20  01.07.14 - Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույց

Էլէներգիան օգոստոսի 1-ից կթանկանա․ Նախագահն առաջարկել է անապահով ընտանիքներին զեղչեր անել

Էլէներգիան օգոստոսի 1-ից կթանկանա․ Նախագահն առաջարկել է անապահով ընտանիքներին զեղչեր անել

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորորղ հանձնաժողովում հուլիսի 1-ին կայացել է էլէներգիայի սակագնի բարձրացման հարցով նիստը, որի արդյունքում էլէներգիան օգոստոսի 1-ից 3,85 դրամով, կամ մոտ 10 տոկոսով թանկացնելու որոշում է ընդունվել:

Արդեն երեկոյան Հանրապետության նախագահը վարչապետին առաջարկել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար մեղմելուեղանակներ գտնել: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներին մշակել մոտ 105․000 սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Հուլիսի 3-ին այն պետք է ներկայացվիկառավարության քննարկմանը, տեղեկացնում են գործադիրի մամուլի ծառայությունից:

Նիստին մասնակցել են ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ՕԵԿ խմբակցությունների և սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստին զուգահեռ դրսում հավաքվել էր որոշման դեմ բողոքող մոտ 200 քաղաքացի, ում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առաջարկել է պատվիրակություն կազմել` խոստանալով միջնորդել, որ մասնակցեն նիստին:

Քաղաքացիները պահանջում էին հետաձգել նիստն ու հանրային բաց քննարկում կազմակերպել: Ակցիայի մասնակիցներին է մոտեցել Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը` նշելով, որ նիստը չի հետաձգվելու. ներկա են թե ԱԺ պատգամավորներ, թե սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ների ներկայացուցիչներ, թե համակարգի մասնագետներ, թե ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ու դահլիճում «ֆիզիկապես տեղ չկա, որ ինչ-որ մեկը բարձրանա, դահլիճի հնարավորություններն այդքանն են»:

Օսիպյանը նշել է` ցանկություն չունեն լարվածություն ստեղծել ու բախվել քաղաքացիների հետ, դրա համար առաջարկեց պատվիրակություն ձևավորել՝ դիմելով շենքի դիմաց ակցիային ներկա ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանին:

«Դուք պարտավոր եք ամեն ինչ այնպես անել, որ օրենքը պահպանվի: Այստեղ խաղաղ ցույց է անցնում, որի իրավունքը քաղաքացիներն ունեն: Ոստիկանության պարտականությունն է պահպանել քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Սա ցույց չի, որը կազմակերպել է այն քաղաքական ուժը, որը ես ներկայացնում եմ, ու չպիտի միջամտեմ քաղնախաձեռնության ցույցին։ Ոչ ոք ապօրինի բան չի անում, ոստիկանությունը չպիտի խոչընդոտի»,-ասել է Զուրաբյանը` դիմելով Վալերի Օսիպյանին:

Իսկ վերջինս էլ հակադարձել է, թե «ակցիան ապօրինի է, որի մասին լիազոր մարմինը տեղյակ չի պահվել»։

Ի դեպ, ակցիան բավական անկազմակերպ էր. մասնակցիներից բավական ժամանակ էր պահանջվում որևէ հարցի շուրջ փոխհամաձայնության գալու համար: Ի վերջո քաղաքացիները համաձայնեցին 10-հոգանոց պատվիրակություն կազմել ու ներս մտնել, մասնակցել նիստին։

Ի պատասխան երկրորդ անգամ ցուցարարներին ընդառաջ եկած ՀԾԿՀ աշխատակազմի ղեկավարն ասաց, թե, Ռոբերտ Նազարյանի թույլտվությամբ ընդառաջելով, կարող են ներս հրավիրել 2 քաղաքացու: Ակցիայի մասնակիցները, չհամաձայնելով առաջարկին, փորձեցին խոչընդոտել Սարյան փողոցում երթևեկությունը` նստելով փողոցի մեջտեղում: Ոստիկանները պահանջել են բացել ճանապարհն ու փորձել դուրս բերել նրանց փողոցից։ Իրավապահներին են միացել նաև կարմիր բերետավորները։ Շղթա կազմած ոստիկանները փողոցի մեջտեղում նստածների մի մասին դուրս են բերել մայթ, չնեթարկվողներին` տեղափոխել գրկած: Ի վերջո 2 քաղաքացի ներս են մտել` նիստին մասնակցելու:

Զուգահեռ ՀԿԾՀ նիստում, որի աշխատանքներն ընթանում էին դրսում հավաքված ակտիվիստների «Ամոթ, ամոթ» գոչյունների տակ, հայտարարվել է, որ էներգետիկ համակարգում ճեղքվածքը կազմել է շուրջ 18 մլրդ դրամ, ինչն էլ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման անհրաժեշտություն է առաջացրել:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվել է` որն էր խնդիրը սակագնի այսքան հրատապ թանկացման համար:

«Այսօր արդեն ՀԷՑ-ում խնդիրներ են առաջանում, ուշացումներ են լինում կայաններին վճարելու հարցում, այնպես որ անհրաժեշտ են թանկացումները»,- արձագանքել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հիմնավորումները ներկայացրած հանձնաժողովի անդամ հիմնական զեկուցող Գարեգին Բաղրամյանը:

Մանուկյանն էլ շարունակել է` Հայաստանը Վրաստանից հոսանք է գնում այն դեպքում, երբ միշտ վաճառել է. «Երբևէ սրա մասին ինչ-որ տեղ խոսվե՞լ է: Մասնագետները զարմանում են` ինչպես ենք մենք Վրաստանից հոսանք առնում: Բոլորս գիտենք, որ արտահանում ենք, բայց ստացվում է` ներմուծում ենք: Էս ի՞նչ սենսացիա է, ինչո՞ւ եք թաքցնում»,- հետաքրքրվել է ընդդիմադիր պատգամավորը:

Բաղրամյանը փորձել է հավաստիացնել, թե ոչ մի սենսացիա էլ չկա, զուտ տնտեսական նկատառումներից ելնելով Վրաստանից ներկրվում է էլեկտրաէներգիա, որը տրանզիտային ցանցերով տեղափոխվում է հարևան Իրան: Իսկ Մանուկյանի հարցադրումը` Լոռին, Սյունիքը դրանից չեն օգտվում, մնացել է առկախված: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր չէր խուսափել թանկացումից, հայտարարել է. «Հնարավոր չէր»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, դիմելով հանձնաժողովին, հորդորել է չքվեարկել, հետաձգել հարցն ավելի մանրամասն, ավելի լուրջ ուսումնասիրելու համար: Նա նշել է, որ այս թանկացումը շատ խնդիրներ է առաջ քաշելու, ինչպես որ առաջ է քաշել գազի սակագնի թանկացումը, գրել է Panorama.am-ը:

«37% աղքատության պարագայում սա անթույլատրելի է»,- հայտարարել է նա` ընդգծելով, որ թանկացումը շղթայական է լինելու:

ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն էլ, միանալով գործընկերոջ հորդորին, ավելացրել է, որ առաջարկում են հետաձգել ու կազմակերպել քննարկում իրենց կողմից ներկայացված նախագծի շուրջ, որն առաջարկում է սակագնի վերանայման իրենց տարբերակը: Առաջարկին միացել է նաև ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` շեշտելով, որ կոմպլեքս անալիզ հանձնաժողովի նիստում այդպես էլ չի ներկայացվել:

«Իհարկե պետությունը կարող է կոճակը սեղմի և կայացնի որոշումը, բայց հետևանքները լավ չեն լինի: Առաջարկում եմ այս պահին կանգ անենք»,- նշել է նա:

Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հետաքրքրվել է հանձնաժողովի անդամներից մեկից` մեկ ամիս հետաձգումը ինչ վնաս է բերում համակարգին: Պատասխանը` 1.5 մլրդ: Նազարյանն այլ բան չի ավելացրել:

«Այստեղ միտք հնչեց, որ հանրությունը, երբ ինչ-որ բանի դեմ է, ապա պետք է կանգնեցնել ու չքվեարկել: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է լավագույնս կատարի իր գործը: Մենք վաղուց ու մանրամասն ուսումնասիրում ենք այս երևույթները` ցանկացած սակագնի վերանայում պետք է լրջագույնս հիմնավորում ունենա: Ես ձեզ բոլորիդ կարող եմ ասել` եթե կգտնեք մի ռեզերվային աղբյուր, որը կարող է սակագնի փոփոխության չբերել, մենք ժամանակ ունենք մինչև օգոստոս և պատրաստ ենք դա քննարկել: Իհարկե աղքատություն կա և սա սոցիալական բեռ է իր հետ առաջացնում, սրանք լուրջ հետևանքներ են, բայց այդ հարցերը պետք է ուղղել պատկան մարմիններին»,- նիստի եզրափակիչ ելույթում հայտարարել է Նազարյանը:

Նա զգուշացրել է, որ «եթե մենք հիմա ճիշտ ազդակ չհաղորդենք այդ համակարգին, ապա համակարգի կայունությունը կարող է խարխլվել և մենք ավելի շատ կտուժենք, քան սոցիալական բեռն է իրենից ենթադրում»:

«Մեծ սիրով ես ընդհանրապես այս նիստը չէի հրավիրի, բայց տա Աստված յուրաքանչյուր օղակ կատարի իր գործը. ես ավելին չեմ կարող ասել, անել: Ցույց տվեք այդ ռեզերվները.... համենայնդեպս, մենք դրանք չենք տեսնում համակարգի ներսում»,- հավելել է Նազարյանը, հարցը դրել քվեարկության և հայտարարել, որ որոշումն ընդունվել է:

«Համարձակ տղերք եք....»,- դահլիճը լքելով ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նիստից հետո Մանուկյանը հայտարարել է, որ բոլորը՝ պատգամավորները, հանրային սեկտորի ներկայացուցիչները ու մյուս ներկաները, բացի ՀԿԾՀ անդամներից, հիմնավորումներ են ներկայացրել` ինչու պետք է չթանկանա ու քննարկվի: Ի պատասխան ՀԿԾՀ անդամները ոչինչ չեն ասել, լոռ լսել են ու կողմ քվեարկել: Մանուկյանը նշել է, որ խորհրդարանական ոչ իշխանական քառյակի հետ կքննարկեն հարցն ու կներկայացնեն իրենց մոտեցումները։

Քաղաքացիները վանկարկում էին «Դավաճան Նազարյան»․ նրանք պայմանավորվել են վաղը` հուլիսի 2-ին, հավաքվել Մաշտոցի պուրակում՝ քննարկման։

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հունիսի 10-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման գնում են ստիպված։ ՀԾԿՀ-ն, հիմք ընդունելով ոլորտում կատարված ուսումնասիրությունները, հայտարարել էր, որ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է մոտ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---