ՌԴ-ն հումանիտար օգնությամբ շարասյուն է ուղարկում Ուկրաինա. Արևմուտքը դավադրություն է կասկածում

ՌԴ-ն հումանիտար օգնությամբ շարասյուն է ուղարկում Ուկրաինա. Արևմուտքը դավադրություն է կասկածում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարների ավտոշարասյունը Նարո Ֆոմինսկից ուղևորվել է դեպի Ռուսաստանի հարավ-արևմտյան սահմանը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Ավտոշարասյունն Արևելյան Ուկրաինայի բնակիչներին 2 հազար տոննա հումանիտար օգնություն կհասցնի, որը հավաքել են Մոսկվայի ու Մոսկովյան շրջանի բնակիչները»,-հայտնել են Մոսկովյան շրջանի վարչակազմում: Հումանիտար օգնությունը տեղափոխում են 280 «ԿամԱԶ»-ներ: Բեռների թվում կա սննդամթերք, այդ թվում 400 տ ձավարեղեն, 100 տ շաքար, 62 տ մանկական սնունդ, 54 տ բժշկական գույք և դեղորայք, 12 հազար քնապարկ, 69 տարբեր հզորության էլեկտրակայան:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հումանիտար օգնությունն Ուկրաինայի բնակիչներին կուղարկվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո: Սակայն, ինչպես հայտնել է BBC-ին, Կարմիր խաչը, որը պետք է համակարգի հումանիտար գործողությունը, հայտարարում է, որ իրեն հայտնի չէ բեռնատարների պարունակությունը և վերջնական հանգրվանը:

Ըստ Ժնևում Կարմիր խաչի ներկայացուցչի, այժմ խոսքը «ուղեկցության մասին է ՌԴ-ից»: Կազմակերպությունը լրացուցիչ տեղեկություններ է խնդրել՝ նշելով, որ քանի դեռ որոշ բաներ պարզաբանման կարիք ունեն, Կարմիր խաչը չի կարող մասնակցել հումանիտար օգնության տեղափոխմանը:

Ռուսաստանի ԱԻՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշևսկին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է, որ հումանիտար բեռի վերջնական հանգրվանը կորոշվի Կարմիր խաչի ներկայացուցիչների ու ուկրաինական կողմի հետ համատեղ:

Սակայն, աղբյուրն Ուկրաինայի կառավարությունում հայտնել է «Ռոյթերս» գործակալությանը, որ ՌԴ և Ուկրաինայի միջև երթուղու մասին համաձայնություն չկա:

Միջազգային հանրությունը կասկածամտությամբ է վերաբերվում այս նորությանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարել է, որ ցանկացած միջամտություն «հումանիտար օգնության» պատրվակով կարող է իրականացվել միայն Ուկրաինայի կառավարության հետ համաձայնեցմամբ ու Կիևի թույլտվությամբ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն իր հերթին ասել է, որ միանգամայն հավանական է համարում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինայի արևելք:

Ինչպես ասել է Ռասմուսենը «Ռոյթերս» գործակալությանը, դաշինքում չեն տեսնում, որ Մոսկվան հետ է քաշել զորքերն Ուկրաինայի հետ սահմանից: Ավելի վաղ դաշինքը բազմիցս է հայտարարել Ուկրաինային սահմանակից ՌԴ շրջաններում ռուսական զորքերի մեծ կուտակումների մասին:

Իր հերթին, Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը գտնում է, որ ռուսական հումանիտար շարասյունը կարող է Մոսկվայի կողմից Ուկրաինայում իր մշտական ներկայությունը հաստատելու փորձ լինել:

«Մենք պետք է շատ զգույշ լինենք, քանի որ դա կարող է քողարկում լինել ռուսների համար՝ Լուգանսկի ու Դոնեցկի մերձակայքում տեղակայվելու ու մեզ կատարված փաստի առջև կանգնեցնելու համար»,-ասել է Ֆաբիուսը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ավելի վաղ Ուկրաինան և Արևմուտքի երկրների կառավարությունները դեմ էին հանդես եկել Ռուսաստանի մասնակցությանը նման գործողությանը՝ կասկածելով, որ դա կարող է քողարկում լինել՝ անջատողականներին ռազմական օգնություն ցուցաբերելու համար:

Հազարավոր մարդիկ Դոնեցկում և Լուգանսկում, որտեղ չեն դադարում հրետակոծությունները, զրկված են ջրից ու բուժօգնությունից, էլեկտրականությունից, հայտնում են Կարմիր խաչի ներկայացուցիչները:

Այստեղ արդեն մոտ 1 500 մարդ է զոհվել: Հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, շատերը փախել են Ռուսաստան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---