ՀՀ ՊՆ․ Իրավիճակն առաջնագծում լարված է, բայց լայնամասշտաբ պատերազմի հենք այսօր չկա

ՀՀ ՊՆ․ Իրավիճակն առաջնագծում լարված է, բայց լայնամասշտաբ պատերազմի հենք այսօր չկա

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանական խմակցությունների ղեկավարներին, ում ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը։ Հանդիպումն անցել է դռնփակ։ Դրանից հետո նախարար Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ խորհրդարարան է եկել օրենսդիրներին առաջին դեմքից տեղեկացնելու՝ ինչ է տեղի ունենում։

«Իրավիճակն առաջնագծում լարված է, մեր հարևանները, անկասկած, ցանկացած պահի կարող են սադրանքներ կազմակերպել, որոնք կարող են վերաճել պատերազմի, բայց վերջին օրերի միջադեպերի վերլուծությունները ցույց են տալիս՝ լայնամասշտաբ պատերազմի հենք այսօր չկա»,- ասել է նախարարը։

Հայկական բանակի յուրաքանչյուր զինծառայող «ունի ռազմական վարպետության այն աստիճանը, գիտելիքները, հմտություններն ու ունակություններ, որոնք փորձառու զինծառայողներից այդքան էլ քիչ չեն»՝ անդրադառնալով զինվորների պատրաստվածությանը, համոզմունք է հայտնել նախարար Օհանյանը։ Խոսելով դիրքեր մեկնած կամավորների մասին, նա նշել է, որ դա արվել է զինվորներին մարտակա ոգի հաղորդելու համար, իսկ այս պահի դրությամբ հայկական բանակն իր ուժերով, առանց համալրումների կարող է իրականացնել իր առջև դրված խնդիրն ու հուժկու պատասխան հարվածներ հասցնել հակառակորդին։

Օգոստոսի լույս 4-ի գիշերն ու առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարը։ Ըստ ՀՀ ՊՆ-ի, հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում ու ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 859 անգամ, որից 830-ը` ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11․495 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 29 անգամ, որից 12-ը` ղարաբաղյան հատվածում, հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3616 կրակոց:

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում դիվերսիայի 5-ից ավելի փորձ է ձեռնարկել, որոնցից յուրաքանչյուրում ստանալով հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները տվել են 2 զոհ և վիրավորներ, նույն օրը` Մարտունու ուղղությամբ, դիվերսիայի անհաջող փորձն ավարտվել է հակառակորդի 1 զոհով ու վիրավորներով, հուլիսի 31-ին` Գյուլիստանի ուղղությամբ գործող հայկական ուժերը շարքից հանել են 2 ադրբեջանցու, օգոստոսի լույս 2-ի գիշերը կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ և 7 վիրավոր: Ինքնուրույն փախուստի են դիմել 10-ից 3-ը։ Օգոստոսի լույս 2-ի գիշերն արդեն Մարտակերտի ուղղությամբ դիվերսիայի փորձ կատարող մոտ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ և 7 վիրավոր․ նույն օրը` Մարտունու ուղղությամբ կլանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է 3 ադրբեջանցի զինծառայող, 4-ին` վիրավորել։ Օգոստոսի 2-ին Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանը տվել է 1 զոհ և վիրավորներ ու հետ շպրտվել:

Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ: Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ ու 7 վիրավոր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---