ԵՄ-ն նոր պատժամիջոցներ ՌԴ դեմ չի կիրառի. Իրավիճակը գնահատելու համար Եվրոպային ժամանակ է պետք

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ ՌԴ դեմ չի կիրառի. Իրավիճակը գնահատելու համար Եվրոպային ժամանակ է պետք

PanARMENIAN.Net - Եվրամիությունը որոշել է մեկ շաբաթով հետաձգել նոր պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի դեմ Ուկրաինայում իրավիճակի կապակցութամբ, հայտնում է «Ինտերֆաքսը» ԵՄ ԱԳ ծառայության վրա հղումով: Մասնավորապես, ԵՄ-ում հայտարարել են, որ նման բարդ իրավիճակի գնահատման համար լրացուցիչ ժամանակ է պետք, քանի որ վիճակը բարդանում է Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունների վերսկսման հետ:

Ինչպես հայտնում է «Քաղաքական կրթություն» հանդեսը, ԵՄ երկրները որոշել են լրացուցիչ պատժամիջոցներ չսահմանել Ռուսաստանի դեմ, չնայած որ վերջնագրի ժամկետը սպառվել է՝ հղում անելով «դրական փոփոխություններին»: «Մենք խնդրեցինք ազատել պատանդներին, և ոմանք ազատվեցին: Նոր բանակցություններ են ընթանում Ուկրաինայի ու ՌԴ առաջնորդների միջև Ֆրանսիայի ու Գերմանիայի մասնակցությամբ, այնպես որ մենք կցանկանայինք հաջորդ քայլերը տեսնել այդ ուղղությամբ»,-ասել է ԵՄ դիվանագետներից մեկը:

Մեկ այլ եվրոպացի դիվանագետ նշել է. «Մեզ համար դեռ պարզ չէ, արդյոք իրավիճակն անընդունելի է թե ընդունելի է: Այն չափազանց անկայուն է այս փուլում որոշում կայացնելու համար»:

ԵՄ երրորդ աղբյուրն ասաց. «Կա որոշակի դրական շարժ ՌԴ և Ուկրաինայի սահմանին հսկիչ անցակետերի հարցում: Բայց ԶԼՄ-ներում բոլոր իրադարձությունները չէ, որ արտացոլվում են»:

ԵՄ առաջնորդներն անցած ուրբաթ հայտարարեցին, որ եթե ռուսամետ ապստամբները չազատեն բոլոր պատանդներին, չհանձնեն երեք սահմանապահ կետ, չարտոնեն արտասահմանցի դիտորդների մուտքը, և խաղաղ բանակցություններ չսկսեն մինչև «հունիսի 30-ը», Ռուսաստանի դեմ «հետագա քայլեր» կկիրառվեն:

Սակայն, ապստամբները նախկինի պես 100 պատանդ են պահում, իսկ հակամարտության գոտում դիտորդներ չկան: Երբ Ուկրաինան երկուշաբթի հայտարարեց, որ չի շարունակելու հրադադարը, քանի որ ապստամբները շարունակում են գրոհել զորքերը, Ռուսաստանն ինքը հայտարարեց, որ «հեռախոսով» բանակցությունները ձախողվեցին:

Հուլիսի լույս 1-ի գիշերը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարեց հրադադարի կասեցման մասին, քանի որ ահաբեկիչները չեն կատարում խաղաղ պլանի պայմանները: Հրաման է արձակվել գրոհել ու ոչնչացնել գրոհայիններին: Պորոշենկոն, որը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինայի արևելքում բռնությունը բորբոքելու մեջ, մերժել է Մոսկվայի առաջարկը և մեղադրել է ապստամբներին նրանում, որ վերջիններս չեն կատարել հրադադարի պայմաններն ու չեն հետևել խաղաղության ծրագրին:

«Մենք գրոհելու ենք ու ազատագրելու ենք մեր հողերը: Հրադադարի ռեժիմը չշարունակելու որոշումը մեր պատասխանն է ահաբեկիչներին, գրոհայիններին»,-ասել է նա հեռուստաելույթում:

Բացելով Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստը՝ խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարեց, որ «հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը վերսկսվել է երեքշաբթի առավոտյան»: «Ես այսօր շփվել եմ պաշտպանության նախարարի ու ներքին գործերի նախարարի հետ: Առավոտից վերսկսվել է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը: Մեր զինված ուժերը հարվածներ են հասցնում ահաբեկիչների հենակետերին ու բազաներին»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---