Հայաստանը կդիմի Եվրադատարան Ադրբեջանում հայ գերու մահվան փաստով

Հայաստանը կդիմի Եվրադատարան Ադրբեջանում հայ գերու մահվան փաստով

PanARMENIAN.Net - ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի Կարեն Պետրոսյանի մահվան հարցով դիմում է պատրաստել՝ ներկայացնելու միջազգային համապատասխան մարմիններին: Ասուլիսում այս մասին ասաց հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը: Նրա կարծիքով, կդիմեն նաև Եվրադատարան:

Ըստ բանախոսի, այսօր բանակցություններ են ընթանում Կարեն Պետրոսյանի դին հայկական կողմին հանձնելու ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմը ձգձգում է, որպեսզի հնարավոր չլինի պարզել, թե ինչի հետևանքով է մահացել Կարենը, հայտնում է Panorama.am-ը:

Armenia Today-ը մասնավորապես հայտնում է, որ նման միջոցներով ադրբեջանական ղեկավարությունը փորձում է թույլ չտալ, որպեսզի իրողությունն ի հայտ գա ու հակասի Ադրբեջանի ՊՆ ավելի վաղ արված հայտարարությանը: Սա առաջին դեպքը չէ, երբ Բաքուն խուսափում է կառուցողական բանակցություններից, կամ չի պահպանում պայմանավորվածությունները: «Բազմիցս են մեր օպերատիվ խմբերը անիմաստ սպասելուց հետո վերադարձել, քանի որ ադրբեջանական կողմը չի ներկայացել պայմանավորված վայրը»,-ասել է Հակոբյանը:

Անդրադառնալով Կարմիր Խաչի աշխատանքին, Հակոբյանը նշել է, որ կազմակերպությունը չի կարող ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա: «Երբ Պետրոսյանի դին հանձնվի Հայաստանին, կանցկացվի դատաբժշկական փորձաքննություն մահվան իրական պատճառները պարզելու նպատակով»,-ասել է Զարինե Հակոբյանը:

Նա նշել է նաև, որ մինչ սահմանը հատելը Կարեն Պետրոսյանը առողջական խնդիրներ չի ունեցել, իսկ նրա մահը բարբարոսական վերաբերմունքի ու խոշտանգումների հետևանք է:

Ավելի վաղ Panorama.am- ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին ասել էր, որ օգոստոսի 7-ին գերի ընկած և հաջորդ օրը սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ բանակցությունները շարունակվում են, սակայն որևէ առաջընթաց չկա:

«Մենք կապի մեջ ենք և Հայաստանի, և Ադրբեջանի իշխանությունների հետ: Սակայն առաջընթացի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ կարող անել: Մեր պատվիրակություններն առաջարկել են անկախ միջնորդի դերը, բայց միայն կողմերի համաձայնության արդյունքում կարելի է շարունակել բանակցություններն ու առաջընթաց գրանցել: Այս պահին դա չկա»,- նշեց նա` հավելելով, որ կողմերը պետք է համաձայնեն, որպեսզի Կարմիր խաչը կարողանա շարունակել միջնորդի դերն արդեն մարմինների հայրենադարձման հարցում:

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանը, ով Թովուզի շրջանում ձերբակալվել էր, այսօր՝ օգոստոսի 8-ի առավոտյան, «հանկարծամահ է եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում է «սիրտ-անոթային անբավարարությունը»։

Ըստ ադրբեջանական Haqqin.az-ի՝ այժմ Պետրոսյանի դին բժշկական փորձաքննություն է անցնում Գանձակի դատաբժշկական կենտրոնում։ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն արդեն տեղեկացված է դեպքի վերաբերյալ։

Երեկոյան Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը երեկ հայկական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերեվարված ՀՀ քաղաքացու նկատմամբ կիրառված ակնհայտ անմարդկային վերաբերմունքով, Կարեն Պետրոսյանին նվաստացրել է, տանջանքների և կտտանքների ենթարկել` հասցնելով նրան մահվան. այս ամենի ապացույցն ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող տեսանյութերն ու լուսանկարներն են:

Ինչ վերաբերում է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին, ապա Զարինե Հակոբյանն ասել է, որ պայմանավորվածություն կա նրան երրորդ երկիր տեղափոխելու վերաբերյալ, սակայն դեռ ոչ մի երկիր համաձայնություն չի տվել:

2013 թ. օգոստոսի 8-ի գիշերը ծառայության ժամանակ ԼՂՀ ՊԲ շարքային, 1991թ. ծնված, Հակոբ Ինջիղուլյանը, ըստ նախնական տվյալների` չկողմնորոշվելով տեղանքում, հատել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել է ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում:

Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրեցին, որ Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել»:

«Դիմումն արդեն նախարարների կաբինետում է: Ինչքան գիտեմ, այդ դիմումը Ինջիղուլյանի մյուս փաստաթղթերի հետ միասին պետք է ուղարկվի ՄԱԿ-ի գլխավոր Գերագույն հանձնակատարի Բաքվի ներկայացուցչություն: Նրանք պետք է դիմեն եվրոպական կամ այլ պետությունների: Որ երկիրը նրան ընդունելու համաձայնություն տա, այնտեղ էլ նրան կուղարկեն: Մինչ այդ գերին կմնա Ադրբեջանում»,- ասել է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:

ՀՀ ՊՆ ղեկավարը նաև ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Հայաստան վերադառնալուց հետո Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ իրավական հետապնդում չի լինի:

«Պատկերացնում եմ, թե այնտեղ ինչ ճնշումների է նա ենթարկվում, և ինչ ճնշումների արդյունքում է ադրբեջանական հեռուստատեսությամբ ասել այդ քննադատական խոսքերը մեր բանակի մասին: Նրա ծնողներն էլ ասում են, որ երբեք ոչ մի դժգոհություն չեն լսել որդուց»,- ասել էր Սեյրան Օհանյանը:

Նշենք, որ նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած ոչ մի ՀՀ քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---