը», ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է «Ռուսկայա պլանետան»:

Հունիսի 23-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր ստորագրեց, որի համաձայն Ռուսաստան մուտք գործելու համար Տաջիկստանի բնակիչներից 2015 թ. հունվարի 1-ից կպահանջվեն արտասահմանյան անձնագրեր:

Ռուսաստանի կառավարությանը հանձնարարել են բանակցել ԱՊՀ անդամ այն պետությունների ղեկավարների հետ, որոնք չեն անդամակցում ՄՄ-ին, ապահովելու համար մուտքն արտասահմանյան անձնագրերով: Այսպիսով, Ռուսաստանի կառավարությունը բանակցություններ կվարի Ադրբեջանի, Հայաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Թուրքմենստանի ու Ուզբեկստանի հետ:

Եվրասիական տնտեսական միության ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասսկին ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին փաստաթուղթը պատրաստ կլինի ընթացիկ ամսվա վերջում:

Վիկտոր Սպասսկին հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազաստանի նախագահները պետք է որոշեն ստորագրման վայրն ու օրը:

«Հիմա տպագրվում են այն փաստաղթերը, որ պետք է ստորագրվեն: Նախագահները պետք է համաձայնեցնեն օրակարգը և ժամանակ գտնեն ստորագրման համար»,-ասել է Սպասսկին:

Ավելի վաղ որոշ փորձագետներ ու քաղաքական գործիչներ կարծիք էին հայտնել, որ Հայաստանի հետ փաստաթղթի ստորագրման ժամկետները հետաձգվում են:

Հունիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չկարողացավ հստակ ասել, թե արդյոք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի մինչև հուլիսի 1-ը: Նա նշել է, որ բանակցությունները դեռ ավարտված չեն: Նախարարը գերադասել է չբարձրաձայնել այն տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով անդամակցության հարցը հետաձգվում է:

Մինչ այդ, մեկնաբանելով լրագրողների այն հարցը, թե կոնկրետ երբ կստորագրվի համապատասխան փաստաթուղթը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նույնպես խուսափել էր կոնկրետությունից՝ սահմանափակվելով միայն այն փաստի գրանցումով, որ ըստ ընդունված որոշման պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման համար մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը:

Մայիսի 29-ին Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիր: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: ՌԴ նախագահի խոսքով` ընդհանուր կառուցողական տրամադրվածության, մասնակից երկրների` փոխզիջումների գնալու պատրաստակամության շնորհիվ հաջողվել է բազում դժվարություններ հաղթահարել և ժամանակին հասնել փաստաթղթի ստորագրմանը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մինչև հուլիսի 1-ը դիտարկել Հայաստանի` ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: «Եթե հունիս ամսվա ընթացքում բոլոր առևտրային հարցերը լուծվեն»,- ասել է Նազարբաևը:

«Համաձայն եմ առաջարկի հետ»,- արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարի միության անդամներին ներկայացվող պահանջները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---