Երկքաղաքացիությունը թաքցնելու մասին ՌԴ օրենքը. Պատճառն ու իմաստը

Երկքաղաքացիությունը թաքցնելու մասին ՌԴ օրենքը. Պատճառն ու իմաստը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ից երկքաղաքացիություն ունեցող ռուսաստանցիները պետք է իրազեկեն այդ մասին ՌԴ ԴՄԾ աշխատակիցներին: Օտարերկրյա անձնագիրը թաքցնելու համար սպառնում է քրեական պատասխանատվություն՝ մինչև 200.000 ռուբլի տուգանք կամ 400 ժամ ուղղիչ աշխատանքներ:

Քաղաքացիները պետք է փաստաթղթերը ներկայացնեն մինչև հոկտեմբերի 4-ը: Դա կարելի է անձամբ անել ԴՄԾ բաժանմունքում կամ փոստով փաստաթղթերն ուղարկելով: Ժամանակին չներկայացնելու կամ թերի փաստաթղթերի համար նույնպես կարող է պատիժ սահմանվել: Օրենքը տարածվում է նաև այն մարդկանց վրա, որոնք ոչ միայն երկրորդ անձնագիր ունեն, այլ նաև բնակվելու իրավունք կամ մեկ այլ փաստաթուղթ, որը «հաստատում է մշտական բնակության իրավունքը օտարերկրյա պետությունում»:

Բացառություն է արվել Ղրիմի ու Սևաստոպոլի բնակիչների համար՝ երկքաղաքացիության մասին նրանք կարող են հաշվետու լինել 2016 թ. հունվարի 1-ից: Ազատվում են դիմում ներկայացնելուց Թուրքմենստանի ու Տաջիկստանի անձնագիր ունեցող ռուսաստանցիները, որոնց հետ Ռուսաստանը պայմանագիր ունի կնքած երկքաղաքացիության մասին: Կարող են չիրազեկել նաև մշտապես այլ երկրում բնակվող քաղաքացիները:

Օտարերկրյա քաղաքացիությունը թաքցնելու համար քրեական հետապնդում առաջարկեց սահմանել սենատոր Անդրեյ Կլիշասը դեռ մարտ ամսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: Կլիշասը բացատրեց դա նրանով, որ քաղաքացիություն ստանալու դեպքում շատ երկրներում պահանջվում է երդվել պաշտպանել նոր տան շահերն ու հրաժարվել «հավատարմությունից ցանկացած պետությանը»:

Պետդումայում ՌԴ նախաձեռնությունը բացատրում են արտաքին քաղաքական դրդապատճառներով, հայտնում է Lenta.ru-ն: ՌԴ Պետդումայի սահմանադրական կոմիտեի փոխնախագահ Ալեքսանդր Ագեևը դա այսպես մեկնաբանեց. «Երբեմն պետք է օրենքներ ընդունել, որոնք պետք է ուժի մեջ մտնեն շատ արագ: Այս նախաձեռնությունը չի սահմանափակում երկրորդ կամ երրորդ քաղաքացիություն ունենալու մարդկանց իրավունքը, այն լոկ պարտավորեցնում է քաղաքացիներին իրազեկել այդ մասին: Առաջին հերթին, այն պետք է տարածվի պաշտոնյաների, ուժայինների և պաշտոնատար այլ մարդկանց վրա, որոնք պետք է զրկվեն լրացուցիչ «փրկօղակներից»,-ասել է նա:-Մեր ուժայիններն ու քաղաքացիներն ամեն օր փոխվում են, երկիրը պետք է իմանա, թե ինչ կապեր ունի յուրաքանչյուրը արտասահմանյան երկրների հետ: Դա զուտ իրազեկում է, մենք չենք կարծում, որ դա ինչ-որ կերպ խախտում է մեր քաղաքացիների իրավունքները»:

Բազմաքաղաքացիության մասին ՌԴ օրենքը չի արգելում ռուսաստանցիներին մի քանի անձնագիր ունենալ, սակայն թույլ չի տալիս դա պետծառայողներին ու քաղաքական գործիչներին: Անցյալ տարի, օրինակ, Վիտալի Մալկինը ստիպված եղավ հեռանալ Դաշնության խորհրդից, երբ տեղեկություններ հայտնվեցին, որ նա Իսրայելի քաղաքացի է: Իսկ Վլադիմիր Կարա-Մուրզա-կրտսերին բրիտանական անձնագիրը խանգարեց մասնակցել Յարոսլավլի շրջանային դումայի ընտրություններին:

Ագեևը նշել է, որ քրեական պատասխանատվություն կկիրառվի ծայրահեղ դեպքերում: Օրինակ, եթե քաղաքացին վճարի վարչական տուգանքը երկքաղաքացիությունը թաքցնելու համար, բայց չհայտնի երրորդ անձնագրի մասին:

Մինչդեռ, ըստ Lenta.ru-ի, իրավապաշտպանները դժգոհում են նոր օրենքի ընդունման կապակցությամբ: Goltsblat BLP աշխատանքային իրավունքի ղեկավար, իրավաբան Նադեժդա Իլյուշինան նշել է, որ հատուկ պատճառներ չի տեսնում նման ստուգումների համար: Ըստ նրա, ԴՄԾ-ն ունի բազա, որտեղ ներառված են մի քանի քաղաքացիություն ունեցող քաղաքացիները: Ստացվում է, որ ռուսաստանցիներն ուղղակի ստիպված են լինելու վերահաստատել իշխանությունների մոտ արդեն իսկ առակա տեղեկությունները:

Նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի միգրացիոն քաղաքականության հանձնաժողովը քրեական պատիժը թաքցրած անձնագրի համար արդեն իսկ անվանել է «ծայրահեղ կոշտ և չհիմնավորված միջոց», իսկ փաստաթուղթը՝ ոչ պիտանի:

«Իշխանության մարմինները բարդ միջազգային իրավիճակում, հավանաբար, ցանկանում են իամանալ, թե ռուսաստանցիներից ով ունի այլ քաղաքացիություն և ում կամարտահայտումը կարող է պայմանավորված լինել այս կամ այն քաղաքացիությամբ: Բայց մարդիկ, որոնք որոշումներ են կայացնում, այնքան էլ շատ չեն: Եթե մեր մարմիններն ավելի հեռատես ու զգուշավոր լինեին, այդ օրենքը կտարածեին միայն այդ մարդկանց վրա: Կլրամշակեին քաղաքացիության որոնման կարգը աշխատանքի տեղավորվելիս պետական պաշտոններում: Մյուսների վրա օրենքը կարելի էր չտարածել»,-հայտարարել է Մարդու իրավունքների խորհրդի հանձնաժողովի ղեկավար Եվգենի Բոբրովը: Ըստ իրավապաշտպանի, սխալ է ընտրվել նաև օրենքի ընդունման պահը. տեղեկություններ տրամադրելու համար ընտրվել են արձակուրդային ամիսները: Ավելին, ՌԴ ԴՄԾ-ն «պատշաճ իրազեկման աշխատանք» չի տարել, շատերն ուղղակի չգիտեն նոր օրենքի մասին:

Բազմաքաղաքացիություն ունեցողները նաև չեն հասկանում, թե ինչու պետք է հայտնեն այդ մասին ԴՄԾ-ին: «Ոչինչ չեմ հասկանում: Արդեն 15 տարի է, ինչ Ռուսաստանը ֆիքսում է իմ երկքաղաքացիությունը: Ռուսական, արդեն երրորդ անձնագիրը, ստանում եմ Մոնրեալում ՌԴ հյուպատոսությունում, ամեն ինչ գրանցված է: Էլ ի՞նչ լրացուցիչ գրանցում է պետք: Երբ մեկնում եմ Պիտերից, սահմանապահին ցույց եմ տալիս Կանադայի անձնագիրս, եթե պահանջում են, իհարկե»,-զարմանում է օգտատեր montrealex-ը:

Ոմանց օրենքը դրդում է ծայրահեղ միջոցների: «Անձամբ ես պատրաստվում եմ հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից՝ Ֆրանսիայինը ստանալուց հետո: Ափսոս, երեխաների փոխարեն չես կարող հրաժարվել»,-գրել է օգտատեր loriot-ը: Ճշգրիտ տվյալներ մարդկանց քանակի մասին, ում վերաբերում է օրենքը, չկան: ՌԴ ԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին ընթացիկ տարվա մայիսին ասում էր, որ իր գերատեսչությունը տեղյակ է 74,5 հազար ռուսաստանցիների մասին, որոնք երկու կամ ավելի անձնագիր ունեն: Ղրիմի բնակիչները այդ դեպքում հաշվի չեն առնվել:

Ըստ փորձագետների, օրենքը վերաբերում է միլիոնավոր մարդկանց: Նախկին միութենական հանրապետություններում ծնվածներից շատերը ստացել են ՌԴ անձնագրեր ըստ բնակության վայրի: Նրանք չեն հրաժարվել քաղաքացիությունից, թեև տարիներով չեն էլ օգտվել: «Աշխարհի ոչ մի երկիր չի իրազեկում մարդկանց քաղաքացիությունը կասեցնելու մասին, և նրանք չգիտեն գործում է այդ քաղաքացիությունը, թե ոչ»,-ասել է Բոբրովը: Բայց, ինչպես հայտնի է չիմացությունը չի ազատում օրենքի կատարումից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---