Էրդողանի առաջին նախագահական այցը կլինի Ադրբեջան, երկրորդը՝ Կիպրոսի գրավյալ տարածք

Էրդողանի առաջին նախագահական այցը կլինի Ադրբեջան, երկրորդը՝ Կիպրոսի գրավյալ տարածք

PanARMENIAN.Net - Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ պաշտոնում իր առաջին այցը կկատարի Ադրբեջան, հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ թուրքական Kanal A հեռուստաալիքի վրա հղումով:

Օգոստոսի 10-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձավ երկրի պատմության մեջ նախագահի առաջին ուղիղ ընտրությունների հաղթողը՝ հավաքելով 51,7 տոկոս:

Թուրքիայի Էկոնոմիկայի և տեխնոլոգիաների համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի դոցենտ Թորգուլ Իսմաիլը հայտարարել է, որ առաջին նախագահական այցն Ադրբեջան կատարելու Թուրքիայի արդեն նախագահի որոշումը ռազմավարական բնույթ է կրում, հայտնում է «Վեստնիկ Կավկազա»-ն:

«Դա վկայում է, որ Անկարան կարևորում է հարաբերություններն Ադրբեջանի հետ: Հիշեցնեմ, որ վարչապետ ընտրվելուց հետո ևս Էրդողանն առաջինն Ադրբեջան այցելեց: Գլխավորն այստեղ այն է, որ վերջին տարիներին Ադրբեջանն ու Թուրքիան հարաբերություններ են հաստատել բոլոր ոլորտներում՝ հզորացնելով դրանք ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական տեսակետից: Հատկանշական է, որ վերջին տարիներին երկու երկրների գործակցությունը զարգանում է նոր մակարդակով, ոչ միայն պետությունների ղեկավարների անձնական, այլ նաև կազմակերպությունների ու կառույցների միջև՝ կրթությունից սկսած մինչև համատեղ էներգետիկ նախագծեր»,-ասել է Իսմաիլը:

Նա նաև հիշեցրել է, որ աշխարհաքաղաքական առումով Ադրբեջանը Թուրքիայի համար դաշնակից է Հարավային Կովկասում: «Այժմ, Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում իրադարձությունների ֆոնի վրա Բաքվի ու Անկարայի շփումները ռազմավարական նշանակություն են ստանում: Բացի այդ, Ադրբեջանը կամուրջ է Թուրքիայի ու մյուս թրքական հանրապետությունների միջև, դա ևս որոշում է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների ռազմավարական բնույթը: Անխուսափելի է նաև եռակողմ համագործակցությունը Վրաստանի հետ, չէ որ Թուրքիան սահման չունի Ադրբեջանի հետ, բացառությամբ Նախիջևանի հատվածի: Արդյունքում, այսօր կարելի է ասել, որ Ադրբեջանի ու Թուրքիայի դաշինքը կառուցվում է ոչ թե զգացմունքային հենքի վրա, այլ ելնելով երկու երկրների ռազմավարական շահերից»,-ասել է քաղաքագետը:

Պորտալը հայտնել է նաև, որ Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն նշել է, որ Էրդողանը վարչապետի պաշտոնում ամրապնդել է ադրբեջանա-թուրքական հարաբերությունները՝ համամիտ լինելով Թորգուլ Իսմաիլի հետ, որ այս ընթացքում երկրները ռազմավարական դաշնակիցներ են դարձել:

Միրզազադեն նշել է, որ ավանդաբար առաջին պաշտոնական այցը պետության նորընտիր ղեկավարը կատարում է այն երկիր, որի հետ հարաբերություններն առաջնային են: «Այն, որ առաջին այցն Էրդողանը Բաքու է կատարելու, վկայում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը, ինչպես ասել է Հեյդար Ալիևը, «մեկ ազգ՝ երկու պետություն» են: Անկասկած, նրա այցից հետո մեր հարաբերությունները կամրապնդվեն, և աշխարհը կտեսնի ի դեմս այդ երկու պետությունների կայունության հենքը տարածաշրջանում: Հավելեմ, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարևորում են տարածաշրջանային համագործակցությունը, լավ հարաբերությունների զարգացումը ՌԴ հետ: Ռուսաստանն աշխարհի մեծ տերություններից մեկն է, որ ազդեցություն ունի բոլոր համաշխարհային գործընթացների վրա և երեք պետությունների՝ ՌԴ, Ադրբեջանի ու Թուրքիայի, փոխգործակցությունը կայունություն կհաղորդի տարածաշրջանին»,-հայտարարել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի եվրոպական հարցերի գծով նախարար Մեվլուդ Չավուշօղլուն, անդրադառնալով լարվածությանը ղարաբաղյան գոտում, հայտարարել էր, որ «Թուրքիան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, սակայն Ադրբեջանն իրավունք ունի վերադարձնելու գրավյալ տարածքները, ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ճանապարհով»: Նախարարը նաև հավաստիացրել էր, որ «Թուրքիան միշտ կսատարի Ադրբեջանին»: Ակնկալվում է նաև Էրդողանի այցը Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի կողմից օկուպացված տարածքներ:

«Աթիլա» գործողությունը (Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը հյուսիսային Կիպրոս) իրականացվեց 1974 թվականի հուլիսի լույս 21-ի գիշերը: Ներխուժումը տեղի ունեցավ Հունաստանում «սև գնդապետների» խունտայի կառավարման վերջին օրերին ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի թողտվությամբ, որոնք հանդես էին գալիս որպես Կիպրոսի հունական ու թուրքական համայնքների միջև լիազորությունների բաժանման մասին նախկինում կնքված համաձայնության երաշխավորներ:

Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այս տարածքը, որը զավթվել է Կիպրոսի Հանրապետությունից` 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։ Կղզու օկուպացված մասում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են քրիստոնեական հուշարձանները՝ Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ոչնչացնել բնիկ բնակչության գոյության հետքերը:

Կիպրոսի Հանրապետությունը պահպանում է կղզու ամբողջ տարածքի ինքնիշխանությունը, 2004 թվականից անդամակցում է Եվրամիությանը: ԵՄ-ն համարում է, որ կղզու հյուսիսային մասը ժամանակավորապես չի վերահսկվում օրինական կառավարության կողմից:

Կղզու միավորման մասին բանակցություններն ընթանում են թուրքական զորքերի ներխուժումից ի վեր, սակայն ապարադյուն: 2013-ի դեկտեմբերի վերջում Հունաստանի ԱԳՆ-ն, որին 2014-ի հունվարի 1-ին անցավ ԵՄ-ումնախագահությունը, հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանավեճ սկսելու իմաստ չի տեսնում, քանի դեռ Անկարան չի ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---