Բասկերի Երկրի և Արցախի միջև կարող են կայուն կապեր հաստատվել

Բասկերի Երկրի և Արցախի միջև կարող են կայուն կապեր հաստատվել

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարտզա Ազուրտզային՝ Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենզո Օչոայի ուղեկցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը:

Էդվարդ Նալբանդյանը ողջունեց իսպանացի սենատորի այցն Արցախ՝ նշելով, որ նման այցելությունները հնարավորություն են տալիս առաջին ձեռքից ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և տեղում առկա իրավիճակին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` սենատոր Ազուրտզան ընդգծեց, որ իր համար շատ կարևոր էր այցելել Հայաստան և Արցախ ու վստահեցրեց, որ շարունակելու է իր գործունեությունն` ուղղված հայ-իսպանական փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան և Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Ավելի վաղ Իսպանիայի Սենատի անդամ Ուրկո Այարցային ընդունել էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Հանդիպմանն արծարծվել են Արցախի և Եվրոպայի փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել Բասկերի Երկրի և Արցախի միջև կայուն կապերի հաստատման խնդիրներին:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք:

Անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր այցելել Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչը, ասված է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տարածած հաղորդագրությունում: Եվրախորհրդարանի փոխնախագահին հունիսի 21-ին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Արցախ այցի հետ կապված` լրագրողներին հետաքրքրում էր նաև ադրբեջանական «սև ցուցակում» հայտնվելու` եվրոպացի բարձրաստիճան պաշտոնիայի կարծիքը, որին ի պատասխան Պրոտասևիչը նշեց, որ դրան հանգիստ է վերաբերում: «Ես արդեն 30 տարի է` քաղաքականության մեջ եմ և աշխատել եմ տարբեր վարչակարգերի ժամանակ, երբ ինձ կարող էին նույնիսկ բանտ նստեցնել: Բայց ես ունեմ իմ սկզբունքներն, որոնցով առաջնորդվում եմ, և այդ առումով ինձ ոչինչ չի անհանգստացնում»,-ասաց Եվրախորհրդարանի փոխնախագահը:

Լրագրողների հետ խոսելով նախագահ Սահակայի հետ հանդիպման ընթացքում քննարկած հարցերի շրջանակի մասին` Պրոտասևիչը նշել է, որ հիմնականում քննարկվել է մադրիդյան սկզբունքնեըի վերաբերյալ Արցախի մոտեցումը, մասնավորապես եվրոպական կողմին հետաքրքրում էր, թե ինչ ձևով կարող են այդ սկզբունքները վերջնական խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Լրագրողների այն պնդմանը, որ Արցախում ապրող ժողովրդի համար անընդունելի են մադրիդյան սկզբունքները, Պրոտասևիչը նշեց, որ դրանք, այնուամենայնիվ, հնարավորություն են տալու ժողովրդին իրենց կարծիքը ու կամքն արտահայտելու, ինչն ամենակարևորն է: «Թող ժողովուրդը խոսի, արտահայտի իր կարծիքն, որից հետո մենք կանենք համապատասխան հետևություններ»,-ասաց Եվրախորհրդարանի փոխնախագահը` հավելելով, որ դա են պահանջում ժողովրդավարության սկզբունքներն, որովհետև առկա հիմնախնդիրների վերջնական կարգավորման համար առաջարկվող լուծումները պիտք է առաջին հերթին ընդունի ժողովուրդը:

Յացեկ Պրոտասևիչը նշեց նաև, որ Եվրախորհրդարանի համար շատ կարևոր է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը, քանի որ այդ պատճառով, օրինակ եվրոնեստի աշխատանքները չեն կարողանում իրականացնել լիարժեքորեն: Այն հարցին, թե արդյոք Եվրոպան կարող է ազդել Ադրբեջանի վրա այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը պարբերաբար մեծացնում է լարվածությունը առաջնագծում, Եվրախորհրդարանի փոխնախագահը նշեց, որ իրենք հիմնակում ունեն տնտեսական լծակներ, բայց այնուամենայնիվ արևելյան գործընկերության շրջանակներում արվում է հնարավորն, որպեսզի ընդունելի լուծումներ գտնվեն:

Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---